Ինչպես տեղեկացրել էինք, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի առաջին փոխնախագահ, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի ՆԱՏՕ-ի խմբի նախագահ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից պատգամավոր Վախիտ Էրդեմը ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի դեմ վերջերս Վեհաժողովին բողոք էր ուղղել: ԱՊԱ գործակալությանը նա հայտնել էր, որ հունիսի կեսերին, երբ ՆԱՏՕ ԽՎ պատվիրակությունը Երեւանում էր, Տ. Թորոսյանը վիրավորել էր իրեն: «Ինձ վիրավորելու համար Տիգրան Թորոսյանի դեմ բողոքով առաջին անգամ ես դիմում եմ հղել Վեհաժողովին հունիսին: Տ. Թորոսյանն իր հերթին նույնպես իմ մասին դիմում է ներկայացրել Վեհաժողովին: Ես Վեհաժողովի նախագահի ստորագրությամբ նամակ եմ ստացել այդ մասին եւ երեկ ուղարկել եմ բողոքի իմ երկրորդ դիմումը: Վաղը ես մանրամասն պարզաբանում կներկայացնեմ այդ առնչությամբ»,- ԱՊԱ գործալությանն ասել էր նա: Մեզ հետ զրույցում Տիգրան Թորոսյանն ասաց, որ Վախիտ Էրդեմը Երեւանում փորձել է սադրանք անել եւ մեր երկրի ու ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալ: «Ուզում էր գնալ եւ այդկերպ Թուրքիայում միավորներ հավաքել: Սակայն դրա համար կտրուկ հակահարված ստացավ: Դրանից հետո փորձեց ինչ-որ ձեւով արդարանալ ու այդ ամենի մեջ ներգրավել ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահին: Բայց սա էլ չհաջողվեց»,- ասաց պրն Թորոսյանը: ԱԺ նախագահի խոսքերով, Վ. Էրդեմը հետագայում բողոքել է նաեւ, որ Հայաստանում իրեն զրկել են անվտանգության ծառայությունից, առանձին ավտոմեքենա չեն տրամադրել: «Իրեն ոչ մեկը նման մեծ պատիվ չէր էլ անելու: Որեւէ պատգամավորի, եթե նա խորհրդարանի նախագահ չէ, հատուկ մեքենա չի տրամադրվում: Պատվիրակություններին տրամադրվել են միկրոավտոբուսներ: Բացի այդ, երբ նա վերադառնում էր, ապա ցանկացած ուղեւորի գրանցում են սովորական հիմունքներով: Նա սովորական պատգամավոր է եւ նրա նկատմամբ եղել է սովորական վերաբերմունք»,- հայտարարեց Տ. Թորոսյանը: Վ. Էրդեմի՝ ՆԱՏՕ-ի ԽՎ-ին ուղղված բողոքը որեւէ հետեւանք չի ունեցել: «Պարոն Լելուշին նամակ է ուղարկվել, որտեղ ասվել է, որ մարդն իրեն պահել է ոչ արժանապատիվ, եւ ներկայացվել էր, թե ինչ է կատարվել: Ի դեպ, ասեմ, որ նույն պատվիրակությունից շատ մարդիկ ավարտից հետո մոտեցան ու ասացին, որ իրենք կիսում են այն տեսակետը, որ արտահայտվեց այդ մարդու վերաբերյալ: Պարոն Լելուշն էլ շատ կոռեկտ կերպով պատասխանել է»,- տեղեկացրեց ԱԺ նախագահը՝ սակայն չմանրամասնեց, թե Լելուշը կոնկրետ ինչ է գրել: Ի դեպ, Տ. Թորոսյանը նաեւ զգուշացրեց, որ ցանկացած մարդ եթե գա Հայաստանի խորհրդարան ու փորձի դուրս գալ կոռեկտության սահմաններից՝ վիրավորելով հայ ժողովրդին ու պետությանը, ապա «անմիջապես կստանա նույն պատասխանը»: