Ինչպես պայքարել միջատների եւ կրծողների դեմ

30/08/2006

Կահույքը հաճախ վնասվում է մանր բզեզներից։ Դա կարելի է հայտնաբերել կահույքի երեսին առաջացած փոքրիկ անցքերով։ Անցքերից թափվում է դեղնավուն փոշի, որը մանրացված, բզեզի աղիքներով անցած փայտանյութ է։

Բզեզներով վարակված կահույքը մշակելու եւ ձվերը ոչնչացնելու համար հարկավոր է կիրառել հետեւյալ միջոցներից որեւէ մեկը.

– 3 մաս բեւեկնի եւ 1 մաս նավթի խառնուրդ,

– Վազելինի յուղ։ Վերջինս առավել հարմար է այն իրերի մշակման համար, որոնց մեջ սննդամթերք է պահվում։

Ոջիլները ոչնչացնելու համար օգտակար է 5 տոկոսանոց բորային քսուքը, որը վաճառվում է դեղատներում, եւ 20 տոկոսանոց բենզիլբենզոատը, որը պատրաստվում է դեղատներում, բժշկի դեղատոմսով։

Բենզիլբենզոատը, նախքան օգտագործելը, պետք է լավ խառնել եւ 1-3 ճաշի գդալ քսել մազերին, գլուխը կապել գլխաշորով եւ 30 րոպե հետո լվանալ տաք ջրով եւ օճառով։

Լվացած մազերը կարելի է ողողել քացախաջրի տաք լուծույթով, որը ոչնչացնում է անիծները։ Հետո սանրել մաքուր սանրով, որպեսզի դրանք թափվեն։ Եթե մի անգամ մշակելուց հետո ոջիլները չեն ոչնչանում, նույնը կրկնել 7-10 օր հետո։

Խավարասեր միջատներից ազատվելու համար պետք է օգտվել վաճառքում եղած հատուկ դեղանյութերից։ Խոհանոցը ավելի հարմար է ախտահանել գիշերը, որպեսզի առավոտյան մաքրեք եւ օդափոխեք։

Խավարասերների դեմ պայքարելիս կարելի է օգտագործել նաեւ քլորոֆոսի ջրային լուծույթ (50գ փոշի կամ 150 գ հեղուկ քլորոֆոսը պետք է լուծել 1,5լ սառը ջրի մեջ եւ ստացված լուծույթը լցնել շրիշակների արանքը, բոլոր անցքերի մեջ)։ Անվնաս լավ միջոց է չորացրած եւ մանրացրած կովկասյան երիցուկը (1 մ8-ին` 20 գ երիցուկի փոշի)։ Առավել արդյունավետ է թարմ փոշին։

Խավարասերների դեմ պայքարի լավ միջոցներ են «Դիխլոֆոս», «Քլորոֆոս», «Պրիմա» քիմիական դեղամիջոցները։ Բայց դրանք ունեն շատ սուր հոտ եւ ոմանց մոտ առաջացնում են գլխացավ ու ալերգիկ երեւույթներ։