Ամերիկյան հեղինակավոր Freedom House կազմակերպությունն իր վերջին զեկույցում ՀՀ-ում անցկացված ընտրությունների վերաբերյալ բավական կոշտ գնահատականներ է տվել: Նրանք փաստել են, որ Հայաստանում բոլոր համապետական ընտրություններն անցել են «լցոնումներով, քվեարկության կեղծումներով եւ այլ նման խախտումներով»: Ընդ որում, զեկույցում բաց տեքստով հայտարարել են, որ ինչպես 1998, այնպես էլ 2003թթ. ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը նախագահ է հռչակվել լուրջ խախտումների արդյունքում: «Իսկ անցած տարվա նոյեմբերի 27-ին կայացած վիճահարույց հանրաքվեն ավելի ընդգծված դարձրեց երկրում ձեւավորված ընտրական կեղծիքի մշակույթը: ԵԽ դիտորդական խումբը լուրջ կասկածի տակ առավ պաշտոնական արդյունքների հավաստիությունը: Ընտրողների չափազանց ցածր ակտիվությունը չի համապատասխանում այն բարձր թվերին, որոնք հրապարակել են ընտրական հանձնաժողովները»,- արձանագրել էին նրանք:
Հայաստանում ընտրությունները կազմակերպող ու անցկացնող մարմնի` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Աբրամ Բախչագուլյանից երեկ հետաքրքրվեցինք, թե իրենք ինչպե՞ս են մեկնաբանում ՀՀ-ում կեղծիքներով անցկացված ընտրությունների մասին միջազգային կազմակերպությունների հայտարարությունները: «Քանի որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ոչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները գոնե մեկ դիմում-բողոք չեն ստացել, ես բոլոր հայտարարությունները համարում եմ ոչ հավաստի եւ ոչ ստույգ: Որովհետեւ, եթե կան կազմակերպություններ, որոնք հայտարարում են սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղ գտած օրինազանցությունների մասին, բայց ժամանակին որպես դիտորդ չեն մասնակցել կամ դիմում-բողոքներ չեն ներկայացրել, ապա բոլոր այդ հայտարարությունները ստույգ չեն»,- հայտարարեց Ա. Բախչագուլյանը: Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների մասին հայտարարություններին, որոնց վերաբերյալ ժամանակին ոչ միայն եղան դիմում-բողոքներ, այլ նաեւ ընդդիմությունը դիմեց Սահմանադրական դատարան, ապա ԿԸՀ նախագահի տեղակալն ասաց. «ՍԴ-ն իր որոշումը հրապարակել է, եւ դրան ես ոչինչ չեմ կարող ավելացնել, քանի որ ՍԴ որոշումը վերջնական է եւ բեկանման ենթակա չէ»: Թեեւ, նույն ՍԴ-ն եւս իր որոշմամբ կասկածի տակ էր առել Ռ. Քոչարյանի լեգիտիմությունը` առաջարկելով երկրում վստահության հանրաքվե անցկացնել: Սակայն ՍԴ որոշմամբ առաջարկած վստահության հանրաքվեն այդպես էլ չանցկացվեց:
Ա. Գ.