Ահա եւ եկավ 2005-ը: Եվ ես կուզենայի, որ այս տարին մեզ՝ հայերիս, բացի
Ամանորյա սեղաններին խմած կենացների ժամանակ հնչած ցանկություններից, բերի
մի քիչ համախմբվածություն: Երեւի թե միայն մենք, լինելով այսքան քիչ
(սակայն մեզ հայ ասելով), կարող ենք բաժանվել այդքան շատ 3-րդ մասցիների
ու մասիվցիների, երեւանցիների ու լենինականցիների, արշալույսցիների ու
բոզգեղցիների, ապարանցիների ու սյունեցիների, հայաստանցիների ու
ղարաբաղցիների ու էլի շատ …ցիների:
Երբ Ռուսաստանում խոսում են մոսկվացիների եւ վլադիվոստոկցիների մասին,
կամ, ասենք, չուկչաների ու չեչենների մասին, ես հասկանում եմ, երբ ԱՄՆ-ում
խոսում են նեգրերի եւ մեքսիկացիների, իտալացիների եւ հրեաների մասին, ես
հասկանում եմ, բայց երբ սկսում են տարբերակել Գլենդելի ու Նորդ Հոլիվուդի
հայերին, ես ոչ միայն չեմ կարողանում հասկանալ, այլեւ իմ ուղեղի բջիջները
հրաժարվում են ընկալել այն հանգամանքը, թե ինչպես եւ ինչով են վերը նշված
հայերին իրարից տարբերակում Բրբանքի չինացիները:
Մենք միշտ բողոքում ենք, որ մեզ չեն սիրում: Սիրելի՛ հայրենակիցներ՝
«Նիգ-Ապարանցիներ» ու «Սյունյաց արծիվներ», Ղարաբաղից արտագաղթած
հայաստանցի չինովնիկներ եւ Ջավախքում «Հզոր Հայրենիք» կառուցողներ, մինչեւ
մենք ինքներս մեզ չսիրենք, ոչ ոք մեզ չի սիրելու: Ամբողջ աշխարհում գնում
են գլոբալիզացիոն պրոցեսներ (Եվրոպան միացավ, Լատինական Ամերիկան միանում
է), իսկ մենք գնալով մանրանում ենք, բառիս ամենալայն իմաստով:
Հազարամյակների ընթացքում մենք, միգուցե, եղել ենք փոքր կամ քիչ, բայց
երբեք ոչ մանր (ՎպսՍՌռ): Իսկ այսօր մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում
մանրացման տենդենց է նկատվում, քանզի միայն մանր օլիգարխը կարող է
Երեւանում մեծ «Համմեռ» քշել, կամ միայն մանր մտածելակերպով «մեծ»
չինովնիկը կարող է երթուղային տաքսու գիծ պահել, միայն մանր մտավորականը
կարող է քննադատել ազգի մեծերին, միայն մանր կուսակցությունը կարող է
ժողովրդին շատ մեծ եւ շատ անիմաստ խոստումներ տալ, միայն մանր
ընդդիմությունը կարող է տարիներ շարունակ մեծ-մեծ «փրթել», լոկ այն բանի
համար, որ իր տեղն ուրիշը չզբաղեցնի, միայն մանր արդարադատությունը կարող
է «գելերին» թողած՝ մանր-մունր ջեբկիրների հետեւից ընկնել եւ վերջապես
միայն մանր ժուռնալիստը կարող է քննադատական հոդված գրել մեծ փողերով: Եվ
այս ամենի պատճառը մեկն է. մենք՝ բոլորս, մանր մտածելով, մեծ բաների մասին
ենք խոսում:
Երբ մենք հաճախ պարծենում ենք մեր մեծերով, ոչ մեկի մտքով չի անցում
հիշել, թե որտեղ է ծնվել Նարեկացին կամ Ազնավուրի պապը ո՞ր գյուղից է, կամ
ո՞ր փողոցում է Պ. Սեւակը գրել «Մոր ձեռքերը», կամ, որ Բաղրամյանը մարշալ
է ոչ թե նրա համար որ ինքը ղարաբաղցի է, այլ` որ ինքը մարշալ է, կամ
ինչո՞ւ է Ալբերտ Ազարյանը կիրովականցի, կամ ինչո՞ւ են «Մենք ենք, մեր
սարերում» հերոսները խոսում լոռեցու բարբառով, իսկ «Հարսնացուն հյուսիսից»
ֆիլմում Երվանդին «ալամեզոն» ասում: Այդ պահին նրանք բոլորն էլ հայ են, եւ
մենք նրանց սիրում ենք հենց դրա համար:
Եվ եթե 2005-ին մենք սկսենք քննադատել վարչապետին՝ այն բանի համար, որ նա
հանրապետության վարչապետն է, այլ ոչ թե հանրապետական, եթե Եղվարդում
ընտրվի պատգամավոր, այլ ոչ թե այս կամ այն գյուղի թոռ, եթե հումորիստները
սկսեն հումոր անել, այլ ոչ թե այս կամ այն բարբառի տնազ, եթե կազմակերպվի
ոչ միայն «Արցախի ձայներ», այլ նաեւ Լոռու, Գյումրվա, Ջավախքի ձայներ
փառատոններ, եւ ինչն ամենակարեւորն է, այդ ձայները լսող լինի, ես համոզված
եմ, որ այս տարին մենք հաստատ ավելի լավ կապրենք: