Իշխանության արեւմտամետ խաղերը

06/05/2005 Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

2004-ի ավարտին իշխանությունները ԱԺ վավերացմանը ներկայացրին, իրենց իսկ
բնորոշմամբ, տարվա ամենադժվար հարցի՝ Իրաք հայկական զորախումբ ուղարկելու
մասին համաձայնագրի հաստատումը։ Այսպիսով, դեկտեմբերի 24-ին հրավիրված
արտաներթ նիստով ԱԺ-ն ՍԴ իրավական որոշմանը տվեց իր քաղաքական
համաձայնությունը։ Հասարակական մեծ հնչեղություն ստացած հարցն Ամանորի
նախօրեին շուտափույթ արտահերթ նիստով անցկացնելն, իհարկե, մտածված քայլ
էր։ Այս իշխանությունների կողմից արդեն իսկ փորձված մեթոդ է, քիչ թե շատ
խնդրահարույց որոշումների անցկացման համար հարմար պահ նախընտրել Նոր տարվա
նախաշեմը. եւ ժողովուրդն է զբաղված ամանորյա նախապատրաստություններով, եւ
մամուլն է պատրաստվում ամանորյա հանգստի, ավելորդ գլխացավանք ստեղծողներ
էլ չկան։ Թերեւս միակ գլխացավանքը կարող էր դառնալ հարցի քննարկմանը
ընդդիմության մասնակցությունը։ Բայց, ինչպես ասում են, այս վտանգը եւս
վնասազերծվեց։ ԱԺ մեծամասնության ջանքերով արտահերթն անցավ փակ դռների
հետեւում։ Ժողովուրդը զրկվեց քննարկմանը հետեւելու հնարավորությունից։
Ձայների գերակշիռ մեծամասնությամբ իշխանությունն իր հնազանդ ԱԺ-ից ստացավ
անհրաժեշտ որոշման վավերացումը։
Սրանով հանդերձ, ԱԺ մեծամասնությունը նաեւ համոզված էր, որ իրենք
ընդունեցին հասարակության մեծ մասի կողմից անընդունելի որոշում, շատերը
չէին թաքցնում քայլի ռիսկայնությունն ու հետեւանքների
անկանխատեսելիությունը։
Եթե հետեւենք հարցի քննարկման ընթացքում 2 գերտերությունների՝ Ռուսաստանի
ու ԱՄՆ-ի դիրքորոշումներին, ապա առավել պարզորոշ կդառնա, որ այս որոշման
ընդունմամբ Հայաստանը հայտնվեց բավական անբարենպաստ վիճակում։ Հետաքրքիր
էր Ռուսաստանի նախագահի պահվածքը. այն պահին, երբ Հայաստանի քաղաքական
ուժերը քննարկում են Իրաք զորախումբ ուղարկել-չուղարկելու հարցը, Պուտինը
քննադատաբար հանդես եկավ հակառուսական տրամադրություններ դրսեւորած
Լեհաստանի նախագահի հասցեին, որի դրոշի տակ, ի դեպ, հայկական զորախումբը
պատրաստվում է մասնակցել իրաքյան գործընթացին։ Սա ուղղված էր նաեւ
Հայաստանին, ինչն, իհարկե, նշանակում է, որ Ռուսաստանը հեշտությամբ չի
մարսելու իրեն մշտապես հնազանդորեն ծառայած Հայաստանի իշխանությունների
հակառուսական քայլը։ Սակայն բանն այն է, որ մերոնց կտրուկ արեւմտամետ
ժեստը առանձնապես չողջունեց նաեւ ամերիկյան կողմը։ ԱՄՆ դեսպանը
հայտարարեց, թե Իրաք զորախումբ ուղարկելու հարցում Հայաստանին ԱՄՆ-ի
կողմից պարտադրանք չի եղել։ Վերջինս դիվանագիտորեն ձեռքերը լվաց ՀՀ
իշխանություններին պարտադրելու մեջ իրեն հասցեագրված մեղադրանքներից,
Ռուսաստանին էլ հասկացնելով. եթե խնդիրներ ունի, ապա ոչ թե Միացյալ
Նահանգների, այլ՝ իր իսկ ռազմավարական գործընկերոջ հետ: Գերտերություններն
անշուշտ իրենց գերխաղն են խաղում, ինչի արդյունքում կարծես թե նորից
հայտնվելու ենք անկյունայինում, որից հետո խաղից դուրս հայտնվելն ընդամենը
մեկ քայլ է:
Դրությունը Հայաստանի համար առավել տխուր է դառնում մեկ այլ տեսանկյունից:
Անկե՞ղծ են արդյոք ՀՀ իշխանությունները, երբ հայտարարում են, թե իրաքյան
գործընթացին ՀՀ մասնակցությունը նախ եւ առաջ բխում է մեր պետական շահից:
Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ պետական շահից բխող քայլը ձեռնարկվեց այսքան
ուշացումով: Իսկ գուցե հարկավոր էր, որ Հայաստանը ավելի վաղ ու ավելի
ակտի՞վ դերակատարում ունենար այս գործընթացում: Մեր ուշացած քայլերն
ավելորդ սեւեռվածության չե՞ն արժանանում, դրանով իսկ բարդություններ չե՞նք
ստեղծում արաբական երկրների հետ մեր հարաբերություններում, չե՞նք վտանգում
30.000-անոց հայ համայնքը: Հարցերը բազմաթիվ են, իսկ ակնկալվող
պատասխանները՝ մշուշոտ: Դեկտեմբերի 24-ին կայացած արտահերթ նիստը եւս
չտվեց շատ հարցերի պատասխաններ: Ինչն էլ եկավ կրկին հաստատելու, որ
իշխանություններին հետաքրքրում էր ոչ թե պարզաբանումներ տալը, այլ ԱԺ-ից
համաձայնագրի վավերացումը ստանալը: Ի դեպ, ինչպես մեզ հետ զրույցում
նկատեց Գրիգոր Հարությունյանը, նիստում իշխանամետ որեւէ պատգամավոր ելույթ
չի ունեցել, նրանց կողմից նույնիսկ հարցեր չեն տրվել զեկուցող Սերժ
Սարգսյանին. «Ես նրանց ասացի՝ մենք ելույթ ենք ունենում ի դեմ այդ
որոշման, դուք էլ գոնե ելույթ ունեցեք, հիմնավորեք ձեր կողմ լինելը: Բացի
խմբակցությունների ղեկավարներից, այլ ելույթ ունեցողներ չեղան»: Ինչպես
երեւում է՝ պատգամավորների հետ տարված, վարչապետի ասած՝ «բացատրական
աշխատանքը» շատ ուժեղ է եղել, ու վերջիններս ընդամենը համր ու լուռ հուպ
են տվել կողմ գրանցող կոճակները: «Պաշտպանության նախարարին հարցրեցի՝ եթե
ասում եք, թե զորախումբ չուղարկելով մեզ համար ավելի վատ է լինելու, ի՞նչն
ի նկատի ունեք: Մասնակցության դեպքում որքանո՞վ կտուժենք: Հարցերը
պատասխան չստացան»: Գ. Հարությունյանի տեղեկացմամբ, նիստին չի մասնակցել
ԱԱԾ ղեկավարը: Տարօրինակ է եղել ԱԳ նախարարի բացակայությունը: Իսկ ԱԺ-ին
Օսկանյանի ուղղած եզրակացությունն էլ, ըստ Հարությունյանի, «անդեմ, ոչինչ
չասող նախադասություն էր»: Օսկանյանն ընդամենը հայտնում է, որ ՊՆ,
Արդարադատության ու Ֆինանսների նախարարությունները, այդ թվում՝ եւ ԱԳՆ-ն,
նպատակահարմար են գտնում հուշագրին միանալը: ԱԳ նախարարի նման
խուսափողական պահվածքը պատգամավոր Հարությունյանը մեկնաբանեց այս կերպ.
«Օսկանյանը այդ տարածաշրջանի ծնունդ է եւ հիանալի գիտի տեղի հայերի
տրամադրությունները: Այդ նպատակով էլ փորձեց ձեռնպահ մնալ»: Ինչ
վերաբերում է կուսակցություններին, ապա այստեղ եւս դրսեւորվեցին ներքին
հակասությունները: ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, նախագահականից իջած հրահանգի համաձայն,
կողմ քվեարկեցին, այդ թվում նաեւ՝ ՄԱԿ-ն ու ««Ժողպատգամավորը» (թեպետ մեր
տեղեկություններով՝ նրանցից շատերը դեմ են եղել այս որոշմանը): Բավական
դժվար դրության մեջ է հայտնվել ՀՅԴ-ն: Ենթարկվելով կուսակցության սփյուռքի
կառույցների պահանջին, ՀՅԴ-ն դեմ քվեարկեց որոշմանը՝ այս կերպ դեմ գնալով
նաեւ կոալիցիոն գործընկերներին: Վերջիններս սակայն ՀՅԴ-ի այս քայլին
ըմբռնումով մոտեցան, կանխելով ներկոալիցիոն հակասությունների շուրջ
խոսակցությունների հերթական ալիքը: Առավել պառակտված էր ընդդիմությունը:
ԱՄ-ն կողմ քվեարկեց, «Արդարությունը», բացի «Հանրապետականից»՝ դեմ, իսկ
վերջիններս նիստին առհասարակ չմասնակցեցին: Սուրեն Սուրենյանցը իրենց
բացակայությունը մեկնաբանեց այս կերպ. «ԱԺ կմտնենք միայն իմփիչմենթի
քննարկման ժամանակ»։