Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է ընդամենը 2,5 միլիոն դոլար: Երեկ հրավիրած ասուլիսում նման կարծիք է հայտնել «Ազգային ժողովրդավարական դաշինք» (ԱԺԴ) կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: Այս գումարի շրջանակում ազատ ընտրությունների ապահովման համար կուսակցությունը համալիր ծրագիր է մշակել, որը, ինչպես հայտնեց Սադոյանը, ներկայացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի եւ միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ուշադրությանը, որոնք, ընդհանուր առմամբ, ողջունել են այն: Իսկ առաջինը հենց ԱՄՆ-ի դեսպանին է ներկայացվել, քանի որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել ԱՄՆ-ի կողմից ընտրությունների համար Հայաստանին հատկացվելիք 6,5 միլիոն դոլարի շրջանակում: Ծրագրով առաջարկվում է ընտրությունների ընթացքում քվեարկության ու արդյունքների էլեկտրոնային վերահսկողության եւ արտերկրում քվեաթերթիկների տպագրության ապահովում, վստահված անձանց եւ տեղական դիտորդների, ընտրական հանձնաժողովների անդամության մոտ 25 հազար թեկնածուների համար ուսուցման ապահովում, քարոզչության նպատակով ամենօրյա հեռուստառադիոհաղորդումների պատրաստում, եւ միջազգային ճանաչում ստացած օտարերկրյա գործիչների մասնակցությամբ բնակչության հետ հանդիպումների անցկացում: Ծրագիրը մերժելու դեպքում Ա. Սադոյանը մտադիր է դիմել միջազգային հանրությանը: ԱԺԴ ղեկավարը նաեւ նշել է, թե ծրագիրը վերջնական չէ եւ ավարտուն տեսք կստանա սեպտեմբերին: