«ՀՀ կառավարությունն իր համաձայնությունն արդեն տվել է Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելուն: Իսկ դեսպանի աշխատանքը կատարելու համար ամենեւին էական չէ, թե Ռիչարդ Հոգլանդն ինչպես է ցանկանում անցկացնել իր ազատ ժամանակը: Սակայն Հոգլանդը դեռեւս պետք է անցնի ներպետական ընթացակարգեր, եւ դրանից հետո նա, հավանաբար, նշանակում կստանա»,- մեր հետաքրքրությանը՝ ՀՀ Արտգործնախարարությունում տեղյա՞կ են, որ Հայաստանում (ամենայն հավանականությամբ) նշանակվելիք ԱՄՆ դեսպան Ռիչարդ Հոգլանդը մեր երկիր է ժամանելու ոչ թե սիրելի կնոջ, այլ իր բոյ ֆրենդի հետ, այսպես արձագանքեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նա նաեւ կոչ արեց հանդուրժողականություն դրսեւորել եւ հնարավոր դեսպանի նախասիրությունները սրերով չընդունել. «Առիթ մի՛ տվեք, որ մեր երկրի մասին մտածեն, թե այստեղ նախնադարյան բարքեր են: Եթե ժողովրդավարական երկրի մասին ենք խոսում, ապա պետք է հարգենք մարդու իրավունքները. յուրաքանչյուրն ազատ է իր ցանկացած ձեւով տնօրինել իր կյանքը: Օրինակ՝ ես շատ եմ սիրում լսել Էլթոն Ջոնին (խոսնակի պաշտոնակատարը սրանով ցանկանում էր ասել, որ Էլթոն Ջոնն էլ է համասեռամոլ, սակայն դա նրան ամենեւին չի խանգարում հրաշալի երգեր գրելուն եւ դրանք վարպետությամբ կատարելուն.-Լ.Ա.)»: Զրույցին ներդաշնակություն տալու համար նշեցինք, որ մենք էլ անչափ սիրում ենք Ֆրեդի Մերկուրի, ավելին՝ Չայկովսկի, սակայն այն, ինչ արվեստի ասպարեզում կարծես անհրաժեշտ ատրիբուտ է, այնքան էլ չի ընկալվում դիվանագիտական աշխատանքում, մասնավորապես՝ Հայաստանում: Եվ հետո, երբ խոսում ենք մարդու իրավունքների մասին, արժե նկատի առնել նաեւ մեր չինովնիկների իրավունքները. իր սեռակիցների նկատմամբ թուլությունն արդյոք ինչ-որ չափով չի՞ վտանգում տեղի պաշտոնյաների հետ (որոնց 98 տոկոսը տղամարդ է) դեսպանի արդյունավետ աշխատելուն: Բացի դա՝ չէ՞ որ սա կարող է նախադեպ դառնալ: Կարապետյանը զարմացավ. «Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ սա առաջին դեպքն է,- ապա մանրամասնություններին կարեւորություն չտալով՝ ավելացրեց,- դիվանագիտություն՝ նշանակում է՝ այն քաղաքացին, որը ներկայացնում է տվյալ երկիրը, ժամանակավորապես պետք է իր գործունեությունն իրականացնի մեր հողի վրա՝ հօգուտ իրեն նշանակած պետության բարօրության: Ի դեպ, գիտեք, որ մինչ Հայաստան գալը, Հոգլանդն ԱՄՆ-ը ներկայացրել է Տաջիկստանում»: Այն, որ մեր երկրում մարդուն, պետական չինովնիկին բարոյապես ոչնչացնելու համար միակ աշխատող տարբերակը նրան հրապարակայնորեն սեռական փոքրամասնության ներկայացուցիչ համարելն է, վկայում է նույնիսկ խորհրդարանի տարեգրությունը: Այդքանով արդեն, Հոգլանդի անունը արտաբերեք ցանկացած պաշտոնյայի ներկայությամբ, եւ նա երկիմաստ կժպտա: Հոգլանդի նախապատվություններն իմանալով (նրա կողակիցը սլավոնական արտաքին ունի), գուցե կարելի է եւ հանգիստ շունչ քաշել՝ ասիական արտաքինով եւ նրբագեղությամբ առանձնապես աչքի չընկնող մեր չինովնիկներին որեւէ վտանգ չի սպառնում, սակայն սա, համաձայնեք, թույլ մխիթարություն է:
Մեզ հետաքրքիր էր, թե ինչպես է այս փաստին արձագանքել նախագահ Քոչարյանը: Նրա խոսնակի վկայությամբ՝ նախագահն իր խոսքը կասի Հոգլանդի նշանակումից հետո միայն: «Իսկ այժմ, քանի դեռ մեր երկրում ԱՄՆ-ը դեսպան ունի, իսկ նորանշանակ դեսպանի անունն առայժմ հայտնի չէ (Սենատն առայժմ չի հաստատել), նախագահն ասելիք չունի»: Առայժմ, քանի դեռ Ռիչարդ Հոգլանդը Հայաստանում չէ, որեւէ կերպ չի պատրաստվում արձագանքել նաեւ Հայ Առաքելական եկեղեցին:
Միջազգային իրավունքի գիտակներից մեկի վկայությամբ՝ դիվանագիտական պրակտիկայում դիվանագետի ընտրությունը նշանակող երկրի ներքին խնդիրն է: Դիվանագետին ընդունող երկիրը պարտավոր է հարգել նշանակումը՝ բացառությամբ այն դեպքի, եթե նշանակվածն անցանկալի անձ (պերսոնա նոն գրատա) չէ: Իսկ դատելով վերջին շրջանի հրապարակումներից եւ ամերիկահայության դժգոհության հիմնական մոտիվից՝ Հոգլանդին մեր երկրում ոչ ցանկալի է դարձնում միայն այն հանգամանքը, որ նա կյանքի ոչ մի պարագայում չի արտասանում «ցեղասպանություն» բառը: Իսկ դա պայմանավորելով նաեւ նրա սեռական նախասիրություններով, այնքան էլ լուրջ չէ: Այնպես որ՝ Հայ արիական միաբանության Գերագույն խորհրդի հայտարարությունը, թե Հոգլանդի նշանակումը «խեղկատակություն, անհարգալից վերաբերմունք է ավանդապաշտ հայ ազգի հանդեպ», այնքան էլ անկեղծ չէ: Քանի որ նույն խորհուրդը գործող հայ մեղավորների մի ստվար ցուցակ ունի: Իսկ հայ մեղավոր չինովնիկների տարբերությունը Հոգլանդից այն է, որ մեր աստիճանավորներին պաշտոնների Բո՛ւշը չէ, որ նշանակել է: Եվ հետո, նրանց համար «ցեղասպանություն» բառը տաբու չէ:
Գոնե հա՞յ է
Ո՛չ, Հոգլանդի զուգընկերն, ինչպես արդեն նշեցինք, ամենեւին էլ գոնե հայ չէ: Ավելի՛ն, ազգությամբ ռուս է: Սակայն, եթե հաշվի առնենք մեր իշխանավորների համառ պնդումները, ուրեմն կարելի է վստահորեն ասել, որ Հոգլանդի կողակիցն արդե՛ն գենետիկորեն հայերի ռազմավարական գործընկերն է: Եվ եթե նրան ըստ ամենայնի ներկայացվի հայոց պատմությունը, ապա կարող է գողտրիկ մի պահի Հոգլանդի ականջին շշնջալ. «Իսկ ցեղասպանությո՞ւնը»: