Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ «Պրահայի գործընթացի» շրջանակներում: «Ներկայումս քննարկվում է այդ հանդիպման ժամկետը եւ վայրը: Նախօրեին ես խոսել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ: Համանախագահները մեզ են ներկայացրել հերթական հանդիպման ժամկետի եւ վայրի շուրջ մի քանի առաջարկներ: Մենք արդեն տվել ենք մեր համաձայնությունը»,- ըստ day.az-ի, ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: Նա նաեւ հայտնել է, որ Ադրբեջանի գրավյալ տարածքներում հրդեհների հետ կապված օգոստոսի 22-ին նամակներ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին եւ ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դը Գուխտին։ «Մենք սպասում ենք նրանց պատասխանին, եւ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիեւը լրջորեն զբաղվում է այդ հարցով: Ադրբեջանի դիրքորոշումը հետեւյալն է. մենք պահանջում ենք, որ մոտ օրերս ինչ-որ միջոցներ ձեռնարկվեն՝ հրդեհները կանխելու նպատակով, եւ պատրաստ ենք մեր մասնակցությունը բերել Հայաստանի հետ միասին»,- ասել է Է. Մամեդյարովը: