Այս հարցը շատերին է հետաքրքիր։ Ինչպե՞ս անվանել այն պրոցեսը, որը տեղի է ունենում մեր երկրում վերջին 1,5-2 տարիների ընթացքում։ Նրանք, ովքեր դեմ են այս պրոցեսին եւ հանդես են գալիս քննադատության դիրքերից, գերադասում են ասել՝ դոլարի արժեզրկում։ Մյուսները (օրինակ, Կենտրոնական բանկը) գերադասում են ասել` «դրամի արժեւորում»։ Այս բառակապակցությունը, բացի տնտեսագիտականից, ունի նաեւ բարոյահոգեբանական իմաստ։ Երեւի ենթադրվում է, որ այն պետք է հպարտության զգացում առաջացնի ցանկացած հայի հոգում։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տնտեսագետ Աղասի Մկրտչյանի կարծիքով` ճիշտը վերջինն է՝ դրամի արժեւորումը, քանի որ մյուսը՝ «դոլարի արժեզրկումը», պարզապես սխալ է։ Պրն Մկրտչյանը տնտեսական զարգացումներին եւ, մասնավորապես, փոխարժեքի տատանումներին վերաբերող զրույցը սկսեց հենց այս թեմայից։ «Որոշ լրագրողներ եւ փորձագետներ օգտագործում են «դոլարի արժեզրկում» տերմինը։ Դա սխալ է, այդպիսի բան չկա։ Ու հենց էդտեղից էլ սկսում է սխալների ամբողջ շղթան։ Հայաստանում կա դրամ, որն արժեւորվում է ոչ միայն դոլարի, այլեւ եվրոյի եւ մյուս արժույթների նկատմամբ։ Եթե դրամն արժեւորվեր միայն դոլարի նկատմամբ, իսկ եվրոյի նկատմամբ՝ ոչ, ապա Հայաստանի եւ միջազգային շուկաների փոխարժեքների տարբերության վրա կարելի կլիներ միլիոնավոր դոլարներ աշխատել»։
Տնտեսագետի կարծիքով, Հայաստանը չի կարող ազդել եվրո-դոլար փոխարժեքի վրա, եւ երբ դոլարի գինը դրամի նկատմամբ ընկնում է, ընկնում են նաեւ մյուս արժույթների գները։
ԿԲ-ն դրամի արժեւորումը երբեմն բացատրում է նաեւ միջազգային շուկաներում դոլարի դիրքերի թուլացմամբ։ Արդյո՞ք դա էապես ազդում է մեր ներքին փոխարժեքի վրա։
«Դոլարի փոխարժեքի մեծ միջազգային տատանումներ լինում են տարեկան 2-3 անգամ։ Դրանք, իհարկե, ազդում են դոլար-դրամ փոխարժեքի վրա, սակայն այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, դրամի արժեւորման ուժեղ միտում է։ Այս գործընթացն առաջ տանողը դրամն է։ Երբ լրագրողները հարցադրումը ներկայացնում են միայն դոլարի համար, ԿԲ-ն էլ կարող է մատնանշել դոլարի արժեզրկումը միջազգային շուկաներում»,- ասում է Աղասի Մկրտչյանը։
Ընդհանրապես, ըստ Ա. Մկրտչյանի, փոխարժեքը երբեք չի կարելի դիտարկել որպես առանձին գործոն։ «Այն գնային փոփոխական է, ինչպես գնաճը։ Գնաճը նույնպես չի կարելի դիտարկել առանձին, դրա տակ շատ գործոններ կան։ Երբ ասում ես` գնաճը կազմում է 6%, եւ դա վատ է, դու պետք է նաեւ ասես, թե ինչը հանգեցրեց դրան։ Գնաճը դա ցուցանիշ է, որը խոսում է ինչ-որ մի պրոցեսի մասին։ Պետք է վերլուծել այդ պրոցեսը։ Նույնը նաեւ փոխարժեքի մասին։ Չի կարելի ընդհանուր ասել՝ դրամի արժեւորումը լա՞վ է, թե՞ վատ։ Պետք է նայել այն գործոնները, որոնց արդյունքում դրամն արժեւորվել է՝ լա՞վ գործոններ են, թե՞ վատ։ Իհարկե, այն, որ դոլարի գինը 600 դրամից հասավ 400-ի, վատ է, առնվազն արտահանողների տեսակետից։ Սակայն պետք է նայել, միգուցե ինչ-որ դրական պրոցեսների արդյունքո՞ւմ է այս վիճակը ձեւավորվել։ Կամ հակառակը, միգուցե 400 դրամ փոխարժեքին հասել ենք այնպիսի բացասական գործոնների պատճառով, որոնք կարող են ավելի բացասական հետեւանքներ առաջացնել»։
Եվ այնուամենայնիվ, ինչի՞ արդյունքում տեղի ունեցավ դրամի այս աննախադեպ արժեւորումը։ Պրն Մկրտչյանը դա բացատրում է հետեւյալ կերպ. «1995-96թթ. հետո ընտրվեցին տնտեսության հիմնական կողմնորոշիչները՝ լողացող կուրս, ցածր գնաճ եւ այլն։ Դրանից հետո սկսեց տեղի ունենալ փոխարժեքի արժեզրկում, ու մենք էլ կարծես դրան սովորեցինք։ 2001-2003թթ. ընթացքում տեղի ունեցած արժեզրկումը, երբ դոլարը հասավ մինչեւ 600 դրամի, ինձ համար մի փոքր անհասկանալի էր։ Մենք ունեինք հսկայական հոսքեր տարբեր հիմնադրամներից, ունեինք արտահանման աշխուժացում, եւ այն ժամանակ էլ դրսից գալիս էին տրանսֆերտներ։ Դրանից հետո սկսվեց հակառակ պրոցեսը։ Հիմնական թեզիսն այն է, որ տեղի ունեցավ քաղաքականության փոփոխություն։ Քաղաքական որոշում է կայացվել, որ փոխարժեքն այլեւս չպետք է արժեզրկվի։ Սակայն այդ որոշումը կայացվել է ոչ թե փոխարժեքի, այլ գնաճի համար։ Եկեք հիշենք՝ ինչ տեղի ունեցավ։ 2001-ից սկսվեց մեր երկնիշ տնտեսական աճը եւ արդեն 2003-ին մենք ունեցանք շատ բարձր գնաճ։ Պարզ դարձավ, որ տնտեսական աճը բերում է գնաճի. տնտեսությունը չունի այն կարողությունները, որ առանց գնաճի կարողանա աճ արձանագրել։ Տնտեսական աճն ու գնաճը գնում են միասին՝ ձեռք ձեռքի։ Սակայն աճի հետ մեկտեղ սկսվում է ռեսուրսների պայքար, պատկերավոր ասած՝ տնտեսության «ջերմաստիճանը» բարձրանում է»։ Տնտեսագետի կարծիքով, գնաճը ԿԲ-ին ստիպեց վերանայել իր քաղաքականությունը. «2003-ի վերջին, 2004-ի սկզբին ունեցանք մոտ 10%-անոց գնաճ, եւ ԿԲ-ն դադարեցրեց գնել դրսից եկող արտարժութային հոսքերը։ Այսինքն, տնտեսությունում միտումների առումով գրեթե բան չի փոխվել, բայց փոխվել է քաղաքականությունը՝ գնաճի նկատմամբ բացարձակ անհանդուրժողականություն։ Որոշվեց, որ 10% գնաճը շատ է, պետք է լինի 3%։ Ըստ այդմ էլ կատարվեցին որոշ ճշգրտումներ, եւ սկսվեց դրամի արժեւորման պրոցեսը»։
Ա. Մկրտչյանը դժվարացավ կանխատեսել, թե այս վիճակը դեռ որքան կշարունակվի. «Հայաստան այժմ էլ մտնում են շատ մեծ քանակի հոսքեր։ Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ մենք չունենք համապարփակ ուսումնասիրություն՝ տրանսֆերտները բոլորի մոտ համաչա՞փ են աճում, թե՞ ոչ, կամ ի՞նչ տիպի հոսքեր են գալիս։ Մենք չենք տեսնում, թե որ եկամտային խումբն ինչ կարգի աճ է ունեցել։ Նշվում է, որ տրանսֆերտները 30%-ով աճել են։ Սակայն, երբ ինչ-որ մեկն իր բարեկամին տարվա ընթացքում 50 հազար դոլար փող է ուղարկում, եւ դրանով բնակարան է գնվում, դա ոչ թե տրանսֆերտ է, այլ ավելի շուտ՝ կապիտալ ներդրում։ Հարկավոր է տարանջատել ընթացիկ եւ կապիտալ հոսքերը։ Եվ ես համոզիչ փաստարկներ չեմ տեսել, որ տրանսֆերտներն արագ տեմպով աճում են բոլոր եկամտային խմբերի մոտ»։
Ըստ Ա. Մկրտչյանի, խնդիրը դիտարկելու 2 տարբերակ կա. «Հայաստանը կարելի է դիտարկել միայն իր վարչական սահմանների տարածքում, եւ ուշադրությունը կենտրոնացնել այդ տարածքի խնդիրներին, կամ վերցնել, պատկերավոր ասած, «վիրտուալ Հայաստան»՝ դրա մեջ ընդգրկելով նաեւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։ Եթե նայենք առաջին տեսանկյունից, ապա դրամի արժեւորման արդյունքում Հայաստանի արտաքին մրցունակությունն իրոք տուժում է, եւ արտահանող ճյուղերը զգալի գումարներ են կորցնում։ Սակայն մյուս տեսանկյունից` կարելի է որպես արտահանում դիտարկել Հայաստանից դուրս գնացած աշխատուժը, իսկ տրանսֆերտները դիտարկել որպես այդ արտահանման դիմաց վճար։ Այ, եթե մենք աշխատուժը վերցնենք որպես արտահանում (ես ասում եմ՝ եթե, չեմ ասում, որ դա այդպես է), ապա եթե դրա դիմաց ստացվող հոսքերն այնքան մեծ են, որ կարողանում են ստեղծել արժեւորման ճնշումներ, կարելի է մյուս արտահանող ոլորտները համարել ոչ էական։ Այս դեպքում, կարծես, մեր արտահանման հիմնական ուղղություն դառնում է աշխատուժը, այն դառնում է նավթի պես մի բան։ Այսինքն, կարեւոր է գիտակցել, թե մենք խնդրին որ տեսանկյունից ենք նայում։ Ռեալ տնտեսությա՞ն, որը տեղավորվում է 30 հազար քկմ տարածության մեջ, թե՞ վիրտուալ, որը վերաբերում է ողջ հայությանը»։
Բայց այս դեպքում «աշխատուժը»՝ որպես արտահանման ռեսուրս, աշխատում է վնասով. ստացվող գումարները մեծանում են՝ գնողունակությունն ընկնում է։ Այս վիճակը մեզ ձեռնտո՞ւ է։ «Գնողունակությունն ընկնում է հենց այն պատճառով, որ շատ են ուղարկում։ Մարդը բողոքում է, որ իր ստացած 100 դոլարն առաջ ավելի մեծ արժեք ուներ, քան այսօր։ Եթե միայն նրան սկսեին ավելի շատ ուղարկել, ասենք, 200 դոլար, նա գոհ կլիներ եւ կշահեր։ Բայց չէ՞ որ բոլորին են շատ ուղարկում։ Ահա այդ ավելցուկը ստեղծում է լրացուցիչ պահանջարկ։ Հայաստանի ներքին առաջարկը չի կարող կարճ ժամանակահատվածում փակել այդ պահանջարկը»,- ասում է տնտեսագետը։
Շատերի կարծիքով, մեր տնտեսական աճը պետք է համարժեք լիներ տրանսֆերտների աճին՝ 30%-ի շրջանակներում։ Աղասի Մկրտչյանը համաձայն չէ այդ տեսակետի հետ. «Հայաստանի տնտեսությունն ասում է՝ ես 10%-ից ավելի չեմ կարող աճել։ 10%-ն արդեն սուպեր թիվ է։ Ասենք, տրանսֆերտներն աճում են 20%-ով։ 20%-ով ավելի եկամուտ ստացողը ցանկանում է 20%-ով ավելի ծախսել, ավելի շատ ապրանքներ եւ ծառայություններ գնել։ Այդ ավելցուկային պահանջարկի մի մասը փակվում է ներմուծման հաշվին։ Մյուս մասը, որը պետք է ապահովեր ներքին շուկան, ըստ էության, չի փակվում։ Ավելացած դոլարները մարդիկ վեր են ածում դրամի եւ ուզում են ծախսել ավելի շատ տեղական ապրանքների եւ ծառայությունների վրա, ասենք` գյուղմթերքի վրա։ Սակայն Հայաստանի տնտեսությունը նույն գնով, նույն որակով գյուղմթերք չի կարող ավելի արտադրել։ Արդյունքում առաջանում է գնաճի վտանգ, ԿԲ-ն ստանում է այդ վտանգի ազդանշանը եւ դադարեցնում է արտարժույթի գնումը։ Դրամն ավելի է արժեւորվում։ Նորից եմ կրկնում, Հայաստանն այնքան առաջարկի ռեսուրսներ չունի, որպեսզի կարողանա չափազանց կարճ ժամանակահատվածում բավարարել ավելցուկային պահանջարկը, համապատասխան առաջարկ ապահովել։ Իսկ ամենաֆունդամենտալ բաղադրիչը հենց առաջարկն է, դրանով են բարգավաճ երկրները տարբերվում մյուսներից»։
Իրո՞ք այս հոդվածի սկզբում արծարծված հարցը՝ «դրամի արժեւորո՞ւմ, թե՞ դոլարի արժեւորում», այդքան մեծ կարեւորություն ունի։ Օրինակ, երեւանցիներն ասում են` «ընկույզ», գյումրեցիները` «փուրչուլուկ», ղարաբաղցիները՝ «ճղոպուր», բայց բոլորն էլ հասկանում են միեւնույն «պոպոքը»։ Ու ավելի կարեւոր է ոչ թե վիճել, թե որ բառն է ճիշտ, այլ մտածել՝ ինչպե՞ս կոտրել ու օգտագործել դրա միջուկը։ Ու այս առումով թերեւս կապ չունի` ինչ ասել՝ դրամի արժեւորո՞ւմ, թե՞ դոլարի արժեզրկում։ Բոլորն էլ գիտեն, թե խոսքն ինչի մասին է։ Ստացվում է՝ մենք հայտնվել ենք յուրօրինակ կախարդական շրջանի մեջ։ Դրսից որքան շատ փող են ուղարկում, այնքան դրամն արժեւորվում է։ Որքան արժեւորվում է դրամը, այնքան մեծացնում են ուղարկվող փողի ծավալները։ Այդ ընթացքում տեղական արտադրությունը (հատկապես արտահանմանն ուղղված) էական վնասներ է կրում, երկիրը սկսում է ավելի մեծ կախման մեջ ընկնել «դրսի նպաստից», եւ Հայաստանը վեր է ածվում պորտաբույծ երկրի (որքան էլ կոպիտ հնչի)։ Ստացվում է` քարից հաց քամող հայ ժողովուրդը պարապ նստել է եւ սպասում է դրսից եկած փողերին, որպեսզի գոյատեւի։ Ո՞րն է ելքը, ի՞նչ պետք է անել։ Ինչ-որ բան ձեռնարկե՞լ, թե՞ ոչինչ չանել՝ սպասել, մինչեւ դրսի մեր հայրենակիցները կհոգնեն փող ուղարկելուց, կամ իրենց բարեկամներին բոլորին վերջնականապես կտեղափոխեն իրենց մոտ՝ ռուսաստաններ եւ ամերիկաներ։
Աղասի Մկրտչյանը «Ո՞րն է ելքը» հարցին այսպես է պատասխանում. «Եթե վերցնում ենք Հայաստանի Հանրապետությունը՝ իր 30 հազար քկմ աշխարհագրական տարածքով, ապա դրամի արժեւորումն իրոք վնաս է, առաջին հերթին` արտահանողների համար։ Այս դեպքում միակ տարբերակն այն է, որ այս մարդիկ (տրանսֆերտ ստացողները-Բ.Թ.) չպետք է ծախսեն իրենց ստացած գումարները։ Հարկավոր է փոքրացնել պահանջարկը՝ թեեւ դա կհարվածի տնտեսական աճին։ Թե ինչ եղանակներով դա պետք է անել՝ ես չեմ կարող ասել։ Գուցե պետք է մտածել ֆիսկալ գործիքի մասին եւ ձեւավորել մեծ բյուջետային ավելցուկներ, որոնք կօգտագործվեն ավելի վատ ժամանակներում… »։
Իրոք, դժվար է պատկերացնել՝ ինչպե՞ս համոզել մարդկանց չծախսել իրենց գումարները։ Վերջիվերջո, այդ գումարներն ինքնանպատակ չեն ծախսվում, այլ ընթացիկ կարիքների, գոյատեւելու համար։ Մենք նախկինում նշել էինք, որ Ռուսաստանի նախագահը հանձնարարել է իր երկրի ֆինանսական բլոկի ղեկավարներին` քայլեր ձեռնարկել սեփական արտադրողներին աջակցելու համար։ «Ռուբլու արժեւորումն այս տարի կարող է օրհասական լինել մեր երկրի տնտեսության համար»,- ասել է Պուտինը։ Միգուցե նայենք-սովորենք՝ ինչ են անելու ռուսներն այս ուղղությամբ, եւ մենք էլ կրկնենք նույն քայլերը։
Եթե ընդունենք, որ դրամի արժեւորումը պայմանավորված է տնտեսական գործոններով, քաղաքականության փոփոխությամբ, եթե չհավատանք մամուլի այն հրապարակումներին, որոնք վերաբերում են ԿԲ նախագահ Տ. Սարգսյանի 400-450 հազար դոլարանոց երեւանյան բնակարանին, կես միլիոն դոլարանոց ավտոպարկ ունեցող տաքսի ծառայությանն ու Իսպանիայում գտնվող վիլլային, ու վերջապես, եթե համարենք, որ
Տ. Սարգսյանն ու նրանից բարձր կանգնած իշխանավորները սուրբ են եւ մտածում են միայն երկրի բարօրության մասին, նորից մի հարց անպատասխան է մնում։ Եթե մտածում եք գնաճի մասին, ինչո՞ւ չեք մտածում արդյունաբերության ու արտահանման մասին, ո՞վ է որոշել՝ ո՞ր հարցն է առաջնային, եւ ո՞վ է այդպես հանգիստ ընդունել այն հեռանկարը, որ Հայաստանը պետք է վերածվի իրենից ոչ մի բան չներկայացնող, ոչինչ չարտադրող, «միջազգային մեծապատիվ մուրացիկի» կարգավիճակ ունեցող երկրի։
Հ.Գ. Պատրաստ ենք լսել եւ ներկայացնել այս հարցերի նկատմամբ այլ մասնագիտական կարծիքներ։