Վտանգավոր օբյեկտներից շատերը չեն գրանցվել

30/08/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից, արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է մինչեւ սեպտեմբերի 1-ը գրանցվել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ռեեստրում: Օրենքով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում այն արտադրությունները կամ ցանկացած այլ օբյեկտ, որտեղ կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են դյուրավառ, բոցավառ, օքսիդացող, այրվող, պայթուցիկ, թունավոր, շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող եւ այլ նյութեր: Արտադրական վտանգավոր օբյեկտներ են նաեւ լեռնահանքային, հորապայթեցման, թունելաշինական եւ ստորերկրյա պայմաններում այլ աշխատանքներ իրականացնող արտադրությունները, հիդրոտեխնիկական կառույցները, շարժասանդուղքները, ճոպանուղիները, կարուսելներն, ամբարձիչ սարքավորումները, վերելակները, նավթամթերքների, հեղուկ գազի, բնական գազի, հաստատուն եւ շարժական լցակայանները, ջրային լողամիջոցները եւ այլն:

Փաստորեն, արդեն մի քանի ամիս է, ինչ բազմաթիվ օբյեկտներ պարտավոր էին գրանցվել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում, որն, ի դեպ, անվճար է: Սակայն, կենտրոնի տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանի հավաստմամբ, թեեւ միայն օգոստոսի ընթացքում գրանցվել են ավելի քան 4000 կազմակերպություններ, այնուամենայնիվ, հայաստանցի տնտեսվարողներն այս առումով շարունակում են պասիվ մնալ: Մինչեւ այսօր կենտրոնում գրանցվել են հանրապետության վերելակների մոտ 80%-ը, հանքավայրերի մոտ 50%-ը, բենզալցակայանների 50%-ը, 112 գազալցակայան եւ այլն: Ա. Պետրոսյանի խոսքերով, գոյություն ունեն որոշ օբյեկտներ, որոնց հաշվառումը բավական բարդ է, օրինակ, կաթսայատները կամ կարուսելները: Գեներալ-մայորը գոհ է վերելակների գրանցման ընթացքից. գրանցվել են ավելի քան 5000 վերելակներ: Նրա հավաստմամբ, վերջերս փորձաքննությունից հետո դադարեցվել է 5 վերելակի աշխատանք, եւ մինչեւ դրանք տեխնիկապես չվերանորոգվեն, չեն կարող շահագործվել: Ի դեպ, եթե փորձաքննողը սխալ փորձաքննություն է անցկացնում, ենթարկվում է 500.000 դրամ տույժի: Ուստի, ըստ Ա. Պետրոսյանի, ոչ մի փորձագետ իր վրա պատասխանատվություն չի վերցնի «մատների արանքով» նայել իր գործին: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի հավաստմամբ, վերելակների վիճակը շատ վատ է հատկապես Երեւանի Աջափնյակ համայնքում, Վանաձոր եւ Աբովյան քաղաքներում:

Ի տարբերություն վերելակներ շահագործողների, հանքավայրերը, կաթսայատները եւ հատկապես բենզալցակայանները չեն շտապում գրանցվել կենտրոնի ռեեստրում: «Տնտեսվարող սուբյեկտները չգիտեմ ո՞ւմ են սպասում»,- դժգոհում է Ա. Պետրոսյանը: Նրա խոսքերով, «Ֆլեշ» ընկերությունը գրանցել է իր բենզալցակայաններն, իսկ «Միկան»` ոչ: Գեներալ-մայորի հավաստմամբ, ինքն այս հարցով պատրաստվում է դիմել Միխայիլ Բաղդասարովին, որպեսզի վերջինս, իր ցեմենտի գործարանի նման, բենզալցակայաններն էլ գրանցի: Ըստ Ա. Պետրոսյանի, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցումը բխում է նախեւառաջ ազգաբնակչության անվտանգության շահերից: Եվ եթե 3-4 օրից այս օբյեկտները չգրանցվեն, ապա կենթարկվեն տույժերի` առաջին անգամ` 1 մլն դրամի չափով, երկրորդ անգամ` 2 մլն դրամ եւ գործունեության կասեցում: Ա. Պետրոսյանի խոսքերով, գրանցման հարցում ամենապարտաճանաչը գազի ոլորտի տնտեսվարող սուբյեկտներն են:

Գեներալ-մայորը դժգոհ է նաեւ որոշ մարզպետների անտարբերությունից: 3 ամիս առաջ նա նամակներ է ուղարկել նախարարներին, մարզպետներին, այլ խոշոր գերատեսչությունների ղեկավարներին` խնդրելով տեղեկություններ տրամադրել արտադրական վտանգավոր օբյեկտների մասին: «Որոշ մարզպետներ մեզ պատասխանեցին, որ իրենց մոտ վտանգավոր օբյեկտներ չկան»,- ասում է Ա. Պետրոսյանն` ավելացնելով, որ այդ նամակներն ինքը պահել է, որ եթե հետագայում դատական պրոցեսներ լինեն, ինքը դրանք օգտագործի:

Հ. Գ. Երեկ «168 Ժամ» թերթի խմբագրությունը տեխնիկական սարքավորումներ շահագործող մի խումբ ձեռնարկատերերից (ովքեր չէին ցանկացել նշել իրենց ձեռնարկությունների անունները) նամակ էր ստացել, որում նրանք իրենց մտահոգությունն էին հայտնել «այս կասկածելի կառույցի» նկատմամբ: Մասնավորապես, նրանք գտնում են, որ կառավարության որոշմամբ «ՀայԼեռՏեխ» հսկողության փոխարեն այժմ գործող Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնն ընդամենը անվանափոխություն էր, եւ, որ իրականում «սայլը տեղից չի շարժվում»: Ձեռնարկատերերը նշում են, որ իրենց բազմապիսի սարքավորումները ձեռք են բերվել տարբեր երկրներից, շահագործվում են արհեստավարժ մասնագետների եւ ճարտարագետների կողմից: «Ցավոք, փորձաքննություն անցկացնող կառույցում մեկ բանիմաց անձնավորություն չկա, որ հասկանա մեր խնդիրները, բայց արի ու տես` նա պետք է անվտանգ շահագործման երաշխիքներ մշակի եւ թույլ տա մեզ շահագործելու: Հիմա խնդիրը հետեւյալն է, կամ կուրորեն ենթարկվել այդ ասպարեզում իրավունք ստացած մի կիսագրագետ մարդու, կամ յուրաքանչյուր սարքավորման համար պետք է վճարել 1 մլն դրամ տուգանք: Ընդ որում, հարցը շատ խիստ է դրված, հարցերը լուծել մինչեւ սեպտեմբերի 1-ը: Ո՞վ է որոշել այդ գումարների չափը, ինչո՞ւ պետք է վճարվի եւ ո՞ր ծառայության համար: Ի՞նչ անհասկանալի երեւույթներ են կատարվում այդ բնագավառում եւ ինչպե՞ս է քողարկված ամեն ինչը: Ինչպե՞ս եւ ո՞ւմ ձեռքով այդ պետական կարեւորագույն կառույցը դարձավ տուգանող կազմակերպություն»,- նշվում է ձեռնարկատերերի նամակում: