Օգոստոսի 23-ին ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում էր «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծի մասին» հարցը: Փոփոխությունը հիմնականում վերաբերում էր հանրակրթական դպրոցներում 12-ամյա կրթությանն անցնելուն, որի նախապատրաստական աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: Չնայած պատգամավորներից մի քանիսի կարծիքով` կատարված նախապատրաստական այդ աշխատանքները բավարար չեն, եւ այդ թեմայով պետք էր անցկացնել նաեւ հանրային քննարկումներ, այնուամենայնիվ, խորհրդարանն ընդունեց փոփոխությունը: Նիստի ընթացքում ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանը խոստովանեց, որ, իրոք, հանրային քննարկումներ չեն եղել, ինչը շատ ցանկալի կլիներ:
Հանրային քննարկումներ չեն եղել, սակայն ԼՂՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնվել էին խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, հանրապետության ուսումնական տարբեր հաստատությունների ղեկավարներ եւ մանկավարժներ: Լսումների ընթացքում ելույթ էին ունեցել նաեւ Հայաստանից հրավիրված ՀՀ ԱԺ Գիտության, կրթության եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը ու ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, ովքեր ներկաներին ծանոթացրել էին նոր կրթակարգի մանրամասնություններին: Հրանուշ Հակոբյանի հավաստմամբ, բարեփոխման արդյունքում 9-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտների 20-30 տոկոսը չի գնա ավագ դպրոց: Նա միաժամանակ կարեւորել է արհեստագործական ուսումնական հաստատությունների վերականգնումը: «Օրենքը թույլ է տալիս, որ մենք դպրոցում ունենանք հոսքային դասարան, որտեղ արհեստներ են սովորեցնում: Սրանով մենք կունենանք նաեւ ֆիզիկա-մաթեմատիկական, հումանիտար, բնագիտական եւ այլ թեքումով դասարաններ»,- նշել է Հ. Հակոբյանը:
Ըստ նոր կրթակարգի, այս ուսումնական տարում կունենանք 2 առաջին դասարան՝ մեկը՝ 6 տարեկանների, իսկ մյուսը՝ 6.5-7 տարեկանների համար: Ղարաբաղում մանկավարժները եւս մտահոգված են 12-ամյա կրթությանն անցնելու ծրագրով:
ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանի հավաստմամբ, օգոստոսի 25-ին Ղարաբաղ կբերվեն համապատասխան դասագրքեր եւ կսկսվեն ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: