Ղարաբաղում վաղուց սկսվել են ընդունելության քննությունները: Արցախի պետական համալսարանում արդեն քննություններն ավարտվել են, իսկ մյուս բուհերում դեռ շարունակվում են:
Հայտնի է, որ Արցախի տարբեր բուհերում սովորում են հայաստանցի շատ երիտասարդներ, որոնց այստեղ սովորելու պատճառները տարբեր են: Մեր հարցումները ցույց են տվել, որ դիմորդների հիմնական մասը դժվարանում է ընդունվել Երեւանի պետական համալսարան, դրա համար էլ նախընտրում են Ղարաբաղում սովորել: Ոմանք էլ արմատներով Ղարաբաղից են եւ այդ պատճառով են գալիս այստեղ սովորելու: Օրինակ, ուսանողներից մեկի հայրը Ղարաբաղում ինչ-որ բիզնեսով է զբաղվում, իսկ տղան եկել է օգնելու հորը եւ որոշել է սովորել Ղարաբաղում: Ի դեպ, նման դեպքեր շատ կան: Կա նաեւ այն կարծիքը, որ ոմանք ընդունվում են Արցախի պետական համալսարան, այնուհետեւ տեղափոխվում են Երեւանի պետհամալսարան:
Մեր տվյալներով, Ղարաբաղում սովորելու էին գալիս հիմնականում Սյունիքի մարզից, բայց Գորիսում արդեն համալսարան է գործում, ինչի պատճառով էլ հայաստանցի դիմորդների թիվը նվազել է:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի տվյալներով, Արցախի պետհամալսարանի (ԱրՊՀ) այս տարվա 978 դիմորդներից 44-ը Հայաստանից են: Իսկ ընդհանուր առմամբ, ԱրՊՀ-ում սովորում է 219 հայաստանցի ուսանող, որոնցից 108-ը՝ հեռակա բաժնում:
Հայաստանցի ուսանողներ կան նաեւ մասնավոր բուհերում, սակայն դրանց թիվն այնքան էլ մեծ չէ:
Զրուցակիցս՝ Արամը, Սյունիքի մարզից է, սովորում է Ղարաբաղի բուհերից մեկի իրավաբանական ֆակուլտետում: «Երբ ավարտեցի դպրոցը եւ պատրաստվում էի ուսումս շարունակել, սկսեցի հետաքրքրվել: Պարզվեց, որ Երեւանի պետհամալսարան ընդունվելը շատ դժվար է, դրան գումարած` այնտեղ բնակվելն էլ շատ թանկ հաճույք է: Որոշեցի ուսումս Ղարաբաղում շարունակել եւ չփոշմանեցի: Այստեղ ավելի հարմար է, նախ` այն բանով, որ բարեկամներ ունեմ, հետո էլ՝ այստեղ ծախսերն ավելի քիչ են. ընկերներով տուն ենք վարձել 30 հազար դրամով, տրանսպորտի համար շատ քիչ գումար է ծախսվում: Մի խոսքով, ամեն ինչ նորմալ է: Արդեն հարմարվել եմ այս փոքրիկ քաղաքում, ձեռք եմ բերել լավ ընկերներ: Իսկ համալսարանն ավարտելուց հետո կորոշեմ ինչ անել»,- ասաց Արամը:
Իսկ Արմինեն Երեւանից է եկել Ղարաբաղ: Նրա հայրն, արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է Ղարաբաղի շրջաններից մեկում: Այժմ երեխաները Երեւանում են ապրում, իսկ ծնողները՝ Ղարաբաղում: Արմինեն էլ հեռակա հիմունքներով Արցախի պետհամալսարանում է սովորում: Տարին մի քանի անգամ գալիս է Ստեփանակերտ եւ մնում է մինչեւ դասերի ավարտը:
Իսկ մյուս զրուցակիցս՝ Կարենը, չկարողանալով ընդունվել Երեւանի պետհամալսարան, դիմել է Արցախի համալսարան եւ այժմ սովորում է: Նա պատմում է, որ թեեւ հեշտությամբ է ընդունվել Արցախի պետհամալսարան, սակայն դեռեւս չի որոշել՝ ուսումը կշարունակի այստե՞ղ, թե՞ կտեղափոխվի Երեւանի համալսարան: «Ասում են՝ տեղափոխվելը շատ դժվար է: Տեսնենք` ո՞նց կստացվի: Հետո էլ ուսման վարձն այնտեղ՝ այստեղի համեմատ շատ բարձր է»,- ասում է Կարենը: