Սիրելի ընթերցող, այսօր իմ սյունակը տրամադրում եմ ադրբեջանցի լրագրող, իմ բարեկամ Ալեքպեր Ալիեւին, որովհետեւ այն, ինչ գրված է նրա «Թշնամու կերպարը» հոդվածում, կարող էի ես գրել։ Հոդվածն ընթերցելիս փորձեք հայի փոխարեն կարդալ ադրբեջանցի, իսկ ադրբեջանցու փոխարեն՝ հայ, եւ պարզ կլինի, որ արդեն ավելի քան մեկ տասնամյակ մենք վատնում ենք մարդու կյանքով ապրելու մեր ժամանակը։
Ալեքպեր ԱԼԻԵՎ
Ամեն մարդ էլ երեւի թշնամիներ ունի, ծայրահեղ դեպքում՝ ունի չարակամներ: Ինձ համար գլխավոր թշնամին եղել ու մնում է կոռումպացված եւ անկուշտ չինովնիկը, որն անդադար ձգտում է մեծ ունեցվածքի: Նա անտարբեր է այն ամենի նկատմամբ, ինչը կապված չէ իր անձնական բարգավաճման հետ: Եվ որպեսզի հասնի դրան, պատրաստ է ոտնահարելու հասարակ մարդու՝ այսինքն՝ մեր բոլորիս, սպասումներն ու ակնկալիքները: Մենք դա կարծես թե հասկանում ենք, բայց եթե նույն այդ չինովնիկին հարցնես մեր ժողովրդի գլխավոր թշնամու մասին, նա կփորձի անպայման համոզել, որ կոռումպացված չինովնիկն ամենեւին էլ գլխավոր չարիքը չէ մեր կյանքում, ինքն էլ՝ ամենեւին ոչ թշնամի։ Չէ՞ որ, ինքն ինչպիսին էլ լինի, ամեն դեպքում մերն է՝ ադրբեջանցի: Իսկ մեր թշնամին մեկն է՝ հայը:
Միշտ այսպես է, տեղից վեր կացողը հայ-ադրբեջանական հակամարտությունն օգտագործում է իր շահերից ելնելով: Եվ ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, որ հայրենասիրությունը սրիկաների թաքստոցը չէ։ Թեեւ ի՞նչ եմ ասում։ Իմ քառամյա որդուն անգամ արդեն հասցրել են պարզորոշ բացատրել, թե ով է նրա իսկական թշնամին:
Մի քանի օր առաջ մանկապարտեզից տուն վերադառնալով՝ տղաս պահանջեց, որ իր համար զինվորական համազգեստ եւ ավտոմատ գնեմ: Օգտվելով հայրական իրավունքից՝ հարցրի, թե ինչ է անելու ավտոմատն ու համազգեստը: Հետեւեց կարճ պատասխանը. «Հայերին եմ սպանելու»:
Այդ փոքրիկ մարդու պատասխանն ինձ անակնկալի բերեց: Նույնիսկ չիմացա, թե ինչ պատասխանեմ: Մեր տանը երբեք ոչ ոք նրան չի պատմել հայերի, վրացիների, հրեաների մասին եւ չի ասել, որ նրանց պետք է սպանել: Հետաքրքիր է, որտե՞ղ է լսել այդ բանը: Պարզվեց՝ լսել է մանկապարտեզում, չգիտեմ՝ դաստիարակի՞ց, թե՞ բարձր խմբերի երեխաներից (ամեն դեպքում` դաստիարակները երդվում էին, որ նման բան չեն ասել երեխաներին):
Ես չեմ ասում, թե պետք է երեխաներից թաքցնել այն ամենն, ինչ կատարվում է երկրում: Սակայն առաջին հերթին հարկավոր է հաշվի առնել խնդրի ընկալման նրանց ունակությունը: Անձամբ ես՝ իբրեւ ծնող, կնախընտրեի իմ երեխային պատմել կոռուպցիայի, փտած կրթական համակարգի, ծառայողական դիրքը չարաշահող չինովնիկների, ամեն տեսակ դավաճանների, պնակալեզների եւ այլնի մասին: Ամեն դեպքում դրանք ավելի իրական թշնամիներ են, որոնց հետ բախվում ենք ամեն օր: Մեկը կարող է առարկել, թե վերը թվարկվածը հասու չէ երեխայի ընկալմանը: Իսկ մի՞թե խոսքը թշնամի հայի մասին, որին պետք է սպանել, դյուրըմբռնելի է: Չիմանալով անգամ, թե որտեղ է գտնվում Հայաստանը եւ ովքեր են հայերը, նա արդեն ի դեմս նրանց տեսնում է թշնամիների, եւ ես չեմ կարծում, որ այդպիսի դաստիարակությունը լավ բանի կբերի:
Ոչ ոք իրավունք չունի խլելու մեր հույսը, որ մինչեւ մեր երեխաները մեծանան ու ի վիճակի լինեն հասկանալու, թե ինչ է շրջափակումը, հողերի կորուստը, փախստականները, պատերազմն ու արյունը, այդ հիմնախնդիրները լուծում կստանան:
Մեր հասարակությունն ապագա սերնդին հնարավորություն չի տալիս իրեն նախապատրաստել հարեւան ժողովրդի հետ խաղաղ գոյակցելու: Նույնիսկ եթե որոշ ժամանակ անց հակամարտությունը կարգավորվի, եւ կողմերը համաձայնության գան Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, երեխաների ենթագիտակցության մեջ կարմատավորվի թշնամի հայի կերպարը:
Եթե արդեն Ադրբեջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում են այդպիսի համառությամբ ստեղծում թշնամի հայի կերպարը, դա միայն մի բան է նշանակում. ենթագիտակցորեն մենք գիտենք, որ ղարաբաղյան հակամարտությունը դարերով երկարաձգվելու է, եւ նույնիսկ այն ժամանակ, երբ մեր երեխաները մեծացած կլինեն, այդ խնդիրն արդիական է լինելու:
Այդ դեպքում հարկավոր է հաշվի առնել, որ իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի հողերի կորստի մտքի հետ հաշտվելուն, եւ ադրբեջանցիների ապագա սերունդները պարզապես թքած կունենան Ղարաբաղի վրա, որը ոչ մի անգամ չեն տեսել, եւ որն ամոթալի կերպով տանուլ են տվել իրենց նախնիները: Նրանք արդեն կատեն մեզ՝ իրենց հայրերին ու պապերին:
Անձամբ ես չեմ ուզում իմ երեխաներին չլուծված խնդիրներ ժառանգել։ Ոչ մի նորմալ մարդ չի կարող այդպիսի բան ցանկանալ: Երեխաներին պետք է լավ բաներ սովորեցնել՝ կյանք, սեր, խաղաղություն: Իսկ պատերազմը պետք է ինքներս վերջացնենք, ոչ թե մեր փոխարեն դա պիտի անեն մեր երեխաները: Դա մեր հակամարտությունն է, մեր պատերազմը, նույնիսկ, եթե այն անհեթեթ է:
Հ.Գ. Հոդվածը տպագրվում է մասնակի կրճատումներով, որոնք արվել են տեղի սղության պատճառով եւ չեն աղճատում հեղինակի ասելիքը։