Կարմիր խնձորի «ինստիտուտը»

28/08/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

25-ամյա Մարիամը արդեն մի քանի ամիս է, ինչ ամուսնալուծված է, եւ միայն վերջերս է մտերիմներին խոստովանել իր ապահարզանի բուն պատճառը: Մարիամի ամուսնու հայրը աղջկան մեղադրել է արատավոր անցյալի մեջ, քանի որ ինքն անձամբ չի տեսել հարսի անմեղության «վկայագիրը» (զույգերը սեռական կապի մեջ են մտել մինչ օրինական դաշինքը): Մարիամն ասում է, որ բնածին անդամալույծ իր որդուն հիմա ստիպված է ամուսնուց հեռու եւ միայնակ մեծացնել:

«Ամեն մեկը սպասում է իր կյանքի ասպետին: Հայ աղջիկը միշտ համեստության խորհրդանիշ է եղել, հայ կնոջ համար կուսության պահպանումը սրբություն է: Ես համոզված եմ, որ այսօր էլ շատ ընտանիքներում դրա բացակայության դեպքում հարսին չեն ընդունի կամ էլ հետագայում լուրջ խնդիրներ կառաջանան: Կուսությունը ընտանիքի պահպանման հիմքը պետք է լինի: Երբ որ իմ աղջկա կարմիր խնձորը բերեցին, մենք խնամիներով իրար աչքալուսանք արեցինք, թեպետ հեռախոսով արդեն շնորհավորել էինք միմյանց, որովհետեւ մաքուր, անբիծ աղջիկ էինք պահել»,- ասում է 45 տարեկան երեւանաբնակ Սերինե Սարգսյանը: Իսկ ահա 30-ամյա քաղծառայող Մհերը, որը դեռեւս չի գտել իր երկրորդ կեսին, կարծում է, որ «կարմիր» խնձորի սովորույթը բարբարոսներին հատուկ ծիսակատարություն է, եւ ինքը կին ընտրելիս դրան որեւէ նշանակություն չի տալու: «Նախապայմանը զգացմունքը պետք է լինի, այլ ոչ թե կուսությունը»,- համոզված է հայ երիտասարդը:

Մի քանի տարի առաջ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադեւոսյանը եւս խրախուսեց կարմիր խնձորի ավանդույթը:

«Ես պառլամենտում պաշտպանեցի կուսության ինստիտուտը, որովհետեւ ընտանիքի պլանավորման հասարակական կազմակերպություններն ամբողջ աշխարհով տարածվել էին եւ Հայաստանում, հատկապես գյուղական վայրերում, ակտիվ պրոպագանդում էին հակաբեղմնավորիչների ու դպրոցականների սեռական դաստիարակության հարցեր: Ըստ սեքսապաթոլոգների, երբ պատանին վաղ է սկսում սեռական հարաբերությունը, շուտ հագենում եւ սկսում է հետաքրքրվել այլասերված կյանքով: Առաջավոր Եվրոպայում, որտեղ մոռացված է կուսության ինստիտուտը, շատ ավելի մեծ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, միասեռների, սեռավարակների եւ այլ պաթոլոգիական շեղումների վտանգը: Ընդհանրապես, խոսքն ընտանեկան դաստիարակության եւ ազգային բարի ավանդույթների պաշտպանության մասին էր: Ես իմ ելույթում ասացի, որ պետք չէ դպրոցներում պահպանիչներ բաժանել, քանի որ մեր աղջիկների եւ պատանիների համար լավագույն պահպանիչները դա մեր ազգային ավանդույթներն են, օրինակ, կարմիր խնձորի ավանդույթը: Սակայն բարոյական տեսանկյունից, կուսության ինստիտուտը շատ դժբախտությունների առիթ է հանդիսացել, բոլորովին պետք չէ ամեն ինչ տաֆտոլոգիայի հասցնել: Դժբախտություն է, երբ երիտասարդ ընտանիքը միայն դրա համար քայքայվում է»,- իր հայտնի ելույթից արդեն մոտ 5 տարի անց նման եզրակացության է հանգում Գ. Թադեւոսյանը:

Այսօր շատ աղջիկներ, սպասելով իրենց «սպիտակ ձիավորին», դառնում են 30 տարեկան, հատում 40-ի սահմանը, սակայն բաղձալի ասպետը այդպես էլ չի հայտնվում: Ու այդ կանայք ծերանում են առանց մայրանալու եւ անձնական երջանկության բերկրանքը վայելելու: Տարիներ առաջ, մթերային խանութում, պատկառելի տարիքի մի մարդ, վաճառողուհուն բարձրաձայն գանգատվում էր, թե իր աղջիկը տանն է մնացել, քանի որ նրա հասակակից տղաները կամ զոհվել են Արցախում, կամ էլ փախել են Հայաստանից: Այդ ժամանակ նույնիսկ անհավասար բաշխում էին կատարում` յուրաքանչյուր տղային բաժին հանելով 7-12 աղջիկ: Ըստ վիճակագիրների, մեր երկրում վերարտադրողական տարիքը համարվում է 15-49-ը (որոշ երկրներում`15-44-ն է), իսկ բժիշկ-մասնագետների պնդմամբ, կանանց համար առավել նպաստավոր ծնունակ տարիքը 18-32-ն է: 2006թ. հուլիսի 1-ի դրությամբ, ՀՀ ազգաբնակչության սեռատարիքային կառուցվածքի 15-24 տարիքային խմբում 0,9 տոկոսով (5100-ով) տղամարդիկ նույնիսկ գերազանցում են կանանց, իսկ ավելի ընդգրկուն` 25-49 տարիքային խմբում՝ 45.900-ով, որը գրեթե 0,9 տոկոս է կազմում, նրանք զիջում են կանանց: Ինչպես փաստում է ազգային վիճակագրությունը, երկու սեռերի միջեւ թվաքանակի ցայտուն անհամամասնություն գոյություն չունի, ասել է թե՝ տղամարդկանց դեֆիցիտ չկա:

«Հանուն ընտանիքի եւ առողջության» համահայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Մերի Խաչիկյանի կարծիքով, կարմիր խնձորի ավանդույթը խտրականության հիմքի վրա է ձեւավորված, որովհետեւ այն, ինչ թույլատրվում է տղաներին, արգելված է աղջիկներին: «Հետամնաց մարդիկ կարծում են, թե մենք գտնվում ենք միջին դարերում: Պատանին ազատ է տնօրինելու իր սեռական կյանքը, որը նաեւ ամրագրված է 2002-ին ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի դեռահասների վերարտադրողական առողջության պահպանմանը նվիրված հոդվածում: Իրականում կարմիր խնձորի ավանդույթն արհեստական բնույթ է կրում: Որովհետեւ երիտասարդ աղջիկները երբեմն խաբում են այդ ավանդույթին գերի ընտանիքներին: Մինչամուսնական սեռական կապերի դիմած աղջիկները հաճախ նաեւ ամուսնալուծվում են կամ էլ երբեւէ չեն հանդգնում ամուսնանալ: Եթե աղջիկը սիրահարվելով` սեռական կապի մեջ է մտել եւ չի ամուսնացել այդ տղայի հետ, ուրեմն դա ճակատագրական չպետք է լինի նրա համար: Իհարկե, որքան հնարավոր է, պետք է քիչ սեռական կապեր ունենալ: Իսկ անցանկալի եւ ընդհատված հղիությունները բխում են միայն դեռահասների անտեղյակությունից: Սեռական դաստիարակությունը պետք է սկսել ընտանիքից եւ դպրոցներից»,- հավաստիացնում է Մ. Խաչիկյանը:

«Մենք ապրում ենք 21-րդ դարում, Եվրոպային ենք ինտեգրվում, սակայն հայ աղջիկները թաքուն բժիշկների մոտ հերթեր են առաջացնում, «շրջանառվող» սովորության համաձայն, չակերտավոր բարոյական երեւալու համար: Բժիշկները նրանց բոլորին դեմքով շատ լավ ճանաչում են, ինչը ծիծաղի տեղիք է տալիս: Սակայն Եվրոկոնվենցիայի 8-րդ, ՀՀ քաղօրենսգրքի 19-րդ հոդվածներով ամրագրված է անձի պատվի եւ արժանապատվության անձեռնմխելիությունը»,- ասում է երիտասարդ կին-իրավաբանը:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ապագա ամուսնուն եւ նրա ընտանիքին կույս ներկայանալու հիմնական տարբերակը վիրահատական միջամտությամբ է իրականացվում, ինչը քրեորեն դատապարտելի է, քանի որ կլինիկաների հիվանդությունների անվանացանկում ընդգրկված չէ նման անվանակարգ, բնականաբար` կատարվում է առանց բժշկական եզրակացությունների: Փորձեցինք բուժհաստատություններից պարզել, թե մեր օրերում ի՞նչ արժե կանացի «անմեղության» վերականգնումը: Երեւանի տեղամասային պոլիկլինիկաներից մեկի գինեկոլոգի հավաստմամբ, այդ խիստ հայկական վիրահատությունը ներկայումս արժե 200-250 դոլար, իսկ լավագույն դեպքում` 150 դոլար: Գինեկոլոգը երկու խորհուրդ հղեց մեզ, որպես «կլիենտի». նախ, վիրահատությունը պետք է կազմակերպել միայն ամուսնությունից 2-3 օր առաջ եւ կուսաթաղանթի վերականգնման համար ընտրել «ներծծվող» բժշկական պարագաներ, որպեսզի «չվառվեք»: «Գները բոլոր տեղերում նույնն են, իսկ ստացիոնարում ավելի թանկ է, կարող եք գնալ եւ տեղում համոզվել: Վերջին երկու տարում ընդամենը 3 վիրահատություն եմ կատարել, հիմա դրան այդքան էլ ուշադրություն չեն դարձնում»,- հավելեց գինեկոլոգը: Հիվանդանոցային պայմաններում կանացի «անմեղության» վերականգնման գները հստակեցնելիս, մերժողական պատասխան ստացանք, սակայն մի բան բացահայտեցինք, որ սեռական օրգանների պլաստիկ վերականգնումն օրենքով թույլատրելի է արտասահմանյան որոշ երկրներում, որոնց նպատակը բնավ կուսության ապահովագրումը չէ, այլ` օրգանի անոմալիաների շտկումը: «Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության» կենտրոնի բաժանմունքի վարիչ Մելս Ավագյանի դիտարկմամբ, մեր մենթալիտետը դեռեւս թույլ չի տալիս արտամուսնական կապերով երեխաների ծնունդը: Եվ անցանկալի հղիությունից ազատվելու համար աղջիկները դիմում են աբորտի, որը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ նրանց համար: Կարմիր խնձորի ավանդույթի պահպանման վերաբերյալ բժիշկ-գինեկոլոգը նշեց. «Դա շատ լուրջ պրոբլեմ է: Երկար ժամանակ սեռական կյանքով չապրելն առաջացնում է նեւրոզներ, էնդոկրին համակարգի խախտումներ: Եթե անհատը հասել է ինքնագիտակցման, ապա հաղթահարելով շրջապատի հոգեբանական արգելքը` կարող է իր կյանքը ազատ տնօրինել: Սակայն ոչ բոլորն են դա կարող անել, որովհետեւ մենք հասարակությունից կախված ասիական ժողովուրդ ենք»:

«Կարմիր խնձորի» պատմությունը

Ըստ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանի, կարմիր խնձորի ավանդույթը բուն ազգային սովորույթ է եւ առնչվում է շատ հին մշակութային շերտի հետ, այն տարածում է գտել հետքրիստոնեական ժամանակաշրջանում: Ինչ վերաբերում է մրգի եւ գույնի ընտրությանը, ապա ըստ ազգագրագետի, հեթանոսական եւ հավատալիքային նյութերից տեղեկանում ենք, որ Հայաստանում խնձորի պաշտամունք է եղել, այն համարվել է սիրո խոստովանության, բեղմնավորման եւ պտղաբերության խորհրդանիշ: Ըստ որոշ ուսումնասիրողների, կիսած խնձորը նույնիսկ համեմատվել է կնոջ սեռական օրգանի հետ: Իսկ կարմիր գույնը ցուցում է կյանք-արյուն-կին սեմատիկ կապը: «Հիմա կարմիր խնձորի ծիսակարգը վերածվել է խնամիների հավաքույթի. խնջույքը շարունակելու լավ առիթի, որին նաեւ տղամարդիկ են մասնակցում: Այսինքն` ծեսի բովանդակությունը եւ մասնակիցների կազմը փոխվել է. ավանդական կենցաղում տղամարդիկ այդ պահին գիտակցաբար հեռանում էին: Փաստորեն պահպանվել է ծեսի վերնագիրը, իսկ իրեղենը բովանդակազերծվել է: Ծեսը զարգացել է` համապատասխանելով տվյալ ժամանակաշրջանին, մտածողությանը, վարքագծի նորմերին եւ պատկերացումներին»,- նշում է ազգագրագետը: Բացի Հայաստանից, այս ավանդույթն այլ երկրներում մեծ տարածում չունի, մասնակիորեն պահպանվել է Վրաստանի որոշ նահանգներում եւ արաբական ծագում ունեցող մի քանի ժողովուրդների մոտ: Կարմիր խնձորին նրանց մոտ փոխարինում են նուռը, նարինջը կամ ձուն: