Չնայած «Արմենիա» բժշկական կենտրոնի եւ թիվ 2 մանկական համալսարանական կլինիկայի սուր թունավորումների բաժանմունքների հավաստմամբ, այս տարի ձմերուկից սննդային թունավորումների դեպքեր չեն արձանագրվել, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը ազգաբնակչությանը կոչ է անում արեւի տակ վաճառվող եւ ասֆալտին դրված ձմերուկ եւ սեխ չգնել, քանի որ դրանք իրենց մեջ կուտակում են տարբեր տեսակի վտանգավոր նյութեր: Բացօթյա տարածքում ձմերուկ վաճառող արմավիրցի առեւտրականներն էլ իրենց հերթին քարոզում են, թե ձմերուկը արեւ է սիրում, որովհետեւ արեւի տակ է աճում: Ըստ մասնագետների, եթե գյուղմթերքում առկա է պարարտանյութերի, նիտրատների մնացորդային քանակություն, ապա արեւի տակ այդ վնասակար նյութերը խտանում են: Քանի որ Հայաստանում գյուղմթերքի վաճառքն իրականացվում է հիմնականում փոքր խմբաքանակներով եւ տարերայնորեն, որտեղ պատահի (քաղաքապետարանում այդպես էլ չկարողացան պայքարել փողոցային առեւտրի դեմ), ապա պետական որեւէ լիազորված մարմնի կողմից վաճառվող մթերքի վերահսկողություն իրականում չի կատարվում: Իրացվող մթերքի լաբորատոր ուսումնասիրություններ նույնպես չեն իրականացվում, դրա համար կամ լիազորությունները չեն բավականացնում, կամ էլ փողը: Ա. Եղոյանը նշում է, որ գյուղացիները բերքի հասունացումը արագացնելու համար չարաշահում են պարարտանյութերի` նիտրատների, պեստիցիդների քանակությունը: «Առաջներում կիրառվում էին ագրոնոմիայի կանոնները, հիմա ամեն մի ֆերմեր ինքն է դարձել արտադրող: Գյուղացիները, անտեղյակության պատճառով, պարարտանյութերի կիրառման ժամանակ չեն պաշտպանում անգամ իրենց, առավելեւս սպառողը չի կարող տեղեկացված լինել օգտագործված վնասակար նյութերի մասին: Յուրաքանչյուր շուկա ինքը պետք է նորմատիվ պահանջներին համապատասխան անվտանգության կանոնները պահպանի, ինչը բնականաբար չի արվում, որովհետեւ շուկաներն ապահովված չեն փորձարկման լաբորատորիաներով»,- ասում է Ա. Եղոյանը: Որակի տեսչությունում էլ համոզված են, որ սանէպիդկայանների աշխատակիցները պետք է հսկեն վաճառվող ապրանքների սննդային անվտանգությունը: Ինչ վերաբերում է անորակ, ժամկետանց թունաքիմիկատների եւ կենսապատրաստուկների դեմ պայքարին, ապա Բույսերի կարանտինի եւ պաշտպանության ծառայության պետ Մ. Դանիելյանի հավաստմամբ, թունանյութեր վաճառող մոտ 90 խանութներից 6-ում ընթացիկ ստուգումների ժամանակ հայտնաբերվել են խախտումներ:
Մինչեւ Արարատյան դաշտում ձմերուկը կհասնի, հայ սպառողն իրանական ծագման ձմերուկի գնման ընտրություն էլ ունի: Կառավարության 2004 թ. որոշմամբ, տվյալ մթերքի ներմուծումն ու արտահանումը, ի թիվս այլ մթերքների, ենթակա չէ պարտադիր սերտիֆիկացման: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահի ասելով, ներկրված սննդամթերքի անվտանգությունը կասկածի տակ է դնում այն փաստը, որ գոյություն ունեցող կարգի համաձայն, սահմանային կետերում յուրաքանչյուր անձի թույլատրվում է առանց սերտիֆիկացման մինչեւ 50 կգ կամ 300 դոլար արժողությամբ ապրանք ներկրել Հայաստան: