Միջազգային մեկուսացման ուրվականը

28/08/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Այն, ինչ այսօր տեղի է ունենում դոլարի փոխարժեքի հետ, տարբեր մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում։ Իշխանությունները պնդում են, թե դրամի արժեւորման պատճառը տնտեսության երկնիշ աճն է եւ միջազգային տրանսֆերտների հոսքի մեծացումը, մյուսները համոզված են, որ իրականում իշխանություններն ու նրանց կից օլիգարխները պարզապես գերշահույթներ ստանալու հեշտ ձեւ են գտել եւ ընտրություններից առաջ փող են հավաքում։ Հասկանալի է, որ իշխանությունների մեկնաբանությունները որեւէ քննադատության չեն դիմանում։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դոլարի արհեստական արժեզրկումը միայն ֆինանսական հաջող սպեկուլյացիա չէ։ Դա Հայաստանի միջազգային մեկուսացման (խոսքը եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական մեկուսացման մասին է) ուղղակի հետեւանքն է։ Ընդ որում, նույնը տեղի է ունենում առանց բացառության բոլոր ոլորտներում, պարզապես դոլարի փոխարժեքն ամենաակնառուն է։

Փաստորեն ի՞նչ է տեղի ունենում։ Հայկական դրամը, որը Հայաստանի սահմաններից դուրս ընդամենը սովորական թղթի կտոր է, անընդհատ արժեւորվում է, իսկ դոլարը, որը Հայաստանի սահմաններից դուրս շարունակում է մնալ ամենահարգի եւ տարածված վճարամիջոցը, անընդհատ արժեզրկվում է։ Բայց չէ՞ որ նույնը տեղի է ունենում նաեւ այլ ոլորտներում։ Օրինակ, հայկական հեռուստաեթերից աստիճանաբար դուրս է մղվում այն երաժշտությունը, որը հարգի է ամբողջ աշխարհում, փոխարենը` հեռուստաեթերը լցվում է այնպիսի «երգարվեստով», որը լսելիս մեզանից բացի ցանկացած ուրիշ մեկը պարզապես կփշաքաղվեր։ Կամ օրինակ` ղարաբաղյան հարցը քննարկելիս մեզանում աստիճանաբար արժեզրկվում են միջազգային հիմնարար սկզբունքները (դրանց վրա «թքած ունենալը» հայրենասիրության նշան է համարվում), փոխարենը` առաջին պլան է մղվում, ասենք, Աղդամի մերձակայքում պատմական Տիգրանակերտի ավերակների հայտնաբերումը։ Ընդ որում, այդ ոլորտին քչից-շատից ծանոթ բոլորը գիտեն, որ Աղդամի մերձակա Տիգրանակերտի հայտնաբերումն ամենեւին էլ գիտական սենսացիա չէ. այդ հնավայրը հայտնի էր դեռեւս խորհրդային տարիներին` «Թառնաքյաթ» անվանումով (սա «Տիգրանակերտ» անվանման աղավաղված արտասանությունն է)։ Այլ կերպ ասած, քանի որ Հայաստանն աստիճանաբար մեկուսանում է արտաքին աշխարհից, Հայաստանում անխուսափելիորեն պիտի ձեւավորվի միանգամայն այլ արժեքային համակարգ` արտաքին աշխարհի հետ ոչ մի կապ չունեցող։ Հենց դա էլ այսօր տեղի է ունենում։

Բանն այն է, որ Հայաստանը, որպես տնտեսական միավոր, այսօր վնասով աշխատող «հիմնարկ» է։ Պարզ ասած, Հայաստանը տարեկան սպառում է շատ ավելի շատ, քան արտադրում է։ «Դոտացիան» ստացվում է արտասահմանից` մասնավոր տրանսֆերտների ձեւով։ Եվ ստացվում է, որ Հայաստանն ընդամենը տարածք է, որի բնակիչները դրսից եկող գումարներով գնում են դրսից բերված սննդամթերքը։ Բայց պետք չէ տնտեսագետ լինել` հասկանալու համար, որ ոչ մի «հիմնարկ» չի կարող անընդհատ դոտացիայով գոյատեւել։ Այլ կերպ ասած, այսօրվա վիճակը միայն երկու շարունակություն կարող է ունենալ։ Կամ պիտի ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը տնտեսապես դառնա «օգուտով աշխատող հիմնարկ» (իսկ դրա համար անհրաժեշտ կլինի դուրս գալ շրջափակումից եւ ինտեգրվել տարածաշրջանային ծրագրերին), կամ պետք է ամեն ինչ անել, որպեսզի «դոտացիոն հոսքերը» շարունակվեն։ Փաստորեն, իշխանություններն ընտրել են երկրորդ տարբերակը եւ առայժմ գոյատեւում են` լավ հասկանալով, որ նման վիճակը, միեւնույն է, երկար շարունակվել չի կարող։ Իսկ այն 30 ցենտը, որ ՀՀ քաղաքացիները կորցնում են դրսից ստացվող յուրաքանչյուր դոլարից, հենց այն գինն է, որը վճարվում է Հայաստանի միջազգային մեկուսացման դիմաց։ Ընդ որում, այդ գինն աստիճանաբար մեծանալու է, որովհետեւ Հայաստանի մեկուսացումը գնալով խորանում է (միայն այս տարվա ընթացքում մեկուսացումը խորացել է «երեք կետով»` Սադախլոյի շուկայի վերացումը, Վերին Լարսի փակումը եւ հայկական կոնյակի պրոբլեմները ռուսական շուկայում)։

Վերջերս ՀՀ գյուղնախարարը մի հետաքրքիր միտք արտահայտեց, որն ամբողջովին արտացոլում է իշխանությունների պատկերացումները երկրի տնտեսության ապագայի մասին։ Նա հայտարարեց, թե պետք է զարգացնել էկոլոգիապես մաքուր բանջարեղենի արտադրությունը, եւ իմիջիայլոց նկատեց` «իհարկե, դրա արդյունքում գինը մի քանի անգամ կբարձրանա…»։ Փոխարենը` զբոսաշրջիկներին դա դուր կգա։ Իսկ թե ինչպես պիտի գոյատեւեն ՀՀ քաղաքացիները` որեւէ մեկին, բնականաբար, չի հետաքրքրում։ Ով չկարողանա գոյատեւել, թող գնա Ռուսաստան եւ այնտեղից դոտացիա ուղարկի։ Իսկ Հայաստանում թող մնան միայն պետական պաշտոնյաներն ու Բիբլիական հայրենիքում զբոսաշրջիկների համար էկոլոգիապես մաքուր կարտոֆիլ տապակող սպասարկող անձնակազմը։