Երբ գալիս է սեպտեմբերը

30/08/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ճեպազրույցի թեման դպրոցներում մատակարարվող սնունդն էր: Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին օրենքով եւ կառավարության կողմից հաստատված հանրակրթական դպրոցների կանոնադրությամբ հանրակրթական դպրոցներին թույլատրված ձեռնարկատիրական որոշ տեսակներ: Այդ ցանկում ընդգրկված է նաեւ սովորողների սննդի կազմակերպումը եւ կանոնադրորեն այդ մենաշնորհը տրված է դպրոցի տնօրենին: «Որեւիցե այլ միջամտություն, որեւիցե այլ որոշում կամ վարչական պարտադրանք արգելվում է: Տնօրենին օրենսդրորեն տրված է այդ գործունեությունը վարելու իրավունքը, եւ տնօրենը պարտավոր է ազատ կազմակերպել սովորողների սնունդը հարկային օրենսդրության պահանջների եւ տարածքի օգտագործումն օրենսդրորեն կարգավորելու սահմաններում»,- հայտարարեց Կ. Արեյանը՝ կարեւորելով այն հանգամանքը, որ կազմակերպիչն ինքն է կրելու սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման եւ սննդի որակի ու ծագման նկատմամբ պատասխանատվությունը: Նա նաեւ նշեց, որ վերադասի՝ քաղաքապետարանի կողմից միջամտությունը, թելադրանքը կամ պարտադրանքը միանշանակ արգելված է, քանի որ տնօրենն ինքնուրույն պետք է կազմակերպի սննդի գործունեությունը եւ նաեւ կրի ողջ պատասխանատվությունը: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կարգադրությամբ նոր ուսումնական տարին սկսելու համար Կրթության վարչության կողմից կազմվել է ընթացիկ աշխատանքների նախապատրաստական ծրագիր: Մասնավորապես Երեւան քաղաքի Պետավտոտեսչությանը հանձնարարական է տրվել դպրոցամետ շրջանակներում, խաչմերուկներում տասնօրյա անվտանգ երթեւեկություն սահմանել: Հանձնարարական է ստացել Հայաստանի «Էլցանցեր» ընկերությունը դպրոցներում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու եւ մալուխային ցանցի վթարներից զերծ մնալու համար խիստ հսկողություն սահմանելու ուղղությամբ: Ինչպես նաեւ հանձնարարական է տրվել «Երեւանջուր» ընկերությանը գրաֆիկով նախատեսված ջրամատակարարումն ապահովելու համար: «Քաղաքապետարանի Առողջապահական վարչությունը առաջին անհրաժեշտ պարագաներով դպրոցների բուժկետերն ապահովելու, ինչպես նաեւ պոլիկլինիկ համակարգերի հսկողությունը դպրոցների նկատմամբ ապահովելու համար հանձնարարական է ստացել»,- հայտարարեց փոխքաղաքապետը: Ըստ Կ. Արեյանի` 2005-2006 ուստարվա սկզբին եղել են 10.873 առաջին դասարանցիներ, իսկ այս տարի, թեեւ ընդունելությունը դեռեւս շարունակվում է, այդուհանդերձ, ուրբաթ օրվա տվյալներով 9081 առաջին դասարանցի երեխա կա գրանցված:

Փոխքաղաքապետի հավաստմամբ՝ խնդիր է դրվել ուժեղացնել ուսմասվարների ինստիտուտը դպրոցներում:

Հիմնանորոգվում են 35 դպրոցներ

«Նոր ուսումնական տարվա նախաշեմին շատ կարեւորագույն խնդիր է մեր առջեւ դրված՝ 2006 թվականին դպրոցական շենքերի հիմնանորոգման, ընթացիկ նորոգման տարբեր աղբյուրներով ֆինանսավորվող ծրագրերի իրականացումը»,- նշեց Կ. Արեյանն՝ ասելով, որ ընդհանուր առմամբ 2006թ. տարբեր աղբյուրների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում հիմնանորոգմամբ եւ ընթացիկ նորոգմամբ ընդգրկված են եղել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 35 դպրոցներ: Պետբյուջեի ֆինանսավորմամբ այդ ծրագրերում ընդգրկված են 18 դպրոցներ՝ 1 մլրդ 216 մլն դրամի շրջանակներում: Ծրագրերն իրականացվում են պայմանագրային տարբեր ժամանակահատվածներում, իսկ մրցութային կարգով ընտրված կապալառուների հետ պայմանագրերն ընդգրկում են մինչեւ օգոստոսի 31-ը եւ մինչեւ նոյեմբերի վերջն ընկած ժամանակահատվածները: Վերջինս տեղեկացրեց, որ ներկայումս պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերով հիմնանորոգվող դպրոցներից 9-ում ավարտված են աշխատանքները, իսկ մյուս 9 դպրոցներում շարունակվում են աշխատանքները: Դպրոցների հիմնանորոգման հաջորդ աղբյուրը սոցներդրումներն են՝ չորս դպրոցների համար 132 մլն դրամ: Ի դեպ, 115 մլն դրամի շրջանակներում եւս 5 դպրոցի հիմնանորոգում է ֆինանսավորվել անհատ հովանավորների կողմից: «Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ հաստատվեց մի ծրագիր, որի ֆինանսավորման աղբյուրն ուղղակի մեր համաքաղաքային ծախսերն են: Եթե անցած տարի 2 դպրոցում քաղաքապետի աջակցությամբ կարողացանք իրականացնել հիմնանորոգում, ապա այս տարի մենք ունենք 8 դպրոց՝ 314 մլն դրամի շրջանակներում: Ֆինանսավորումն ամբողջովին իրականացվում է Երեւանի քաղաքապետի կողմից հաստատված համաքաղաքային կապիտալ ծախսերով»,- վստահեցրեց փոխքաղաքապետը: