Սա պարզվել է ավելի ուշ: Այս գործարքների մանրամասներով ՀՀ Գլխավոր դատախազությունն արդեն զբաղվում է, եւ 108-ի հետ կապված գործ է հարուցվել: Դատախազությունից հայտնել են, որ այդ գործի հետ կապված հինգ հոգի կալանավորված են, երեքը՝ ձերբակալված, իսկ յոթն էլ գտնվում են հետախուզման մեջ: Ընդ որում, կալանավորվածներից մեկը Կադաստրի Դավթաշենի տարածքային բաժնի գանձման ենթաբաժնի պետ Ռ. Եղիազարյանն է: Այս 156 գործարքների հետ կապված պետական բյուջե չի մուտքագրվել մոտ 1,5 մլրդ դրամ: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում:
Վաճառվել է պետական նշանակության 156 հողակտոր: Կադաստրն այդ գործարքները գրանցել է: Բոլոր 156 գործարքների տերերը ներկայացրել են համապատասխան վճարումների անդորրագրերը: Սովորաբար նման վճարումները կատարվում են բանկերում: Բայց այս դեպքում պարզվել է, որ բանկերում այնքան չի վճարվել, որքան որ անդորրագրերում է նշված եղել: Կադաստրի պետական կոմիտեի (ԿՊԿ) նախագահ Մանուկ Վարդանյանը նշեց, որ դեպք է եղել, որ ներկայացվել է 5 մլն դրամի «չեկ», սակայն պարզվել է, որ իրականում վճարվել է ընդամենը 5000 դրամ: 5 մլն դրամի անդորրագիրը կեղծվել է: Դեպքեր են եղել, որ ընդհանրապես ոչ մի դրամ չի վճարվել, սակայն խոշոր գումարի անդորրագիր է ներկայացվել: Եվ զարմանալի է, որ կեղծողները ներկայացրել են միայն «Հայխնայբանկի» եւ «Առէքսիմբանկի» անդորրագրերը, իբր թե հենց այս բանկերում էլ արել են իրենց վճարումները: Այս գործարքները կատարվել են հիմնականում 2005թ. վերջին եւ 2006-ի առաջին ամիսներին, մոտ կես տարվա ընթացքում: Եթե կհիշեք, հենց այդ ժամանակ լուրեր տարածվեցին, թե բարձրանալու է հողերի կադաստրային արժեքը: 156 գործարքների դեպքում վճարումներն այդ սահմաններում պետք է կատարվեին: Այդ կես տարվա ընթացքում Կադաստրի բաժիններում կեղծ անդորրագրերի համար որեւէ կասկած չի առաջացել, որովհետեւ, Մ. Վարդանյանի հավաստմամբ, դրանք իրականից ոչնչով չեն տարբերվում: Բացի այդ, ասում են, որ Կադաստրը լիազորություն չունի ստուգելու այդ անդորրագրերի իսկությունը:
«Ավելի ճիշտ, մենք չունենք այն աղբյուրը, որ ճշտենք` այդ գումարը նստե՞լ է տվյալ հաշվեհամարին, թե՞ ոչ,- ասում է ԿՊԿ-ի գրանցման վարչության պետ Հակոբ Մարտիրոսյանը: -Պետական տուրքերի, վճարների առումով ճշտության, դրանց գանձումն ապահովելու պատասխանատվությունը կրում է այն անձը, ում տվել են վաճառելու, տուրք գանձելու լիազորությունները: Եթե քաղաքապետարանը կամ Պետգույքի կառավարման վարչությունը գույք է վաճառում, դրա պատասխանատվությունը մենք չենք կրում, որովհետեւ մենք չենք հող վաճառողը: Մենք ընդամենը գրանցում ենք»:
Պրն Մարտիրոսյանի ասելով՝ իրենք անդորրագրերի կեղծ լինելու մասին իմացել են մի քաղաքացու ահազանգից հետո միայն: Նրա կարծիքով` գործել է հանցագործների մի խումբ, որի անդամները ներկայացել են գույքը սեփականացնել ցանկացող քաղաքացուն, վերցրել են բանկում վճարելիք գումարը, նրան տվել են համապատասխան կեղծ անդորրագիրը: Հետաքրքիր է, այդ 156 գործարք կատարողներն ինչո՞ւ են համաձայնել, որ իրենց փոխարեն վճարումները կատարեն ինչ-որ մարդիկ: Այստեղ բազմաթիվ պատճառներ կարելի է թվարկել, սակայն ամենահավանական տարբերակը հավանաբար այն է, որ այդ միջնորդները նրանց խոստացել են, թե իրենք կարող են գործարքն ավելի քիչ գումարով «հաջողացնել»: Վերցրել են փողը ու նրանց խաբել: Այս խաբեությունը չէր բացահայտվի կամ ավելի ուշ կբացահայտվեր, եթե, փաստորեն, Կադաստր չզանգահարեր այդ քաղաքացին եւ չփորձեր ճշտել, թե իր գումարը տեղ հասե՞լ է, թե՞ ոչ: Ստուգել եւ տեսել են, որ գումարը չի փոխանցվել, ու այդպիսով ամեն ինչ բացահայտվել է:
Բոլոր 156 գործարքներն էլ տեղի են ունեցել Երեւանում, որոնց առյուծի բաժինն ընկել է Դավթաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներին: Գործարքի տերը կամ ավելի ճիշտ՝ վաճառողը եղել է Երեւանի քաղաքապետարանը: Երեւանում վաճառվել են պետական նշանակության հողեր, որոնք գտնվել են քաղաքապետարանի ենթակայության տակ: Այսինքն, այդ 1,5 մլրդ դրամը պետք է գնար քաղաքապետարանի արտաբյուջետային հաշվին, նույնն է թե` պետական բյուջե: Իսկ ինչպե՞ս է, որ քաղաքապետարանը մոտ կես տարի չի նկատել, որ այդքան գումար մուտք չի գործել իր բյուջե:
«Այո, քաղաքապետարանը եւ՛ ուղղակի վաճառքի ձեւով, եւ՛ աճուրդով վաճառում է հողեր,- ասում է քաղաքապետարանի Ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանը: -Վաճառելուց հետո մենք պայմանագիր ենք կնքում վարձակալողի հետ, որն արդեն ցանկանում է գնել այդ հողը: Դրանից հետո նա պետք է կատարի հողի կադաստրային արժեքի վճարումը եւ գործարքը գրանցելու համար ներկայանա կադաստր: Սակայն 2005թ. նոյեմբերին Հողային օրենսգրքում փոփոխություն կատարվեց, որտեղ նշված է, որ բոլոր գործարքների դեպքում չէ, որ պայմանագրի կնքումը պարտադիր է: Իսկ այդ գործարքները կատարվել են օրենսդրական փոփոխությունից հետո: Եվ քանի որ քաղաքապետարանը գնորդի հետ պայմանագիր չի կնքել, չի էլ իմացել, որ իր ենթակայության տակ գտնվող հողերը վաճառվել են: Մենք այդ գործարքների մասին չենք իմացել, մեզ տեղյակ չեն պահել, դրա համար էլ մենք չենք զգացել, թե ինչո՞ւ այդքան գումար չի մտել մեր բյուջե: Քաղաքապետարանը դուրս է մնացել այդ գործարքներից»:
Նույն օրենսդրական փոփոխություններով գրանցված գործարքների մասին Կադաստրը պարտավոր չէ հաշվետվություն կամ տեղեկատվություն ներկայացնել քաղաքապետարանին: Այդ կառույցն իրեն տրված լիազորություններով հիմք է ընդունել վճարման անդորրագրերը եւ կատարել է սեփականության գրանցում: Ստացվում է, որ պետական այս երկու կառույցները՝ Երեւանի քաղաքապետարանն ու կադաստրը գործել են իրենց լիազորությունների շրջանակում, սակայն արդյունքում տուժել են 156 քաղաքացիներ, որոնք ինչ-որ մարդկանց վճարումներ են կատարել, որը պետբյուջե չի գնացել: Եթե հանցագործները չբացահայտվեն, եւ գումարը չբռնագրավվի, ապա քաղաքացինները պետք է նորից վճարեն, որպեսզի ունենան սեփականության իրավունք: Տուժել է նաեւ քաղաքապետարանը, որը պետք է տնօրիներ այդ գումարները: Շահել են մի խումբ հանցագործներ:
Այս դեպքում, բացի այդ հանցագործ խմբից, դժվար է ասել` ունե՞ն արդյոք իրենց մեղքի բաժինը մասնակից մյուս երեք կողմերը: Կողմերից մեկը՝ հողը սեփականացնող քաղաքացին, որը գործարքի մեջ է մտել ինչ-որ մարդկանց հետ եւ գումարն անձամբ չէ բանկ վճարել: Երկրորդ կողմը՝ կադաստրը, որն անդորրագրերն ընդունել է, սակայն իբրեւ թե չի ստուգել դրանց իսկությունը, եւ վերջապես երրորդ կողմը՝ քաղաքապետարանը, որն իբր չի իմացել, որ իր հողերը վաճառվել են առանց իր գիտության: Երեւույթի իրավաբանական որակումը հավանաբար դատախազությունը կտա: Սակայն մի փոքր դժվար է հավատալ այն մտքին, թե մի խումբ մարդիկ ինքնուրույն կարողացել են պետական բյուջեից այդքան մեծ գումարներ շորթել: Որտեղի՞ց են նրանք իմացել, որ այդ քաղաքացիները ցանկանում են սեփականություն ունենալ, կամ նրանք ի՞նչ գիտեին, որ պետական սեփականություն հանդիսացող տվյալ հողակտորը ենթակա է վաճառքի: Կարծում ենք, որ նրանք ուղղակի կապեր են ունեցել քաղաքապետարանի եւ կադաստրի որոշ աշխատակիցների հետ: Միգուցե մեր օրենսդիրնե՞րն են «մեղավոր», որոնք Կադաստրին իրավունք են տվել միայն անդորրագրով սեփականություն գրանցել, սակայն այդ մասին քաղաքապետարանին տեղյակ պահելու ոչ մի ելք չեն առաջարկել: Չշտապենք ու սպասենք դատախազության եզրակացությանը: