Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի մոտ Աժ հանձնաժողովների, խմբերի ու խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Անկախության հռչակագրի ընդունման 16-րդ տարեդարձի կապակցությամբ ներկաներին շնորհավորելուց հետո այս մասին երեկ հրավիրած ասուլիսում տեղեկացրեց հենց Տ. Թորոսյանը:
Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ ընտրական օրենսգրքի քննարկումների առաջին փուլն ավարտվել է, եւ քննարկումների արդյունքում միայն հինգ կետի շուրջ է, որ ընդհանուր մոտեցում ձեռք չի բերվել, եւ այդ հարցերը, հավանաբար սեպտեմբերի սկզբին, քննարկվելու են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ համապատասխան կառույցի փորձագետների հետ: Վերջիններիս հետ, բացի վերոնշյալ հինգ կետերից, քննարկվելու են նաեւ քվեարկության բուն ընթացակարգը եւ բողոքարկման գործընթացի հետ կապված հարցերը: ԱԺ նախագահի փոխանցմամբ` այս պահին ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ է ԸՕ արդեն երեք տարբերակ: Դրանցից մեկի հեղինակն իշխանությունն է, մյուսինն` «Արդարություն» խմբակցության պատգամավոր Շավարշ Քոչարյանը, իսկ երեկ շրջանառության մեջ դրված երրորդ տարբերակի հեղինակն էլ «Արդարություն» խմբակցության նախկին քարտուղար Վիկտոր Դալլաքյանն է: Վերջինիս ներկայացրած տարբերակով առաջարկվում է անցում կատարել 100%-անոց համամասնական ընտրակարգի: ԱԺ նախագահը երեկ նաեւ տեղեկացրեց, որ նախատեսված է սեպտեմբերին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում քննարկել նաեւ ԱԺ կանոնակարգի հարցը: Տ. Թորոսյանի գնահատմամբ` աշնանային նստաշրջանում լարված աշխատանք է սպասվում, քանի որ 2007-ի գարնանային նստաշրջանը լիարժեք չի լինելու խորհրդարանական սպասվելիք ընտրությունների, իսկ աշնանային նստաշրջանը` նախագահական սպասվելիք ընտրությունների պատճառով: Ինչեւէ, հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո այս տարվա հուլիսի մեկից ՀՀ քաղաքացիները սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն են ստացել: ԱԺ նախագահը երեկ տեղեկացրեց, որ արդեն այս կամ այն օրենքի սահմանադրականությունը վիճարկող յոթ դիմումի պարագայում պատասխանող է ճանաչվել ԱԺ-ն: Տ. Թորոսյանը չի բացառում, որ օրենսդրական փոփոխությունների ճանապարհով ապագայում կառավարությանը եւս պատասխանող կողմ ճանաչելու հնարավորություն ստեղծվի: Սակայն առավել ուշագրավ էր ԱԺ նախագահի երեկվա ասուլիսի այն հատվածը, երբ նա ներկայացնում էր ԱԺ աշխատակազմում տեղի ունեցող փոփոխություններն ու դրանց վերաբերյալ իր բացատրություններն ու մեկնաբանությունները: «Մենք ունենք «ԱԺ աշխատակազմի պետական ծառայության մասին» օրենք, եւ այն լիարժեքորեն պետք է ներդրվի ԱԺ աշխատակազմում, եւ ԱԺ-ն այստեղ թերացումներ չպետք է ունենա»,- նշեց ԱԺ նախագահը: Ըստ նրա, ԱԺ աշխատակազմի յուրաքանչյուր աշխատող պետք է հստակ իմանա, թե իր աշխատատեղում աշխատող անձն ի՞նչ մասնագիտական որակներ պետք է ունենա, ի՞նչ հարցերով պետք է զբաղվի, ի՞նչ լիազորություններ պետք է ունենա եւ այլն: Տ. Թորոսյանի խոսքերով` ԱԺ աշխատակազմի ղեկավարը ներկայացրել էր աշխատակազմի կառուցվածքը, ինչից պարզ է դարձել, որ «որոշ բաժիններ հայտնվել էին անհասկանալի տեղերում»: «Օրինակ` թարգմանիչների բաժինը հայտնվել էր գործերի կառավարչությունում, նույնը նաեւ ԱԺ տեղեկագրի խմբագրությունը: Եվ առաջին քայլը, որ նախատեսված էր անել, այս երկու բաժինները համապատասխան վարչություններ տեղափոխելն է եղել»,- նշեց Տ. Թորոսյանն ու հավելեց, թե երբ այդ երկու բաժինները գործերի կառավարչությունից դուրս բերվեցին, ակնհայտ դարձավ, որ հրատարակչական ծառայությունն իր պետով, նրա տեղակալով անիմաստ է դառնում, որովհետեւ «դրանից բացի, մնում էր ուղղակի տպարանը` երեք աշխատողով` եւ չորս աշխատողով` հրատարակչական բաժինը, որը զուտ տեխնիկական գործեր է անում», եւ արդյունքում «այս երկու բաժինները միավորվել են, եւ հրատարակչական ծառայությունը լուծարվել է»: ԱԺ նախագահը նշեց նմանատիպ նաեւ այլ դեպքերի մասին, սակայն ընդգծեց, որ ԱԺ աշխատակազմի փոփոխություններով ու որոշ վարչությունների ու բաժինների լուծարմամբ ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի ստեղծածները լուծարելու խնդիր դրված չէ: «Այն, ինչ արվել է, արվել է մեկ պատճառով. ես` որպես ԱԺ նախագահ, պատասխանատու եմ ԱԺ աշխատակազմի որակի համար, եւ քայլերն արվել են ըստ այդ պատասխանատվության»,- ասաց Տ. Թորոսյանը: Պարզվում է, որ ԱԺ աշխատակազմում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում գործազուրկ են դարձել 38 անձինք: ԱԺ նախագահին, իր իսկ հավաստմամբ, չի հետաքրքրում աշխատանքը կորցրածների կուսակցական պատկանելությունը, եւ այդ պատճառով էլ նա չգիտի, թե նրանցից քանիսն են «Օրինաց երկրի» անդամ եղել: «Եղան հայտարարություններ, թե հանրապետականացում է սկսվել: ԱԺ գործունեության հետ ուղղակի կապ չունեցող կառույցների լուծարումը հանրապետականացում չէ եւ կարող է բերել ԱԺ աշխատակազմի ապակուսակցականացման»,- գտնում է ԱԺ նախագահը: Վերջինիս գնահատմամբ` լուծարվող կառույցներն ուղղակի կապ չունեին ԱԺ գործունեության հետ: Ըստ Տ. Թորոսյանի, շատ դեպքերում այս կամ այն կառույցի գոյությունն անհասկանալի էր: ԱԺ նախագահը երեկ մանրամասն անդրադարձավ նաեւ նախորդ տարի հիմնադրված «Հայ-ռուսական միջռեգիոնալ համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությանը: Պարզվում է, որ այս հ/կ-ն 2005-ին ԱԺ-ից 20 միլիոն դրամ է ստացել եւ նախատեսված է եղել, որ այս տարի եւս ԱԺ-ն այդ հ/կ-ին պետք է հատկացներ 20 միլիոն դրամ, որից 10 միլիոն դրամն արդեն հատկացվել է, իսկ մյուս 10 միլիոն դրամի հատկացումը կասեցրել է Տ. Թորոսյանը: Իսկ ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները: Տ. Թորոսյանը երեկ նշեց, որ ինքը հետաքրքրվել է այս հ/կ-ի գործունեությամբ եւ պարզել, որ ոմն Հ. Բակունցի ղեկավարած այդ հ/կ-ն թողարկել է Ավետիք Իսահակյանի երկերը, կազմակերպել «Նորմա» ֆիլմ-օպերայի պրեմիերան եւ նման այլ բաներ: «Անշուշտ, Ավետիք Իսահակյանի երկերը հրատարակելը կարեւոր գործ է, սակայն ԱԺ-ն չի կարող որեւէ հ/կ-ի համար դոնոր լինել»,- հայտարարեց Տիգրան Թորոսյանը: Վերջինս երեկ մի քանի անգամ շեշտեց, թե պետք չէ կուսակցականացնել ԱԺ աշխատակազմում տեղի ունեցող փոփոխությունները: