Հայերն ու վրացիները, կամ էլ, եթե կուզեք, հակառակը` վրացիներն ու հայերն ամեն ինչում մրցում են իրար հետ: Թվում է` մի բնագավառ չկա, որտեղ երկու հարեւան ժողովուրդները չփորձեն սեփական առավելությունն ապացուցել մեկը մյուսի նկատմամբ: Ո՞վ է ավելի հին ազգ: Ո՞վ է առաջինն ընդունել քրիստոնեությունը: Ո՞վ է ավելի լավ շախմատ կամ ֆուտբոլ խաղում… Ո՞վ է… Մի խոսքով` այս ցանկը վերջ չունի: Եվ նույնիսկ այնպիսի, թվում է` ակնհայտ հարցերում, թե ո՞ւմ գինին կամ ո՞ւմ կոնյակն է ավելի լավը, նույնպես վեճեր են ծագում:
Վերջերս առիթ ունեցա շրջագայելու երկու երկրներով: «Ո՞վ» հարցն ինձ հետապնդում էր ողջ ճամփորդության ընթացքում, եւ ենթագիտակցորեն առաջացան երկու երկրների ձեռքբերումների եւ ձախողումների տեսողական համեմատություններ: Ընդհանրությունները շատ-շատ են` թե՛ ձեռքբերումների, թե՛ ձախողումների առումով: Գյուղերի չքավորությունը կամ անգամ ծայրահեղ աղքատությունը: Գուցե դա այնքան էլ այդպես չէ, գուցե գյուղացիներն իրականում այնքան էլ աղքատ չեն, ինչպես երեւում են իրենց հինումին հագուստով: Բայց դժվար թե քիչ թե շատ հարուստ լինելու դեպքում նրանք վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր ճամփեզրին գյուղմթերքներ կամ մանր-մունր բաներ վաճառեին: Ընդ որում, եթե չգիտես, թե որտեղ են գտնվում, շատ հեշտությամբ կարելի է շփոթել Վրաստանը Հայաստանի հետ: Կամ էլ, իմանալով փոխադարձ խանդի մասին, հակառակը` Հայաստանը Վրաստանի հետ: Մի բանում եւս անձամբ համոզվեցի. գյուղերում ջրամատակարարումն աղետալի վիճակում է: Ե՛վ հայկական, եւ՛ վրացական գյուղերում (իհարկե, այն գյուղերում, որտեղ եղա) այդ հարցը շատ լուրջ է: Եվ թե՛ հայ, թե՛ վրացի գյուղացու հոգսերը միանման են. այս տարվա ահավոր շոգերը կարող են հարված հասցնել գյուղատնտեսությանը բոլոր ուղղություններով:
Ճանապարհները… Դրանք կարելի է հիանալի համարել: Եվ կարեւոր չէ, որ, ասենք, Հայաստանում ճանապարհաշինությունը «Լինսի» հիմնադրամի գործունեության արդյունքն է, իսկ Վրաստանում դա արվել է գրանտների շնորհիվ: Բայց ա՛յ քեզ անհաջողություն. լավ վիճակում են միայն կենտրոնական մայրուղիները, իսկ ծայրամասերի ճանապարհները վերջին անգամ նոր ասֆալտ տեսել են խորհրդային ժամանակներում:
Հինավուրց երկրների մայրաքաղաքները եւս ինչ-որ տեղ նման են: Երկուսի կենտրոնական հատվածներն էլ ողողված են լույսերով (ճիշտ է, մայրաքաղաքներից մեկում այդ մասին խոսում են որպես չլսված հերոսության, իսկ մյուսում հրաշալի հրավառությունն արվեց առանց ավելորդ աղմուկի, եւ կարծեմ յոլա գնացին առանց «գեղարվեստական լուսավորության» արտասահմանյան մասնագետների օգնության), ոչ մի զբոսայգի չկա, որտեղ հարմարավետ սրճարաններ չլինեն, ուր երեկոյան հավաքվում են վճարունակ մեծահասակներն ու երիտասարդները: Եվ ականջիս հասնող խոսակցությունները եւս գրեթե նույնն էին` քաղաքականություն, ԱՄՆ, Իրան, Ռուսաստան, Ղարաբաղ, Աբխազիա, Արգենտինայում տեղացած ձյունը, ավիավթարներ, ֆուտբոլ, ընդհանուր առմամբ` համաշխարհային անարդարություն, Պամելա Անդերսենն ամուսնանում է թե ամուսնացել է, հանգստյան օրերին` Սեւան կամ Թբիլիսիի ծովը, եւն: Իմ ուղեկիցներից նրանք, ովքեր հայերեն կամ վրացերեն չգիտեին, տարբերություն չէին նկատում արտասանության մեջ, իսկ հնագույն այբուբենները, որոնց մասին վեճերը երկու հնագույն ազգերի «որոշ ներկայացուցիչների» միջեւ երբեմն ուղղակի վիրավորական բնույթ են կրում, նրանց համար նույն բանն էին: Ինչպես նաեւ եկեղեցիները, որոնց ճարտարապետությունը գործից այնքան էլ չհասկացողների համար առանձնապես չի տարբերվում:
Իսկ ամենակարեւորը, եւ դա չի կարող չուրախացնել, այն է, որ երկու երկրներում էլ` թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում, մարդիկ դուրս են եկել դեպրեսիայից, որ ծագել էր անելանելիության զգացումից, ինչը բնութագրական էր հայերի ու վրացիների մեծ մասի համար դեռ մի 5-6 տարի առաջ: Հիմա այլ տրամադրություններ են իշխում: Եվ եթե, պայմանական ասած, ապրելու ցանկությունը մի քանի տարի առաջ միջին սերնդի մեջ պայմանավորված էր բացառապես երեխաներին մեծացնելու մտահոգությամբ, ապա հիմա դա միակ պատճառը չէ: Թեեւ երեխաները եւ՛ Վրաստանում, եւ՛ Հայաստանում առաջվա պես սրբության սրբոց են: Պարզապես մարդիկ կարծես զարթնել են մի տեսակ լեթարգիական քնից եւ իրենց շուրջն են նայում: Եվ դա դրական իմպուլսներ է տալիս նրանց:
Բնականաբար, այս ամենը խորապես սուբյեկտիվ է, մակերեսային, եւ ես «խորն ընդհանրացումների» հավակնություն չունեմ…Բայց նաեւ ուրախալի է, քանի որ երկրները շարժվել են տեղից եւ դանդաղ առաջ են գնում: