Մինչեւ առաջին աքլորականչ

06/05/2005 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Նոր տարին եկավ սովորականի նման, ոչնչով տարբեր՝ անցյալում եկած ու գնացած
նոր տարիներից։ Նույն եռուզեռն էր, նույն ունայնությունը՝ սեղանների
ճոխությամբ ու սրտերի դատարկությամբ։ Առանցքայինը դարձյալ խոզի բուդն էր,
ամենակարեւոր ատրիբուդը (ներեցեք, ատրիբուտը), որն իր կարմրաոսկեգույն
տապակվածքով փորձում էր կոտրել ընդհանուր գորշությունը։
Երկար տարիներ Ռուսաստանում ապրած ընկերս բացակայությունից հետո առաջին
Նոր տարին այստեղ անցկացնելով զարմացել էր, որ մենք՝ հայերս, մտածում ենք
միայն ճոխ սեղաններ գցելու մասին, իսկ ուրախանալ չենք կարողանում։
-Ռուսներն,- ասում էր ընկերս,- մի տուփ շպրոտով ու մի շիշ օղիով
կարողանում են լավ քեֆ անել, երգել, պարել, ուրախանալ։ Եվ զարմանում էր,
որ մենք բազմաթիվ անիմաստ գործողություններ կատարելուց հետո սեղան ենք
նստում ու սկսում խոսել մեր դարդերից։
Կայունությունն, ինչի մասին այդքան շատ սիրում են խոսել մեր
իշխանությունները, պետք է որ մեզ ուրախություն պատճառեր, բայց չի
պատճառում։ Ուրեմն կամ այդ կայունությունը չկա, կամ էլ մենք ենք նման
հայտնի հեքիաթի այն աղջկան, ում սիրտն այդպես էլ չէր լցվում ուրախությամբ։
Այն կայունությունը, որի մասին այդքան շատ սիրում են խոսել
իշխանությունները, իհարկե կա, բայց չի տալիս ուրախանալու ոչ մի պատճառ,
որովհետեւ այդ կայունությունը կայունություն է իշխանության տեսակետից,
ինչպես նաեւ՝ ընդդիմությունն է իշխանության նկատմամբ ընդդիմություն։
Մի քիչ խճողվեց միտքս, ներող եղեք, քանզի Նոր տարվա անուրախ խումերի
գոլորշիները դեռ գլխումս են։ Միտքս չմոռանալով՝ ասեմ, որ այս Նոր տարվա
սեղանին ես դրել էի բացառապես ուկրաինական օղիներ, որովհետեւ դրանք ինձ ոչ
միայն ապագայի հույս էին տալիս, այլ նաեւ՝ արժանապատվության դաս։ Եվ երբ
հանկարծ դրանց կողքին հայտնվեց հայկական արտադրության օղու շիշը, ես
հասկացա, որ մեր երկրում այս տարի դժվար թե հավերը նարնջագույն ձվեր ածեն։
Չէ՛, օղուց լավ հասկացողները թող չշտապեն համերի համեմատություն անել,
այն, ինչ պիտի ասեմ, չափազանց փոքր, բայց էական մանրուք է։ Ուկրաինայից
արտահանվող օղու պիտակների վրա ամեն ինչ գրված է բացառապես ուկրաիներեն,
իսկ հայկական օղին, որ «Սենատոր» ամպագոռգոռ անունն ունի եւ հաստատ չի
արտահանվում, հայերեն ոչ մի տառ չէր կրում իր զույգ պիտակների վրա։
Հիմա դառնամ խճողված մտքին։ Իշխանության տեսակետից մեր երկրում տիրող
իրավիճակը կայուն է, որովհետեւ պետական ոչ մի հիմնարկության աշխատող իր
ղեկավարի աչքի առաջ չի մեռնում քաղցից կամ ցրտից, իսկ նրանք, ովքեր մի
կերպ դիմադրում են քաղցին ու ցրտին, բավականաչափ հեռու են ոչ միայն
շեֆերի, այլեւ նրանց աշխատակիցների աչքից։ Եվ եթե տեսադաշտում չկան
բացասական հույզեր, եթե հեռուստացույցներն ու ռադիոները միայն շոուներ ու
խաղեր են հաղորդում, որոնց մասնակիցները փորձում են կուշտ Արեւմուտքի
իմիտացիա անել, ուրեմն կայունություն է։
Միջանկյալ ասեմ, որ ես առանձնապես չեմ հավատում վերեւից թելադրվող
գրաքննության մասին առասպելներին։ Վերեւներն այդ հոգսը չունեն, քանի որ
ներքին օղակներն աշխատում են «նենց անենք` շեֆի տրամադրությունը չընկնի»
տրամաբանությամբ, բայց իրենց վարքը բացատրում են «ժողովրդին դրական
հույզեր են պետք» կրկնաբանությամբ։ Դրա համար ոչ վերեւները, ոչ էլ խոզի
բուդ գնելու հնարավորություն ունեցող հանրությունը չգիտեն ու չեն
իմանալու, որ Երասխավան գյուղում մեկն իր տունն է մաս-մաս քանդում, որ
քարերը վաճառելով պահի իր հինգ երեխաներին, իսկ Նոյեմբերյանի Բարեկամավան
գյուղում յոթհոգանոց մի ընտանիք ապրում է ընդամենը 30 հազար դրամ
նպաստութոշակով։ Համեմատության համար ասեմ, որ միջին քաշի մեկ բուդը հենց
այդքան էլ արժե։
Բայց սա միայն իշխանությունների խնդիրը չէ։ Պարզվում է, շեֆի
տրամադրությունը գցել չցանկացող լրատվամիջոցները ձեռի հետ նաեւ արջի
ծառայություն են մատուցում ընդդիմությանը՝ մի կողմից նրանց
տրամադրությունն էլ չգցելով։ Բայց, անկեղծ ասած, իր տունը մաս-մաս քանդող
երասխավանցին կամ գոյատեւող բարեկամավանցին առանձին վերցված ընդդիմությանն
էլ չեն հետաքրքրում։ Նրանց երազանքը դժգոհ ամբոխն է, որ որոշակի, մասնավոր
խնդիրներ չունի, բայց կարող է խոսելու անսպառ նյութ տալ։ Օրինակ՝ «հողը
նեղացել է գյուղացուց» գրեթե պատմական միտքը։
Այսուհանդերձ, անցած տարի ամենաառողջ խոսքը ես լսեցի «Արմենիանաու»
ինտերնետային շաբաթաթերթի խմբագիր Ջոն Հյուզից, ով արդեն երկրորդ տարին իր
պարբերականի վերջին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան, թողարկումը նվիրում է
չքավոր ընտանիքների խնդիրներին։ Չքավորներն ու աղքատները, գիտենք, շատ-շատ
են, եւ այդ պատճառով ամերիկացի խմբագիրն իր ակցիայի համար պարկեշտության
սահմանում էր գտել. «Լավ է օգնել ոմանց, քան անտեսել բոլորին»։ Սա, ըստ
իս, «Սիրիր մերձավորիդ» պատվիրանի ժամանակակից վերաձեւակերպումն է։
Աչքը տեսնելու համար է։ Աչքը նրա համար չէ, որ փակես ու սպասես
տեսիլքների։ Եթե տեսիլքիդ նյութը աչքիդ առաջ եղածից չի կառուցված, ուրեմն
դու տեսիլք չունես, ուրեմն քո ունեցածն ընդամենը պատրանք է։ Ո՞նց կարող ես
ինչ-որ «տեսլական» ունենալ, եթե «տեսլականդ» ապագայում իրականացնողներն
օրնիբուն քաղցում են կամ գոյատեւելու համար զբաղվում մուրացկանությամբ։
Ո՞նց կարող է հզոր երկիր կերտել մի ազգ, որի ոչ մի հաստատություն չի
հետաքրքրվում փողոցներում ցրտից մեռնող թափառաշրջիկներով, որի բաղնիսպանն
ու բժիշկն ուս ուսի փակում են հիվանդ ԲՈՄԺ-ի ճանապարհը, որ էլիտար
այցելուներին հուշտ չանեն հանկարծ։ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ
Էդիկ Բաղդասարյանն էլ Նոր տարին ապշահար այս զարմանքով է սկսել՝ մեր ոչ
մեծ քաղաքում մարդիկ ո՞նց են հաջողացնում իրարից այդքան հեռու լինել. մահը
չտեսնելու եւ մահը չզգալու չափ հեռու։
Իմ լավ բարեկամ Ավագ Եփրեմյանն իր քաղաքի՝ Կապանի մասին գրել է. «Ես
ապրում եմ քաղաքում, որտեղ ոչ ոք չի ապրում»։ Չեմ ուզում հավատալ Ավագ
Եփրեմյանին, առավելեւս՝ չեմ ուզում բանաստեղծական այդ հիանալի տողն
իրականացած տեսնել Երեւանում, որովհետեւ Նոր տարի է սկսվել, Աքլորի տարի
է, եւ պետք է սպասել առաջին աքլորականչին։