Հայաստանը 2008 թվականից անցնելու է կենսաթոշակի կուտակային համակարգին: Թեպետ կարելի է ասել, որ արդեն անցել է, որովհետեւ ՀՀ կառավարությունն այդ մասին հայեցակարգն ընդունել է դեռեւս 2004թ.: 2008 թվականին այս համակարգն արդեն սկսելու է գործել: Հիմա նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ օրենքներն են համապատասխան փոփոխության ենթարկվում, կուտակային ապագա կենսաթոշակառուների բազա է ստեղծվում եւ այլն: Խորհրդային Միության հանրապետություններից Ռուսաստանն արդեն անցել է կուտակային կենսաթոշակային համակարգին, մեր հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը Հայաստանի նման գտնվում են անցումային շրջանում:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում կենսաթոշակի կուտակային համակարգը: Նոր համակարգով աշխատավորի կամ ապագա թոշակառուի աշխատավարձից յուրաքանչյուր ամիս պարտադիր գանձվում է որոշակի գումար, որը կուտակվելու է համապատասխան հիմնադրամում: Իսկ թոշակի անցնելուց հետո քաղաքացին իր կուտակած գումարն ամիս առ ամիս ետ է ստանալու: Նախ՝ այդ տարիների ընթացքում տվյալ մարդու հաշվին հավաքված գումարը հիմնադրամում հենց այնպես չի մնում: Հիմնադրամն այդ գումարները մրցույթով ընտրված կառավարիչների միջոցով դնում է շրջանառության մեջ՝ ֆինանսավորում է որեւէ ծրագիր, ներդրումներ է կատարում, իհարկե, հետո իր գումարն ու դրանից առաջացած շահույթի մի մասը ետ ստանալու ակնկալիքով: Այս համակարգն ինչ-որ չափով նման է բանկային համակարգին: Ուղղակի մարդիկ բանկերին ոչ թե ամեն ամիս իրենց աշխատավարձից պարտադիր որոշակի գումար են փոխանցում, այլ՝ հնարավորության ու ցանկության դեպքում որպես ավանդ գումար են պահ տալիս: Իհարկե, բանկերն էլ այդ գումարը շրջանառության մեջ են դնում, վարկեր են տալիս եւ տոկոսներ են ստանում եւ ստացած շահույթի մի մասը կիսում ավանդատուի հետ:
Հիմա էլ մեր աշխատավարձերից պարտադիր սոցիալական վճարներ գանձվում են, բայց այդ գումարները ոչ թե սոցապ հիմնադրամ՝ մեր հաշվին են կուտակվում, որ հետո նորից որպես թոշակ վերադարձվեն մեզ, այլ գնում են ուղիղ պետբյուջե: Եվ այդ գումարները կենսաթոշակ են դառնում ոչ թե մեզ, այլ այսօրվա թոշակառուների համար: Այս նոր համակարգով մենք ստանալու ենք ոչ թե հաջորդ սերունդների վճարած, այլ մեր կուտակած գումարները: Կենսաթոշակային կուտակային համակարգի դեպքում, բացի պարտադիր սոցապ վճարներից, նորից հնարավորության ու ցանկության դեպքում մենք մեր հաշվին կարող ենք նաեւ հավելյալ գումարներ փոխանցել, որպեսզի մեր ծերությունն ավելի ապահով լինի, եւ ավելի բարձր թոշակ ստանանք: Այսինքն, մեր թոշակի չափը կարող է ուղղակիորեն կապված չլինել մեր աշխատած տարիների հետ, ինչպես որ հիմա է: Մեկը կարող է 30 տարիների ընթացքում որոշակի չափի սոցապվճարներ փոխանցել իր կենսաթոշակային հաշվին, մյուսն էլ նույնքան գումար կարող է կուտակել ընդամենը 15 տարիների ընթացքում՝ պարտադիր սոցապ վճարներից բացի, հիմնադրամին հավելյալ գումարներ պահ տալով: Բայց երրորդն էլ կարող է այդքան գումարը 45 աշխատանքային տարում ապահովել: Երրորդ դեպքում արդեն կարեւոր է, թե ապագա թոշակառուն որքա՞ն աշխատավարձ է ստանում: Պարզ է, որ բարձր աշխատավարձի դեպքում նրա սոցապվճարները շատ են լինելու եւ ծերության հասակում թոշակն էլ համապատասխանաբար բարձր է լինելու: Հիմա էլ բարձր աշխատավարձի դեպքում սոցապվճարներն ավելի բարձր են լինում: Սակայն կենսաթոշակը հաշվարկվում է ոչ թե վճարած սոցապվճարների չափը հաշվի առնելով, այլ՝ աշխատանքային ստաժը: Որքան շատ է աշխատել թոշակառուն, այնքան բարձր թոշակ է նա ստանում: Այս հանգամանքը որոշ չափով տրամաբանական է, որովհետեւ որքան շատ ես աշխատում, այնքան շատ ես վճարում: Մյուս կողմից էլ հնարավոր է, որ նույնքան ստաժ ունեցող երկու աշխատող տարբեր չափի սոցապվճարներ վճարեն, որովհետեւ նրանց աշխատավարձն է տարբեր: Սակայն ներկա համակարգով տարիներ հետո նրանք նույնքան թոշակ կստանան: Կենսաթոշակի վճարման այս կարգը գալիս է Խորհրդային Միությունից, որտեղ նույնքան ստաժ ունեցող եւ 300-400 ռուբլի աշխատավարձ ստացած գիտնականն ու 100 ռուբլի ստացած հավաքարարը կամ պահակը հետո նույն չափի թոշակ էին ստանում: Հիմա թոշակառուն, եթե աշխատանքային ստաժ չունի, ստանալու է 4250 դրամ, իսկ եթե ստաժ ունի, ապա այդ հիմնական կամ բազային գումարին ավելանում է յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար 180 դրամ: Դա էլ բազմապատկվում է որոշակի, բայց շատ չնչին գործակցով, ու հաշվարկվում է տվյալ մարդու թոշակի չափը:
Այս համակարգը որոշակի տարբերություններով գործում է շատ երկրներում եւ, իր դրական կողմերի հետ միասին, ունի նաեւ բացասական կողմեր, որը հիմնականում տեղական նշանակություն ունի: Բանն այն է, որ մեր երկրի գործատուները, անկախ նրանից, թե իրենց աշխատողներին որքան են վճարում, հաշվապահական փաստաթղթերում նշում են մի սիմվոլիկ գումար: Ասենք, 100-150 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար աշխատավարձի ցուցակում ֆիքսված է ընդամենը 30.000 դրամ: Մեր գործատուներն իրենց վճարած աշխատավարձի իրական չափը թաքցնում են այն պատճառով, որ քիչ սոցվճար մուծեն: Պարզ է, որ ցածր աշխատավարձի դեպքում, սոցվճարներն էլ են քիչ լինում: Այս երեւույթը տարածված է հիմնականում մասնավոր ընկերություններում, սակայն այդ գործելաոճից կարծես թե չեն խուսափում նաեւ պետական հիմնարկները: Դժվար թե մինչեւ 2008թ. մեր գործատուները հրաժարվեն ցածր աշխատավարձ գրանցելու, բայց բարձր վճարելու մեթոդից: Պարզ է, գործատուն դրանից շահում է, սակայն հետագայում տուժելու է նրա աշխատավորը, որը քիչ թոշակ է ստանալու: Թե՛ սոցապհիմնադրամից, թե՛ հարկային ծառայությունից հայ աշխատավորին խորհուրդ են տալիս ըմբոստ լինել եւ գործատուից պահանջել ցուցակներում գրանցել իր աշխատավարձի իրական չափը, որպեսզի հետագայում իր ստացած թոշակը սիմվոլիկ չլինի: Սակայն այսօր, երբ մարդիկ մեծ դժվարությամբ են աշխատանք գտնում կամ ընդհանրապես չեն գտնում, դժվար թե համարձակվեն նման քայլի գնալ: Մեր գործատուների համար դժվար չէ ազատվել ըմբոստ աշխատողից, մանավանդ, որ այսօրվա Հայաստանում ամեն րոպե եւ ամեն քայլափոխի ոտնահարվում են աշխատողի իրավունքները: Իսկ նման պայմաններում կենսաթոշակի կուտակային համակարգի աշխատանքն է լինելու սիմվոլիկ այնքան ժամանակ, քանի դեռ հայ գործատուներն ու պաշտոնյաները, նաեւ իշխանությունները չեն որոշել աշխատել առանց ստվերի: