Մի հանցագործության պատմություն

28/08/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ամռան վերջում ազգս նոր զբաղմունք է գտել: Ավելի ճիշտ՝ ազգիս գրագետ հատվածը: Հանրապետական մամուլում քննարկման թեման երկրի օրհներգն է: Մտավորականությունը, սույն բառի օգտագործման համար իհարկե հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, կիսվել է երկու բանակի: Մի մասը կամ օրհնելով, կամ անիծելով խորհրդային անցյալը` պահանջում է վերականգնել խաչատրյանական հիմնը: Մյուս մասն էլ պահանջում է հարգել «գործող» հիմնը: Առաջինը պնդողները որպես փաստարկ նշում են, որ Արամ Խաչատրյան անուն-ազգանունն ամենահայտնին է աշխարհում: «Յան» վերջավորություն ունեցող ազգանուններից, իհարկե: Երկրորդ մասը չի հոգնում հիշեցնել, որ գործող հիմնով՝ «Մեր հայրենիքով», մեզ 20-րդ դարում երկու անգամ հաջողվել է անկախ պետություն ստեղծել: Ընդունեք, որ երկու կողմն էլ լուրջ են իրենց փաստարկներում: Մինչ ազգիս գրագետ ու պառակտված հատվածը փորձում է պաթետիկ, տոնական, հզոր երաժշտություն ու տեքստ ունեցող հիմն ապսպրել ազգիս համար, ես ամեն օր հակառակն եմ անում: Նախապես ասեմ, որ այս հատվածից սկսած` շարադրելու եմ մի կրկնվող հանցագործության պատմություն: Հետեւաբար, համապատասխան մարմինները սույն հոդվածը կարող են ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:

Եվ այսպես, 2000թ. հուլիսին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է օրենք ակցիզային հարկի մասին: Օրենքը նշում է ապրանքների այն ցանկը, որ մեր երկրի տարածքում ենթակա է ակցիզային հարկման: Լայն դասակարգմամբ ակցիզային հարկ վճարում են ալկոհոլ, ծխախոտ եւ նավթամթերքներ արտադրողներն ու ներմուծողները: Մեր իշխանություններն, ի դեմս հարկային մարմինների, այս ապրանքատեսակներից շատերի համար ակցիզային դրոշմանիշեր են թողարկում: Ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի, սպառողների շահերի պաշտպանության վեհ նպատակով նրանք պահանջում են, ու երկրում վաճառվեն միայն ակցիզային համապատասխան դրոշմանիշ ունեցող սիգարետներ, ալկոհոլային խմիչքներ: Իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու, ժամկետանց ապրանքները առեւտրի համակարգից հանելու նպատակով հարկային ու մաքսային կառույցները պարբերաբար փոխում են դրոշմանիշերը: Որպես կանոն` փոխվում է միայն ակցիզային դրոշմանիշերի գունավորումը, պատկերային հատվածը շարունակում է մնալ նույնը: Դրոշմանիշերի կրկնակի օգտագործումը բացառելու նպատակով մշակված հատուկ կարգը պահանջում է, որ ալկոհոլի շշի, ծխախոտի տուփի բացման ընթացքում ակցիզային դրոշմանիշը վնասվի: Պարզ ասած՝ ճղվի եւ հետագա օգտագործման համար պիտանի չլինի: Իմ կողմից շարունակաբար կրկնվող հանցագործության սահմռկեցուցիչ մանրամասներն ավելի առարկայական ներկայացնելու համար ես այժմ ստիպված եմ անդրադառնալ ՀՀ օրենսդրությանը: Մեր Մայր օրենքի՝ Սահմանադրության 13-րդ հոդվածը նկարագրում է երկրի հիմնական խորհրդանիշերը՝ ՀՀ Դրոշը, Զինանշանը, Հիմնը: Այն պատճառով, որ «գործող» հիմնը հարաբերական է ընկալվում, մենք հիմնի մասին օրենք չունենք: Փոխարենն` առանձին-առանձին օրենքներ ունենք դրոշ ու զինանշանի մասին: Դրանք ընդունվել են խորհրդարանում միաժամանակ՝ 2006թ. հունիսի 15-ին: «ՀՀ զինանշանի մասին օրենքը» դրվագ առ դրվագ բացատրում է մեր երկրի զինանշանի վրա եղած պատկերներ, նշում, թե ինչ են խորհրդանշում դրանք: Օրենքի 5-րդ հոդվածը բացատրում է ՀՀ զինանշանի տեղադրման կարգը: Իսկ այ, 9-րդ հոդվածը զգուշացնում է, որ «սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով»: Շատ պարզ ասած` օրենքը զգուշացնում է, որ մեր երկրի սույն խորհրդանիշը պաշտպանված է օրենքով եւ այն կամայական օգտագործել կամ անարգել չի կարելի: Մինչդեռ ես շատ-շատ քաղաքացիների նման պարբերաբար դրանով եմ զբաղված: Փորձեք բացել որեւէ ծխախոտի տուփ եւ ինքներդ կհամոզվեք դրանում: ՀՀ օրենքի համաձայն` «օրենքով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Օգտվելով օրենսդրական իր հնարավորությունից` մեր կառավարությունը թույլատրել է ՀՀ զինանշանը տեղադրել ակցիզային դրոշմանիշերի վրա: Սույնով կառավարությունը հավանաբար նպատակ է ունեցել կեղծ դրոշմանիշեր պատրաստողներին զգուշացնել, որ իրենք ինչ-որ թղթի կտոր չեն կեղծում, այլ համարյա պետական փաստաթուղթ: Սակայն չեն նկատել, թե դրոշմանիշի ո՞ր մասում է պատկերված ՀՀ զինանշանը: Կառավարական մեկ այլ որոշմանը համահունչ` զինանշանը ճիշտ ու ճիշտ պատռվող մասի վրա է: Այսինքն` ծխախոտի տուփ կամ ալկոհոլի շիշ բացող ցանկացած քաղաքացի ակամա անարգում է երկրի խորհրդանիշը: Մի քանի ամիս առաջ այս անպատասխանատու արարքը գուցե եւ տանելի էր: Սակայն այսօր, երբ ազգս հերթական զարթոնքն է ապրում, եւ ազգիս ընտիր հատվածը քրտինք կտրած մեր երկրի նոր հիմնի փնտրտուքի մեջ է, ներելի չէ: Անկեղծ ասած, ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչո՞ւ պիտի հարկային դրոշմանիշի վրա երկրի խորհրդանիշը լինի: Չեմ պատկերացնում Ֆրանսիայի կամ Գերմանիայի զինանշանը որեւէ ակցիզային ապրանքի վրա: Ի վերջո, ակցիզային հարկման ապրանքատեսակ կարող է հայտարարվել, օրինակ, մաստակը կամ զուգարանի թուղթը: