«Այդ ժամանակ Հովհաննեսի գործերը լավ էին: Իր սեփական մեքենան ուներ, աշխատավարձն էլ բավարար էր»,- պատմում է Ռազմելլան եւ մտազբաղ շոյում դստեր վարսերը: Անէացած նա հայացքը հառել է հեռուստաէկրանին: «Հետո սկսվեցին էն խառը ժամանակները: Ոչ լույս կար, ոչ հաց: Մեր «Երազ» մակնիշի մեքենան գողացան, եւ այդպես էլ չգտնվեց… : Այն ժամանակ գողություններ շատ էին լինում: Ե՞րբ կար կարգին պետություն: Ով ինչ ուզում՝ անում էր»: 90-ական թվականներին Ավդալյան ամուսինները տեղափոխվեցին Հովհաննեսի բնօրրան` Նուռնուս գյուղը եւ կուտակած վերջին փողերով մի կիսաշեն ամառանոց գնեցին: Նուռնուսը նաեւ ամառանոցատեղի է: Այն գտնվում է Բյուրեղավան գյուղաքաղաքի մոտակայքում: Այստեղ առաջին ամառանոցը կառուցվել է դեռեւս Խորհրդային Միության տարիներին, երբ գործարաններն իրենց լավագույն աշխատողներին հողատարածք էին տրամադրում: Տարիների ընթացքում ամառանոցները շատացել են, վերակառուցվել, վերավաճառվել:
Այսօր Նուռնուսում կան ամառանոցներ, որոնք առանձնատուն են հիշեցնում` բոլոր անհրաժեշտ կոմունալ պայմաններով: Կան եւ ամառանոցներ, որ քիչ ճոխ են, բայց բնակելի են: Ոմանք գալիս են այստեղ ողջ ամառն անցկացնելու, մյուսները՝ մի քանի օր, իսկ ձմռանը փակում են եւ գնում:
Իսկ Ավդալյանների ընտանիքն այստեղ է ապրում: Տան նկուղը ծառայում է որպես անասնագոմ: Շենքի անկյունում խնամքով շարված է աթարի փոքր բուրգը` ձմռան վառելիքը: Լուսամուտների մի մասն ապակու փոխարեն ցելոֆանով է ծածկված: Պատերը մոխրագույն են ` առանց պաստառի, սառնարան չկա, իսկ խոհանոցի կահույքը բաղկացած է թուրքական էլեկտրական վառարանից եւ մի քանի հնամաշ պահարաններից: «Կարծում էինք` ժամանակները կփոխվեն, փող կաշխատենք, կկառուցենք, կմեծացնենք բնակելի տարածքը, լավ այգի կունենանք»,- ասում է Ռազմելլան:
Մեծացավ Ավդալյանների ընտանիքը: Նրանք ունեցան երկու տղա եւ մի աղջիկ` Զորիկը, Նարեկը եւ Լիանան: Ավելացան նրանց հոգսերն ու ծախսերը:
«Չեմ կարողանում փող հավաքել, որ գոնե հյուրասենյակը կարգի բերենք»,- ասում է Ռազմելլան՝ բացելով սենյակի դռները եւ մեզ ներս հրավիրելով: Բազկաթոռի, սեղանի, սպասքապահարանի, գորգի, լուսամփոփի փոխարեն` ավազի կույտեր, քարեր են: «Երկու այծ վաճառեցինք, որպեսզի կարողանանք պատերը սվաղել»,- ասում է տանտիրուհին: Շենքը վաճառելու փորձը ձախողվել է. «Այդ գումարով, որ առաջարկում էին, անգամ կողքի գյուղաքաղաքում բնակարան չես գնի: Իսկ մենք յոթ տարի շարունակ չարչարվել ենք այս տան վրա»,- ասում է Ռազմելլան: -Շենքը դեռեւս սեփականաշնորհված չէ: Դա ահռելի գումարներ է պահանջում, որ մենք չունենք»: Ամուսինն աշխատում է երկաթգծում եւ ամսական վաստակում է 30 հազար դրամ: «Հազիվ յոլա ենք գնում, հարեւաններն են մեկ-մեկ օգնում` ով, ոնց կարող է»: Կողմնակի եկամուտը կաթի եւ մածունի վաճառքից է: «Բայց դե, վեց այծից ինչքա՞ն կաթ կստանաս: Հենց նոր մի բանկա վաճառեցի, երկու հարյուր դրամ վերցրեցի` տրանսպորտի փող»: Փոքր այգուց ստացված բերքը չի մնում պահածոյացման համար:
Երեք զավակների մայրն ամենաշատը մտահոգված է իր երեխաների ճակատագրով. «Ամբողջ ժամանակ այս խուլ տեղում ենք, քիչ ենք շփվում մարդկանց հետ: Չեմ կարողանում երեխաներիս քաղաք տանել: Գյուղի դպրոցի կրթական մակարդակն այն չէ: Իսկ երեխաներիս առանց ուսման չեմ ուզում թողնել»:
Երեխաներից փոքրը` Լիանան, երկրորդ դասարանում է սովորում, մեծ եղբայրը` Զորոն, փոխադրվել է յոթերորդ դասարան, Նարեկը` հինգերորդ: «Հույսս նրանց հետ եմ կապել: Մեծանան, բալքի մի բան անեն, այս վիճակից դուրս գանք»,- ասում է Ռազմելլան՝ տեղից արագ շարժվելով դեպի խոհանոց, որպեսզի «հացը չվառվի»: Մեծ տղան` Զորոն, եւ ամուսինը այգում աշխատում են: Սեղանին անասնապահության մասին դասագիրք է դրված:
– Հետաքրքրությա՞մբ ես կարդում այս գիրքը,- հարցնում եմ նրանց փոքր որդուն՝ Նարեկին: Նա թոթվում է ուսերը: Նրա դեմքը արեւից թխացել է, հագին` տաք երկարաթեւ սվիտր է:
– Ի՞նչ ես դառնալու, արդեն որոշե՞լ ես:
– Ես՝ բժիշկ,- իր բարալիկ ձայնով եղբոր փոխարեն պատասխանում է Լիանան:
Ավդալյանների ընտանիքին հրաժեշտից առաջ Լիանան արագ մտում է անասնագոմ` իր հետ բերելով մի ճագար: «Նոր եմ նվեր ստացել,- ժպտալով ասում է նա,- անունն էլ Ճարպիկ է»: