ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, որ ինքը գրեթե ամեն օր հանդիպում է ընդդիմության ներկայացուցիչների հետ, սակայն խուսափել է հրապարակավ խոսել ԱԺ վերադառնալու նրանց մտադրությունների մասին՝ հաշվի առնելով նրանց ղեկավարների «արտառոց» հայտարարությունները: «Չեմ ուզում գուշակություններ անել ու այդ թեմայով հրապարակավ խոսել, որովհետեւ, երբ հոկտեմբերին հաջողվեց Ստրասբուրգում ընդդիմության հետ համատեղ աշխատել, վերադարձից հետո ասացի, որ նրանց հետ մասնավոր զրույցներ եմ ունեցել այդ կապակցությամբ: Բայց ընդդիմության որոշ գործիչների կողմից արձագանքն ուղղակի արտառոց էր: «Արդարություն» խմբակցության ղեկավարն, օրինակ, հայտարարեց, որ եթե ինքը պարզի, թե իրենց խմբակցությունից որեւէ մեկը որեւէ խոսակցության է մասնակցում, ապա նրան կհեռացնեն խմբակցությունից: Սա անհեթեթ է ու վկայում է Հայաստանի քաղաքական ասպարեզի չկայացվածության մասին»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, որ նման արձագանքները բնորոշ են նաեւ իշխանություններին: