Նոր արշավ «չեյնջերի» դե՞մ

28/08/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Կենտրոնական բանկը մոտ երկու ամիս առաջ որոշում է ընդունել, որ տարադրամի փոխանակման բոլոր կետերն այսուհետ պետք է ուժեղացնեն իրենց անվտանգության համակարգը, տեղադրեն զրահապատ ապակիներ եւ տեսախցիկ: ԿԲ-ի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ այս որոշումը հիմա գտնվում է Արդարադատության նախարարությունում, վավերացվելուց եւ իրավական փաստաթուղթ դառնալուց հետո կմտնի ուժի մեջ:

Այդ գործընթացը կտեւի մոտ 20 օր։ ԿԲ-ից մեզ տեղեկացրին, որ դրանից հետո «չեյնջերը» մինչեւ տարեվերջ պետք է կատարեն այս որոշման վերը նշված պահանջները: Հակառակ դեպքում՝ նրանց դեմ պատժամիջոցներ կկիրառվեն՝ նախ կտուգանեն, հետո՝ հնարավոր է` լիցենզիայից զրկեն: ԿԲ Փոխանակման կետերի լիցենզավորման եւ վերահսկողության վարչության պետ Արտակ Շաբոյանը «չեյնջերի» անվտանգության համակարգի խստացումը բացատրեց այն հանգամանքով, որ հարձակումները հիմնականում լինում են «թույլ» կետերի վրա: Այս տարի տարադրամի փոխանակման կետերի վրա հարձակման երեք դեպք է գրանցվել, երեքի անվտանգության համակարգերն էլ, ըստ Ա. Շաբոյանի, բավարար չեն եղել: Եվ իբր «չեյնջերի» ու նրանց աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար ԿԲ-ն գործունեության նոր կարգ է սահմանում: Բացի այդ, պարոն Շաբոյանը երկուշաբթի օրը «Հայլուրին» տված իր հարցազրույցում նշեց. «Գաղտնիք չէ, որ որոշ «չեյնջեր» ծառայում են որոշ տնտեսվարող սուբյեկտների ստվերային գործունեության համար»: Այս արտահայտությունից կարելի է եզրակացնել, թե Կենտրոնական բանկին դուր չի գալիս, որ կան «չեյնջեր», որոնք դուրս են իր վերահսկողությունից: Ուստի դրանց գործունեությունը պետք է դադարեցվի:

Հիշեցնենք, որ անցած տարի էլ ԿԲ-ն իր որոշումներով նորից միջամտեց տարադրամի փոխանակման կետերի գործունեությանը՝ որոշելով, որ «չեյնջերի» միջեւ եղած հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 50 մետր: Տարադրամի փոխանակման կետերի դասավորվածությունը շատ խիտ էր հատկապես Կասյան եւ Տիգրան Մեծ փողոցների վրա, նաեւ տոնավաճառների ու շուկաների հարակից տարածքներում: Անցյալ տարի «չեյնջավիկներն» այն կարծիքին էին, որ ԿԲ-ն նման սահմանափակումները դրել է, որպեսզի հնարավորինս կրճատի, այսպես ասած՝ «անկախ» «չեյնջերի» քանակը: Հիմա նշված տեղերում փոխանակման ընդամենը մի քանի կետեր են մնացել, իսկ Տիգրան Մեծ փողոցի «չեյնջերը» հիմնականում բանկերին կից են, անկախ «չեյնջեր» գրեթե չկան: ԿԲ տվյալներով, միայն այս տարի փակվել է մոտ 80 «չեյնջ»: Հիմա Հայաստանում կա 313 տարադրամի փոխանակման կետ, որից 220-ը Երեւանում են:

Կենտրոնական բանկն էլ, բնականաբար, ունի իր տեսակետն ու նպատակները, որոնք տարբերվում են փոխանակողների մեկնաբանություններից: «Խնդրում եմ նշեք, որ ԿԲ-ն որպես կարգավորող մարմին` պարտավոր է կարգավորել այդ դաշտը,- փոխանցեցին մեզ ԿԲ մամուլի ծառայությունից: -Հիմա մենք կարգավորում ենք: Գաղտնիք չէ, որ «չեյնջերում» շրջանառվում են նաեւ ոչ լեգիտիմ գումարներ, որոնք չեն հարկվում: Այդ գումարներով «չեյնջերը» ֆինանսավորում են ապօրինի գործարքները, ֆինանսավորում են ստվերային տնտեսությանը: Հիմա մենք ուզում ենք, որ փոխանակման կետերի ողջ գործունեությունը հարկվի: Անցած տարիներին մենք փոխանակողներից պահանջում էինք, որ հաճախորդներին անդորրագրեր տան, որ իրենց ֆինանսական ողջ շրջանառությունը օրինական հաշվառեն, այս տարի էլ ուզում ենք, որ անվտանգության համակարգն ուժեղացնեն: Թող այս պահանջները կատարեն ու աշխատեն: Ոչ ոք նրանց չի ուզում փակել»:

«Չեյնջերի» աշխատակիցներն այս տարի էլ այն կարծիքին են, որ անվտանգությունն ուժեղացնելու իր պահանջներով ԿԲ-ն նորից ուզում է փոխանակման կետերը փակել եւ տարադրամի փոխանակման ծառայությունը կենտրոնացնել հիմնականում բանկերում: Նրանք գտնում են, որ փոխանակման ոչ բոլոր կետերը կկարողանան կատարել ԿԲ-ի՝ անվտանգության պահանջներն ու կդադարեցնեն իրենց գործունեությունը: Դրանք կլինեն հիմնականում անկախ «չեյնջերը»: Փոխանակողները ԿԲ-ի այս մտադրությունը բացատրում են նրանով, որ տարեցտարի ավելանում է մասնավոր տրանսֆերտների մուտքը Հայաստան, եւ մեր իշխանություններն ուզում են վերահսկել ֆինանսական ողջ շուկան: Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստան մուտք է գործել մոտ 1 մլրդ դոլարի տրանսֆերտ, որի 70 տոկոսը, պաշտոնական տեղեկատվության համաձայն, անմիջապես «չեյնջերում» փոխանակվել է դրամի եւ ծախսվել ամենօրյա կենցաղային կարիքների համար: 2006-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 364 մլն դոլարի տրանսֆերտ, սակայն միշտ էլ արտասահմանից ուղարկվող փողերի հիմնական հոսքը լինում է երկրորդ կիսամյակում, հատկապես օգոստոս եւ դեկտեմբեր ամիսներին` կապված ուսումնական եւ նոր տարվա գնումների հետ: Փորձագետները գտնում են, որ 2006թ. այդ թիվը կհասնի մոտ 1,5 մլրդ դոլարի: Այսինքն, դրա 70 տոկոսը կամ ավելի քան 1 մլրդ դոլար Հայաստան հասնելուն պես նախ՝ մտնելու է «չեյնջեր», հետո վերածվելու է ապրանք-ծառայությունների: Տարադրամ փոխանակողների կարծիքով` ԿԲ-ն ու մեր իշխանություններն ուզում են բանկերի միջոցով վերահսկել փոխանակվող գումարներն ու փոխանակումից ստացվող շահույթը: Հենց դրա համար էլ նորանոր կարգավորող միջոցներ են ձեռք առնում:

Կենտրոնական բանկն իր այս միջոցառումներով որքան էլ բացատրի, թե ամեն ինչ անում է ոլորտը կարգավորելու եւ օրինական՝ հարկման դաշտ բերելու համար, այնուամենայնիվ, արդյունքում տարադրամի փոխանակման մեծ թվով կետեր են փակվում: Եվ անկախ բոլոր բացատրություններից ու մեկնաբանություններից, ակնհայտ է այն միտումը, որ այսուհետ փոխանակումով զբաղվելու են հիմնականում բանկերին կից «չեյնջերը»: Իսկ տարադրամի փոխանակման ոլորտը Հայաստանի տնտեսության այն եզակի ոլորտներից էր, որը մինչեւ անցյալ տարի շարունակում էր գործել մրցակցային պայմաններում: Շատերի գնահատմամբ, անկախ «չեյնջերի» փակումը կբերի նրան, որ այս ոլորտն էլ կմոնոպոլիզացվի ու կկենտրոնացվի գործող մի քանի բանկերի համակարգում: Իսկ դա նշանակում է, որ տարադրամի փոխանակման դաշտն ավելի հաշվառելի ու վերահսկելի կլինի Կենտրոնական բանկի ու մեր իշխանությունների համար: Նրանց միջամտությունը փոխանակման ոլորտում արդեն շատ հեշտ ու արագ կստացվի: Միգուցե սա նաեւ նշանակում է, որ մեր քաղաքացիներն իրենց հարազատների ուղարկած տրանսֆերտների լիարժեք տե՞րը չեն: