Տիկին Մերին ուզում է ինքնասպան լինել

28/08/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մերի Հայրապետյանը 72 տարեկան է: Նա եկել էր խմբագրություն` իր անելանելի վիճակի մասին պատմելու: Ասում է՝ եթե որեւէ լուծում չգտնվի` ծրագրել է ինքնասպանություն գործել: Ամեն բառից հետո լաց է լինում ու նյարդային շարժումներ անում: Չարացած է բոլորի դեմ՝ մարդկանց, հարազատների, կյանքի, պետության: Թեեւ պետությունն այս պարագայում որեւէ մեղք չունի, բայց, ինչպես նկատում եք, շատերն են այսօր ամեն ինչում մեղադրում պետությանը:

Տիկին Մերին փողոցներում է ապրում: «Պադեզդներում եմ քնում: Ամեն գիշեր մի անկյուն եմ ման գալիս, որ մարդկանց ոտքի տակ չընկնեմ: Տակս շոր եմ փռում ու գետնին քնում: Ախր 72 տարեկան հասակում ես էս ինչ օրն ընկա, էս ինչ վիճակի հասա: Չեմ կարա սենց ապրեմ, ինձ մոստից կգցեմ: Ինքնասպան եմ լինելու»,- ձեռքերը դողացնելով ասում է տիկին Մերին, ով սարսափում է այն մտքից, որ շուտով ձմեռ է գալու ու ինքը փողոցներում է գիշերելու: Ձմռան մոտենալը տիկին Մերիին սարսափեցնում է. նա դաժան ցրտերին փողոցներում մնալու մտքից դողում-լաց է լինում:

Ժամանակին քաղաքաբնակ տիկին Մերին Ամիրյան փողոցում գտնվող իր բնակարանը վաճառել ու Մասիսում է տուն գնել: Ասում է, որ միայնակ է, երեխաներ, հարազատներ չունի: Միակ հարազատը հորաքրոջ թոռնուհին է, ով համոզել է Մասիսում գտնվող բնակարանը վաճառել եւ այդ գումարով տիկին Մերիի համար իրենց սեփական տան բակում տուն կառուցել: «Ես ամբողջ կյանքս աշխատել եմ ու կոպեկ-կոպեկ հավաքել եմ: Էս վերջին տարիներին հարուստների տներն էի մաքրում, «քոծություն» էի անում: Իմ բերանից կտրելով՝ բանկում փող էի հավաքել: Մասիսի իմ բնակարանը վաճառեցի ու բանկից էլ փողերս հանեցի, ամբողջը տվեցի հորաքրոջս թոռնուհուն` Սաթիկին ու ամուսնուն՝ Արթուրին: 13.500 դոլար տվեցի իրանց, որ նույն բակում իմ համար տուն կառուցեն: Մտածում էի՝ մենակ մարդ եմ, ավելի լավ, իրենց մոտ կլինեմ»,- պատմում է տիկին Մերին, ում Սաթիկ եւ Արթուր Բաբախանյանները հրավիրել են ժամանակավորապես իրենց տանը բնակվելու, մինչեւ տիկին Մերիի համար տուն կառուցելը: Նրա գույքը տեղափոխել են Մասիսի 1-ին թաղամասի տուն 18, ուր բնակվում են ամուսինները: Տիկին Մերիին նրանք գրանցել են այդ հասցեում, սակայն, քանի որ գումարը տալուց նա ստացական կամ որեւէ այլ փաստաթուղթ չի պահանջել` ենթարկվել է շանտաժի: «Իրանց տանն էի ապրում ու սպասում էի, որ տունը կառուցեն: Ահագին ժամանակ անցավ, բայց ձեն-ձուն չկար: Հարցնում էի, թե` բա ե՞րբ եք սկսելու կառուցել, ասում էին՝ շուտով-շուտով, ու տենց էլ ոչ մի բան չէին նախաձեռնում: Մի օր էլ, որ հարցրեցի` ասեցին, թե փողը տոկոսով ենք տվել, կվերադարձնեն` կկառուցենք»,- պատմում է 72-ամյա տիկին Մերին` ասելով, որ տուն կառուցելու մասին իր հարցերը սկսել են ամուսիններին զայրացնել: Վերջիններիս միջեւ վիճաբանություններ են առաջացել, ամուսինները դիտավորյալ սկսել են սրել իրենց հարաբերությունները, որպեսզի ազատվեն ծեր կնոջից: «Ամեն բառից հետո ինձ ասում էին` անտեր շուն: Բայց ախր ինչպե՞ս կարելի է 72 տարեկան կնոջ հետ այդպես վարվել, ես նրանց միշտ օգնել եմ, որովհետեւ իմ միակ հարազատը հորաքրոջս թոռնուհին ա: 5 եղբայրներիս, 2 քույրերիս ջահել-ջահել թաղել եմ, ոչ մեկը չունեմ: Մտքովս չի անցել, որ կարող ա իմ հարազատն ինձ սենց օրը գցի, հափշտակի գումարներս»,- ասում է նա, ում երեսին անընդհատ շպրտել են, որ ինքն անտեր-անտիրական մարդ է: Հարցնում եմ` «Ինչո՞ւ ոստիկանություն չեք դիմում»: Ասում է` «Վախենում եմ, ինձ թիկունքով մարդ ա պետք, որ ստիպի փողերս ետ տան: Ես ոչ ոք չունեմ, եթե ոստիկանություն դիմեմ՝ ինձ կվնասեն»: Վախենում է, որովհետեւ Սաթիկենց տանից փախել է: Ասում է, որ այս ամուսիններն իրենից ազատվելու համար սպառնացել են տանել հոգեբուժարան: «Ինձ անընդհատ ասում էին, որ դու գիժ ես, հոգեբանորեն ինձ ճնշում էին: Մի օր էլ էլի, երբ տան համար հարցրեցի` ասեցին, որ կտանեն գժանոց: Վախացնում էին, որ տան անուն չտամ, բայց, եթե մնայի` իրոք կտանեին: Մի օր, երբ Սաթիկենք տանը չէին, ես առանց շոր, առանց որեւէ բան վերցնելու դուրս եկա տանից ու եկա Երեւան, որ հանկարծ չտանեն գժանոց: Տենց էլ մնացի փողոցներում, իսկ եթե նորից գնամ` հաստատ կտանեն: Ի՞նչ անեմ, ասե՛ք, ինչպե՞ս ապրեմ ես»,- պատմում է տիկին Մերին, ով այսօր գոյատեւում է անցորդների տված 50-100 դրամներով: «Մեկը 50, մեկը 100 դրամ ա տալիս, պեռաշկի եմ առնում-ուտում, բայց էլ չեմ ուզում ապրել, ուզում եմ ինքնասպան լինել: Սա ի՞նչ երկիր ա, էս ի՞նչ դառան մարդիկ: Փողն առձեռն տաս ու նայեն երեսիդ, ասեն՝ չես տվել: Մարդը ո՞նց կարա տենց անխիղճ լինի: Շորերս, ունեցվածքս թողել-փախել եմ, էս շորերս ուրիշների ողորմությունն ա»: Ասում է, որ փախչելուց առաջ հորաքրոջ թոռնուհին դանակը դրել է կոկորդին ու փորձել է խեղդել: «Նենց էր անում, որ ես հունից դուրս գայի, մի բան անեի, որ ասեին` հոգեկան հիվանդ ա, տարեք գժանոց»,- ասում է նա: Տիկին Մերիին հարցնում եմ` «Ի՞նչ եք ուզում, ինչո՞վ կարող ենք ձեզ օգնել»: Ասում է` «Չգիտեմ, թերթի կրպակի աշխատողն ինձ խորհուրդ տվեց ձեր խմբագրություն գալ: Չգիտեմ` ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ դիմեմ, որ ինձ օգնեն»:

Հ.Գ. Կարծում ենք, որ այս հարցում տիկին Մերիին կարող է օգնել փաստաբանական որեւէ գրասենյակ, որպեսզի հարցը լուծում ստանա օրինական ճանապարհով: