ՀՀԿ փոխնախագահ եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ անհեթեթություն է որակել այն գնահատականները, թե վերջին երկու-երեք ամսում ՀՀԿ-ն համալրվել է կրիմինալ տարրերով: Երեկ հրավիրած ասուլիսում ԱԺ նախագահը նաեւ կոռեկտ չի համարել «Հոկտեմբերի 27»-ին առնչություն ունեցող Մուշեղ Մովսիսյանի եղբոր` Շմայս մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի ՀՀԿ անդամ դառնալու վերաբերյալ Վազգեն Սարգսյանի հարազատների եւ մտերիմների մտահոգությունների վերաբերյալ հարցը: Անդրադառնալով Աջափնյակի թաղապետի առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը` ԱԺ խոսնակը վստահեցրեց, թե առաջիկայում ՀՀԿ խորհուրդը կանդրադառնա այս հարցին: Տ. Թորոսյանը հերքեց նաեւ Գառնիի որոշ բնակիչների կողմից «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրած այն պնդումները, թե ինքն Ազատ գետի ափին հիդրոէլեկտրակայան է կառուցում: «Ես հիդրոէլեկտրակայան չեմ կառուցում: Ես որեւէ հողատարածք չունեմ, չնայած կարծում եմ, որ օրինական հիդրոէլեկտրակայան կառուցելը շատ լավ բան է»,- ասաց Տ. Թորոսյանը: