Ովքե՞ր են եղել հայերն անցյալ կյանքում

28/08/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Որպես հայ քրիստոնյա, ես լավ գիտակցում եմ, որ ռեինկարնացիան (հոգիների վերամարմնավորումը) քրիստոնեությունը չի ընդունում: Բայց, քանի որ սույն հոդվածը ոչ գիտական է, ոչ էլ, առավել եւս, կրոնական, կփորձեմ մի փոքր բացատրություն տալ այն ամենին, ինչ այսօր կատարվում է մեր հարազատ պետությունում: Էներգիայի պահպանման օրենքից ելնելով` պարզ է, որ ոչինչ ոչնչից չի ստեղծվում եւ, հետեւաբար, այսօրվա իրավիճակը (հասարակական եւ մարդկային հարաբերությունները) հետեւանք է ինչ-ինչ երեւույթների:

Եվ այսպես, ովքե՞ր են եղել հայերը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանը դարձել է մեծ աղբանոց (եթե որեւէ մեկի մոտ այս առումով առարկություն կլինի, թող գնա Սեւան, կամ երեկոները ոտքով շրջի Երեւանի, Գյումրիի կամ Վանաձորի փողոցներով), ապա կարելի է ենթադրել, որ հայերն անցյալ կյանքում մուկ են եղել, կամ, ավելի ճիշտ, առնետ, որովհետեւ աղբ սիրելուց առավել, մենք սիրում ենք «կռիսությունը»: Բացի այդ, մենք ոսկի շատ ենք սիրում: Խոսքը Տիգրան Սարգսյանի մասին չէ, որը վաճառեց ոսկու պահուստային ֆոնդը: Բայց նա, ի տարբերություն մյուս հայերի, ԿԲ-ի նախագահն է, եւ դատելով նրա անմեղ զրույցներից` կարելի է ենթադրել, որ անցյալ կյանքում նա «ոՏՋՖՌռ ՏՊցՉՈվփՌՍ» է եղել: Մյուս կողմից, վերջին 15 տարիների ընթացքում հայերը նպատակասլաց ոչնչացնում են Հայաստան աշխարհի կանաչ տարածքները: Այստեղից կարելի է ենթադրել, որ անցյալ կյանքում հայերը եղել են անապատաբնակ: Ասենք` օձեր, կարիճներ կամ մողեսներ: Վերջին միտքը «Նիգ-Ապարանին» չի վերաբերում: Ուրիշ բան չմտածեք, ուղղակի այդ մարդիկ այս տարի կանաչապատեցին ողջ Հայաստանը: Չնայած անցյալ տարի նրանց ավելի շատ դուր էին գալիս տաք ասֆալտի վրա պարերը: Այս առումով նրանք անցյալում աֆրիկացի են եղել, որոնք սիրում են տաք ածուխի վրա պարել: «Օրինաց երկիրն» անցյալ կյանքում իշխանություն է եղել: Այստեղ ավելի դժվար է կռահել, թե ո՞վ են նրանք հիմա: Որովհետեւ, երբ այնտեղից գնացին «առնետները» եւ Սերգո Երիցյանը, որն ինչպես անցյալ, այնպես էլ ներկա կյանքում «կաղնի» է, այնտեղ մնացել են միայն Արթուր Բաղդասարյանի «ֆանատները», որոնք մի երկու ամիս «մկան ծակը փոխ էին առել», հիմա էլ «առյուծի սիրտ են կերել»: Ինչ վերաբերում է անձամբ Արթուր Բաղդասարյանին, որն իր հարցազրույցներում ուրիշներին կոչ է անում` «փոքրիկ «ես»-ը դնել մի կողմ եւ կոնսոլիդացվել», ինքն այնքան շատ է օգտագործում «ես» բառը (իր վաղեմի «դուշման» Արտաշես Գեղամյանի պես), որ ակամայից ենթադրում ես, թե անցյալում նրանք «նարցիս» են եղել:

Քանի որ դաշնակցականներին միայն «Ծովից ծովն է» հետաքրքրում, կարելի է եզրակացնել, որ նրանք անցյալում բնակվել են ջրային միջավայրում, որտեղ եւ շնաձկներ կան, եւ տափակաձկներ, եւ ջրիմուռներ եւ խխունջներ: Իսկ եթե հիշենք, որ դաշնակցականները շատ են սիրում գաղտնիությունը, նրանց անդամների մեծ մասը չբացահայտված է կամ սառեցված, ապա հասկանալի է դառնում, որ նրանք անցյալում «այսբերգ» են եղել:

Իսկ եթե ուզում եք իմանալ, թե ով է եղել Վիկտոր Դալլաքյանն անցյալ կյանքում, կարդացեք մեր թերթի նախորդ համարը: Ինչ վերաբերում է հանրապետականներին, ապա նրանք անցյալ կյանքում ամեն ինչ էլ եղել են` քաղբանտարկյալ եւ կոմունիստ, ցեղակրոն եւ օլիգարխ, նախարար եւ պատգամավոր: Օրինակ` Արամ Կարապետյանն անցյալ կյանքում ռուս է եղել, Րաֆֆի Հովհաննիսյանն` ամերիկացի, իսկ Հովհաննես Հովհաննիսյանը` համ ռուս, համ ամերիկացի: Աղասի Արշակյանը` բելառուս, բայց ապարանցու ակցենտով: Արշակ Սադոյանը` «հարգելի ռադիոլսող», Կոստանդյան Գագիկը` մենթ, իսկ Արամ Զավենիչը` «ռոմանտիկ»: Եթե հիշենք 90-ականների սկիզբը, կարելի է ենթադրել, որ ՀՀՇ-ականներն անցյալում «խավարասեր» (մթություն սիրող) են եղել, բայց շատ «ինտելիգենտ»: Նրանք «ինտելիգենտ» ձեւով իշխանությունը հանձնեցին Ռոբերտ Քոչարյանին, որն անցյալ կյանքում ղարաբաղցի է եղել: Սերժ Սարգսյանը անցյալ կյանքում «Հանրապետական» չի եղել, իսկ Անդրանիկ Մարգարյանը քաղբանտարկյալ է եղել, Շառլ Ազնավուրը Ջավախքից է եղել, իսկ երգչուհի Շերը, պարզվում է, Սուխոյ Ֆանտան գյուղից է եղել: Գագիկ Ծառուկյանն անցյալ կյանքում շատ բարգավաճ է եղել, Միխայիլ Բաղդասարովը՝ ոչ մի բան էլ չի եղել: «Զատո» հիմա` ֆուտբոլից սկսած մինչեւ «Արմավիա»` սաղ իրենն է: Բայց այստեղ կարեւորը ոչ թե քանակն է, այլ որակը: Հայ երգիչները հիմնականում աստղ են եղել, բայց տոնածառի, իսկ հումորիստները` «պլյաժի քար», բայց ոչ թե` որ «իրենց մեջ արյուն կա», այլ` որովհետեւ շատ տափակ են: Հեռուստատեսություններն անցյալ կյանքում «պիռատ են եղել», բայց շատ հնազանդ: Հասարակական կազմակերպությունները` մի մասը «պառազիտ» են եղել, իսկ մյուս մասը` «շպիոն»:

Եթե այս ամենի հետ հայ ժողովուրդը հեշտությամբ հաշտվել է, ուրեմն կարելի է ենթադրել, որ ժողովուրդն անցյալ կյանքում սերտ առնչություն է ունեցել թռչնաֆաբրիկայի հետ։

Քիչ էր մնում մոռանայի, որ ես լավատես եմ: Իսկ լավատեսությունս ինձ հուշում է, որ կարեւոր չէ, թե ո՞վ են եղել հայերն անցյալում: Կարեւորը` թե ո՞վ կլինենք մենք ապագայում: Եվ համոզված լինելով, որ մեր ապագա սերունդը չի հանդուրժի երգիչ ջեբկիրներին, ջեբկիր բռնող պարողներին, «հաբռգած գեղցիներին» եւ «սութի պոպուլիստ դեմոկրատներին», ուզում եմ մեր երեխաներին եւ երիտասարդներին մաղթել ուսումնական տարվա հաջող մեկնարկ: