Վերջին շրջանում հաճախակիացել են Ղարաբաղում համահայկական տարբեր միջոցառումների կազմակերպումը եւ սփյուռքահայ երիտասարդների այցերը: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին է ավարտվել «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որն անց էր կացվում ԼՂՀ մայրաքաղաքում: Մյուս համահայկական երիտասարդական միջոցառումը կանցկացվի սեպտեմբերին: ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության արտադպրոցական եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Մարիաննա Հակոբյանի խոսքերով, արդեն սկսվել են սեպտեմբերի 25-30-ը նախատեսվող «Ազգ եւ ժառանգություն» համահայկական երիտասարդական գիտաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքները: Գիտաժողովը նվիրված կլինի ԼՂՀ անկախության 15-ամյակին: Այն նպատակ ունի բարձրացնել երիտասարդների հասարակական-քաղաքացիական ակտիվությունը, ապահովել մասնակիցների ամբողջական տեղեկացվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, երիտասարդներին ծանոթացնել արցախյան մշակույթին, վերհանել երիտասարդության առջեւ ծառացած առավել արդիական խնդիրները: Գիտաժողովին կմասնակցեն 18-35 տարեկան թվով 60 երիտասարդներ, ընդ որում՝ 30-ը կհրավիրվեն Հայաստանից ու արտասահմանյան երկրներից: