Երեկ քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկի՝ դպրոցներում տարածված դրամահավաքության մասին հարցադրումը զայրույթ առաջացրեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի մոտ: Վերջինս մասնավորապես հայտարարեց, որ կոնկրետ փաստեր ունենալու դեպքում դպրոցականներից գումար գանձողները կհեռացվեն ոչ միայն դպրոցից, այլեւ կրթական համակարգից: «Անթույլատրելի հանցավորություն է պարտադրված դրամահավաքը դպրոցներում: Կրկնակի հանցավորություն եւ գռեհկություն է, երբ այդ ամենի միջնորդը դառնում է դպրոցահասակ երեխան: Եթե մենք փաստեր ունենանք, ապա այդ դպրոցի տնօրենը հեռացվելու է ոչ միայն դպրոցից, այլ նաեւ կրթական համակարգից: Որեւիցե տնօրեն իրավունք չունի դիմել պարտադրված դրամահավաքության: Եթե այդ երեւույթը կա, ապա մենք պարտավոր ենք դրա դեմ պայքարել միասին»,- հայտարարեց Կ. Արեյանը՝ դպրոցականների ծնողներին խորհուրդ տալով՝ բացառել ամենագռեհիկ եւ անթույլատրելի այդ երեւույթը եւ մերժել պարտադրված դրամահավաքության մթնոլորտը դպրոցներում: Դպրոցահասակ երեխա ունեցող որեւէ ծնող կարո՞ղ է արդյոք հերքել դպրոցներում տարածված «դրամահավաքության» երեւույթի առկայությունը: Յուրաքանչյուր դպրոցում դասղեկական դասարաններում տարածված է այդ երեւույթը, եւ կան դասղեկներ, որ, օրինակ, չդիմանալով այդ դրամահավաքությանը` հրաժարվում են դասղեկական դասարան պահելուց: Յուրաքանչյուր ծնող ունի եւ լավ գիտի իր գլխին գալիք տոները՝ սեպտեմբերի 1, Այբբենարանի տոն, Ուսուցչի տոն, Ապրիլի 7, Մարտի 8, դասղեկի ծնունդ, ամանոր: Մշտական այդ տոնացույցում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում քննությունները:
Լ.Ս.