ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի գնահատմամբ, ՀՀ Անկախության հռչակագիրն այն եզակի փաստաթղթերից է, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ու հայ ժողովրդի կողմից 1990թ. Գերագույն խորհրդի նիստի ժամանակ ընդունվել է միանշանակ: «Եվ պետք է հիշենք այն քաղաքական իրավիճակը, որում ընդունվեց Անկախության հռչակագիրը. այդ ժամանակ Խորհրդային Միությունը դեռ գոյություն ուներ, ու պարզ չէր, թե այդ զարգացումներն ինչպես կընթանան, ու պարզ չէր, որ մեկ տարի անց ԽՍՀՄ-ը փլուզվելու էր: Ահա այդ պայմաններում ընդունվեց Անկախության հռչակագիրը, որը ՀՀ անկախության ձեռք բերման հիմք դրեց»,- ներկայացնում է պարոն Հովակիմյանը՝ Անկախության հռչակագիրը համարելով «անգնահատելի փաստաթուղթ»: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի խոսքերով էլ` ՀՀ անկախության հռչակագիրը, որպես ՀՀ Սահմանադրության նախաբանում հիշատակվող փաստաթուղթ, մեր օրենսդրության անբաժանելի մասն է: Նրա կարծիքով, եթե անկախությունն ինքնին գերագույն արժեք է, ապա անկախության հռչակումն ու դրա համար քվեարկելը գերագույն երջանկություն է ցանկացած մարդու համար: «Եվ կարծում եմ՝ մեր անցած 15 տարիների ընթացքում այդ փաստաթուղթը Ղարաբաղյան շարժման հետ եղել է այն կարեւոր ոգեւորությունների աղբյուրը, որոնց մենք պարտական ենք մեր բոլոր ձեռքբերումների համար»,- ասաց Տ. Թորոսյանը:
Սակայն վերջին մի քանի տարիներին պետական բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է, որ ամեն տարի օգոստոսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անկախության հռչակագրի ընդունման օրը շնորհավորեց նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Իսկ ահա նախագահական նստավայրում այդ օրը երբեւէ ուշադրության չեն արժանացրել: Եվ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում ոչ մի անգամ ժողովրդին չի շնորհավորել ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ: «Երբեւէ հիշո՞ւմ եք, որ նախագահն այդ օրը ուղերձով դիմի ու շնորհավորի, որ այսօր էլ չի շնորհավորել: Կա պաշտոնական տոն՝ Սեպտեմբերի 21-ը, եւ նախագահի ուղերձն ու շնորհավորանքն այդ օրն է լինում»,- օգոստոսի 23-ի խորհրդին երկրի ղեկավարի անտարբերությունն այսպես մեկնաբանեց նրա մամուլի խոսնակը: Իշխանությունների կողմից Անկախության հռչակագրի ընդունման օրը պատշաճ մակարդակով չնշելու հանգամանքը Տ. Թորոսյանը եւս մեկնաբանում է այդ օրը պետական տոների ցանկում ընդգրկված չլինելու հանգամանքով: Թեեւ մեզ հետ զրույցում պարոն Թորոսյանը կարծիք հայտնեց, թե «Այս օրը շատ ավելի կարեւոր է, քան որոշ պետական տոներ: Եվ կարծում եմ, որ Օգոստոսի 23-ը որպես պետական տոն հռչակելու գաղափարը կարելի է քննարկել»: Դաշնակցականներից ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը համաձայն չէ մեր այն դիտարկման հետ, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները հավուր պատշաճի չեն հիշում այս օրը: «Այսօր ԱԺ նախագահի մոտ խորհրդակցությունը սկսվեց հենց փոխադարձ շնորհավորանքներից: Եվ այնպես չէ, որ պատասխանատու անձինք չեն հիշում: Կարծում եմ, որ պատճառներից մեկն այն է, որ մոտենում է Սեպտեմբերի 21-ը, եւ այդ հանդիսությունների մեջ կներառվի նաեւ Անկախության հռչակագիրը»,- ասաց Հրայր Կարապետյանը:
Իսկ ի՞նչ են կարծում 1988-ի շարժման ակտիվիստները: Շավարշ Քոչարյանն իշխանությունների անտարբերությունը մեկնաբանում է բոլորովին այլ կերպ: «Այնպիսի պետություն ձեւավորվեց, որին խորթ են ազատության, արդարության գաղափարները: Առաջին իշխանությունը, որ եկավ այդ ոգեւորության ալիքի վրա, ըստ էության, դավաճանեց այդ գաղափարներին: Դրա համար էլ այսօր այդպիսի վերաբերմունք է ձեւավորվել»,- գտնում է Շ. Քոչարյանը: Իսկ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի խոսքերով` այսօրվա իշխանություններն ամեն կերպ փորձում են մոռացության մատնել անկախությանն առնչվող հիշարժան օրերը երկու պատճառով: «Մարդիկ կան, որոնք այդ գաղափարներն իրենցը չեն համարում եւ երբեք չեն համարել: Ավելին, դժվարին ու ծանր ժամանակներին, երբ այս ամենն իրականացվում էր, նրանք կամ այլ ճամբարում էին, կամ մի կողմ քաշված սպասում էին՝ տեսնելու, թե սկսված գործընթացն ինչով է վերջանալու, որ իրենք ճիշտ կողմնորոշվեին ու տեղավորվեին: Եվ երկրորդը՝ կա խանդ նախորդ իշխանությունների, ՀՀՇ-ի, ՀՀ Հիմնադիր նախագահ Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Որովհետեւ այս բոլոր պատմական մշտնջենական արժեքները որ ստեղծվել են, հայ ժողովուրդն այս ամենին հասել է ՀՀՇ-ի քաղաքական իշխանության օրոք: Եվ այսօրվա իշխանությունները սրա հետ կապված լուրջ խնդիր ունեն: Այդ իսկ պատճառով էլ տարիներ շարունակ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մոռացության մատնեն»,- արձանագրում է Ա. Հովակիմյանը:
Նկատենք, որ այս ամենից բացի, հասարակությունն ինքն էլ է անտարբեր դարձել անկախության խորհրդի հանդեպ: Եվ շատ քչերին է հուզում օրվա խորհուրդը: «Հասարակությունը իշխանությանը չի դիտում որպես իր ղեկավար, որպես իր կողմից ընտրված մենեջեր, որը կկազմակերպի երկրի աշխատանքը: Դրա համար էլ մարդիկ իրենց տներում նստած համակերպվել են: Հասունանում է այն պահը, երբ հասարակությունն ինքը կփորձի այդ խնդիրները վերահսկել՝ իր միջից ընտրելով իշխանություն»,- մեկնաբանում է ՀՀՇ վարչության փոխնախագահը: Իսկ ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանի խոսքերով, հասարակությունն ինքը պետք է զգա այդ օրվա նշանակությունը: «ՀՀ-ն կայացած երկիր կլինի նաեւ, եթե հասարակությունն իր երկրի հետ կապված օրերը հավուր պատշաճի նշի»,- գտնում է նա: Այնպես որ, շնորհավոր տոնդ, հայ ժողովուրդ: