Քոչարյանի այցը նախապատրաստվում է արդեն երկու տարի

28/08/2006 Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ամեն օր Վաշինգտոն ժամանում է ավելի շատ պատվիրակություն, քան Նյու Յորք: Սա հենց այնպես ցուցանիշ չէ: Ու խոսքն էլ բոլորովին զբոսաշրջիկների մասին չէ: Սա նշանակում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը Վաշինգտոնում իր ազդեցությամբ ոչ միայն չի զիջում, այլեւ վաղուց արդեն «հաղթել է» Միացյալ Ազգերի Կազմակերպությանը, որ Նյու Յորքում է: Վաշինգտոնը դարձել է դիվանագիտական հարաբերությունների հայրենիքը: Երրորդ Հռոմը: Երկրներն իրենց հարցերը ցանկանում են լուծել ոչ թե բյուրոկրատական եւ երկար ժամանակ պահանջող ՄԱԿ-ում, այլ հենց միանգամից Վաշինգտոնում` ԱՄՆ-ի հետ: Վերջին օրինակը` Իսրայելը ստացավ միա՛յն ԱՄՆ-ի թույլտվությունը եւ հարձակվեց Լիբանանի վրա: ՄԱԿ-ի դեպքում պետք էր Անվտանգության խորհրդի որոշումը, որը հաստատ երկար քննարկման էին դատապարտելու առնվազն Ռուսաստանն ու Ֆրանսիան:

Այդ պատճառով Վաշինգտոն գալը, նշանակում է «Մեծ ախպոր» հետ կարգավորել քո երկրի համար հանգուցային հարցերը: Դե, «Մեծ ախպերն էլ» ոչինչ հենց այնպես չի անում: Ամեն ինչ իր գինն ունի:

Ադրբեջանական մամուլը գրեթե հաղթարշավի պես էր ներկայացնում Իլհամ Ալիեւի այցը Վաշինգտոն: Համոզիչ թվալու համար անգամ մեջբերում էին Ջորջ Բուշի շնորհակալական խոսքը Ալիեւ կրտսերին, թե «աղջկա հարսանիքի նախապատրաստությունը թողած, եկել-հասել է մեզ տեսնելու»: Իրականում ամերիկա-ադրբեջանական բանակցությունները Բաքվի համար շատ ծանր էին եւ, ըստ դիտորդների, շատ թանկ նստեցին: Ալիեւ կրտսերը ԱՄՆ մայրաքաղաք էր ձգտում ընտրվելուց անմիջապես հետո: Բանակցություններն օրակարգի վերաբերյալ տեւեցին գրեթե երեք տարի: Ըստ վերլուծաբանների, Սպիտակ Տունը ստացավ իր համար առանցքային բոլոր խնդիրների վերաբերյալ Բաքվի համաձայնությունը: Դրանք նախեւառաջ պայմանավորված են երկու հանգամանքով. նավթատար եւ Իրան: Ասում են, որ Ալիեւը համաձայնել է անգամ իր մոտ տեղակայել ամերիկյան ծովային հետեւակների, սակայն պայմանով, որ այն չի լուսաբանվի այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր է:

Մեր մյուս հարեւանի վերաբերյալ: Միխայիլ Սահակաշվիլին վաղուց արդեն Բուշին ուղղակի անվանում է «Մեծ ախպեր» եւ իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ըստ Սպիտակ Տան ուղեցույցների: Վրացի քաղաքագետները դրանում վատ բան չեն տեսնում, բայց մտավախություն ունեն, որ Թբիլիսին կրտսեր գործընկերոջից վերածվում է գրեթե ամերիկյան «ֆորպոստի» Կովկասում: Կամակատարի:

Գրեթե երեք տարի տեւում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի այցի նախապատրաստական աշխատանքը: Նախկին դեսպան Արման Կիրակոսյանի սկսած բանակցություններն այժմ ինտենսիվորեն առաջ է տանում նոր դեսպանը` Թաթուլ Մարգարյանը: Ամերիկյան կրթությամբ, անգլերենի փայլուն իմացությամբ եւ մենեջերի լավ ունակություններով Մարգարյանը կարողացել է նոր հունի մեջ դնել դեսպանատան աշխատանքը: Հաճախ է մեկնում Նյու Յորք, որտեղ համակարգում է նաեւ Արմեն Մարտիրոսյանի գործունեությունը: Վերջինս ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչն է, եւ այն դեպքից հետո, երբ ադրբեջանցիները կարողացել էին բանաձեւ խցկել ՄԱԿ, Մարտիրոսյանի նկատմամբ վստահության պակաս է զգացվում եւ վերահսկողության կարիք: Հենց դրանով է նաեւ զբաղվում մեր դեսպանը:

Ինչեւէ, ակնկալվում է, որ մինչեւ իր լիազորությունների ավարտը, Ռոբերտ Քոչարյանն այնուամենայնիվ կայցելի Վաշինգտոն: Սակայն ցայսօր բանակցություններն անարդյունավետ են եղել: Ըստ մեր աղբյուրների, ամերիկացիները չափազանց շատ նախապայման են դնում հայկական կողմի առաջ: Մերոնք ցանկանում են «այց` առանց նախապայմանների», ամերիկացիները` «այց` համաձայնեցված օրակարգով»: Ինչ հարցեր են դրանք, կարելի է ընդամենը կռահել: Դրանք բարձր մակարդակի եւ մի քանի տարիների կտրվածքով պայմանավորվածություններ են, որոնց համաձայնելով, Հայաստանը պարտավորվելու է դա կատարել, անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին: Այդ պատճառով է, որ Երեւանը չի շտապում:

Այս իմաստով գուցե Հայաստանն իրավացի է: Հաշվի առնելով առաջիկա ընտրությունները եւ փաստը, որ հանրապետականները գնալով պակաս ու պակաս պոպուլյար են դառնում: Գուցե պատեհ է իսկապես սպասելը մինչեւ նոր վարչակարգի ձեւավորումը: Թեեւ մյուս կողմից` անընդհատ զարգացող հարաբերություններում եւ բազմաբեւեռ աշխարհում երբեմն ավելորդ զգուշավորությունը կարող է հակառակ էֆեկտն ունենալ: Ու ռիսկի գնալը նույնչափ կարեւոր է ու անհրաժեշտ: