«Մանկուց միշտ շատ ամաչկոտ եմ եղել»,- ասում է երգիչ Թաթա Սիմոնյանը

28/08/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Թաթան իր նոր համերգային ծրագրով ելույթ է ունենում Հայաստանի տարբեր քաղաքներում: Նա այսօր շատ սիրված եւ մեծ պահանջարկ ունեցող երգիչ է, ով աշխարհի տարբեր հայաշատ քաղաքներում լեփ-լեցուն դահլիճներ է հավաքում: Ասում է, որ իր համար «կենդանի» երգելն ավելի հեշտ է, քան ֆոնոգրամայով երգելը՝ «Ֆոնոգրամայով երգելիս ես ավելի շատ եմ լարվում»: Նա այն հազվադեպ երգիչներից է, ում սիրում են եւ հայաստանցիները, եւ սփյուռքահայերը: Թաթան` լինելով շատ հավասարակշռված եւ համեստ անձնավորություն, բորբոքվում է, երբ բոլորը աջուձախ սկսում են փնովել «ռաբիս» երաժշտությունը: «Շատերն իրենք իրենց ուզում են ապացուցել, որ ես «ռաբիս» չեմ, որպեսզի հետո հանգիստ սրտով սկսեն լսել իմ երգերը»,- կատակում է նա: Սրտի խորքում ռոք երաժշտության սիրահար Թաթան հաճախ է իր երգերում ռոքի տարրեր օգտագործում: Բայց ուզում է, որ հայերը հպարտանան նաեւ «ռաբիսով». «Ռաբիսը» իր պարզությամբ ու անկեղծությամբ շատ նման է ռոքին: Տարբերությունը հնչողության մեջ է: Իսկ «ռաբիսի» քաղցր հնչյունները պարտադիր են, քանի որ մենք արեւելյան ազգ ենք»,- ասում է նա:

– Ռաբիսն ինձ համար քաղաքային երգն է: Եվ այդ բառի մեջ խորանալու առիթներ չեմ տեսնում: «Ռաբիսը» սովորական բառ է, որը մեզ է հասել սովետական ժամանակներից: Դա «կոմկուսի», «ռայկոմի» կամ «շրջսովետի» նման հապավում է, նշանակում է «օբսչեստվո ռաբոտնիկով իսկուստվա»: Եվ այդ «ռաբ. իսը» դարձել է ռաբիս եւ եկել-կպել է երաժշտությանը: Բայց ժամանակին դա մի հիմնարկություն է եղել, որը Երեւանի բոլոր այն ռեստորաններին, որոնք «Ինտուրիստին» չեն պատկանել, սպասարկել է երաժիշտներով: Եվ այդ միության տնօրենը երկար ժամանակ եղել է հարգարժան Ջիվան Գասպարյանը: Ես չէի ցանկանա, որ մարդիկ ամեն ինչ անեն` իրենց ռաբիսից հեռացնելու համար, կամ իրենց՝ ռաբիսի հետ որեւէ կապ չունենալու փաստը ընդգծեն, որպեսզի ավելի շատ սեր եւ ճանաչում ձեռք բերեն: Ընդհակառակը, ուզում եմ, որ մենք մեր ռաբիսով էլ հպարտանանք, քանի որ այդ հիմնարկությունը շատ լավ բաներ է արել մեր երկրի համար, սպասարկել է մարդկանց հարսանիքներն ու հուղարկավորությունները: Եվ շատ լավ երաժիշտներ է տվել: Այլ հարց է, որ տասը տարի առաջ ռեստորաններում երգող եւ իրենց կյանքից չդժգոհող մարդկանցից ոչ բոլորն այսօր երգելու իրավունք եւ կարողություն ունեն: Հիմա, երբ ամեն ինչ բաց եւ ազատ է դարձել, շատերը պիտի այլեւս չերգեն: Նրանց երգերը մնացել են այն մակարդակի վրա, որի վրա եղել են, պարզապես հիմա հնչում են ոչ թե ռեստորաններում, այլ` հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: Պետք է ոչ թե ռաբիսից դժգոհել, այլ` վատ երգերից եւ երաժշտական վատ կատարումներից:

– Իսկ ուրիշ ազգերն ունե՞ն իրենց «ռաբիս» երաժշտությունը:

– Ուրիշ ազգերը մեզ պես այդ հարցի քննարկման մեջ այդքան շատ չեն խորանում: Հնարավոր է, որ ունեն:

– Սարսափելի երեւույթ չէ՞ թուրքական երաժշտության ազդեցությունը: Չէ՞ որ ձայնագրման ցանկացած կրպակից անհասկանալի եւ անճաշակ թուրքա-արաբական խառնուրդ է լսվում: Նման երգերը ձեր ականջը չե՞ն ծակում:

– Իրականում երաժշտական ոչ մի ազդեցություն սարսափելի լինել չի կարող: Ոչ մի ազգ չի վախենում ուրիշ ազգերի երաժշտությունից օգտվել: Եթե այդպես մտածենք, ուրեմն մենք պիտի շարունակենք տարազներ եւ տրեխներ հագնել ու ցեխի մեջ ապրենք, քանի որ սայլերը պիտի մեքենաներից ավելի լավ համարենք եւ հրաժարվենք ասֆալտից: Երաժշտության մեջ ոչ մի սահմանափակում չպիտի լինի: Թուրքերի երաժշտությունն օգտագործելու մեջ ես վատ բան չեմ տեսնում: Դրա մասին թող թուրքերը մտածեն, դա նրանց պրոբլեմն է: Ես, օրինակ, հաճույքով լսում եմ արաբական երգերը: Իհարկե, այնքան էլ լավ չէ, որ մեր երկրում սկսում է իշխել թուրքական, արաբական եւ հունական երաժշտությունը: Բայց ո՞վ ասաց, որ ֆրանսիական կամ անգլիական երաժշտության ազդեցությունն ավելի լավ է: Եթե որակով է եւ լավն է` թող հնչի: Մեզ մոտ իրենց երաժիշտ համարող մարդիկ, ովքեր պատահաբար են երաժիշտ դարձել, վերցնում են մի քանի երգ եւ կոպիա են անում թուրքի եւ արաբի արածը: Ցավը նրանում է, որ շատ վատ կոպիա են անում: Ինչպես մեր ջազմեններն են վատ կոպիա անում ամերիկյան ջազը, այնպես էլ մեր երգիչներն են կոպիա անում թուրքերի եւ արաբների էստրադային երգերը: Ես տարբերություն չեմ տեսնում վատ ռաբիսի եւ վատ ջազի միջեւ: Եթե որոշ ժամանակ թուրքական ռադիո լսեք, կտեսնեք, որ թուրքերն էլ շատ հաճախ մեր երգերն են վերցնում, թուրքական բառեր են վրան դնում, «սազեցնում» են թուրքական երգելաոճին ու կատարում են: Եվ դրա մեջ ոչ մի խնդիր չեն տեսնում: Իսկ մենք այդ հարցում շատ կոմպլեքսավորված ենք: Ոմանք, օրինակ, ինձ մեղադրում են, որ իմ «Անապատի արեւ» երգը թուրքական է: Ես ինձ առանձնապես մեծ երգիչ չեմ համարում: Ինձնից առաջ շատ ավելի լավ երգիչներ են եղել, կլինեն նաեւ ինձնից հետո: Բայց գիտեմ, որ ինքս եմ գրում իմ երգերի երաժշտությունն ու բառերը, եւ իմ երգերը թուրքական չեն:

– Բայց ձեր այդ նույն երգն ադրբեջանցի երգիչներն են կատարում: Հաճա՞խ են ձեզանից երգեր գողանում:

– Շատ հաճախ: Ադրբեջանցի երգչուհի կա, որն իմ երգերն է երգում: Վրաստանում ազգությամբ հրեա մի երգիչ կա, որը նույնպես իմ մի քանի երգերն է կատարում:

– Ինչպե՞ս եք ձեր երգերի հեղինակային իրավունքները պաշտպանում եւ պայքարում ապօրինի ձայնագրությունների վաճառքի դեմ: Փորձե՞լ եք դատի տալ:

– Դատի տալու համար պիտի ամուր թիկունք ունենամ, այսինքն` Հայաստանում պետք է հզոր օրենքներ լինեն: Ես իմ երգերի հեղինակային իրավունքները Վաշինգտոնում եմ պաշտպանել, բայց գիտեմ, որ եթե այսօր ձայն բարձրացնեմ եւ Երեւանում իմ երգերի կատարողներին պատասխանատվության ենթարկեմ, ոչ մի արդյունքի չեմ հասնի: Ես հենարան չունեմ: Հետո էլ իմ ամերիկացի փաստաբանը դժվար թե Վրաստան գնա եւ իմ հեղինակային իրավունքներն այնտեղ պաշտպանի:

– Այսինքն, եթե ձեր հեղինակային իրավունքներն իսկապես պաշտպանված լինեին, դուք շատ հարուստ մարդ կլինեիք:

– Ես հիմա էլ իմ ֆինանսական վիճակից չեմ բողոքում: Աղքատ եղել եմ, բայց հիմա, փառք Աստծո, աղքատ չեմ: Իհարկե, եթե օրենքները գործեին, բոլոր երգիչների կարողությունները շատ ավելի մեծ կլինեին: Իմ հաշվարկներով` միայն ձայներիզների վաճառքից ես պիտի տասն անգամ ավելի մեծ գումար վաստակեի, քան վաստակել եմ: Երեւի օրենքները կսկսեն գործել այն ժամանակ, երբ մեր երկիրը ոտքի կկանգնի: Եվ թող ինձնից հետո եկող երգիչներն ավելի հարուստ լինեն:

– Իսկ ինչպե՞ս եք կարողանում ձեր ընտանիքն ավելորդ ուշադրությունից պաշտպանել:

– Փորձում եմ այնպես անել, որ իմ ընտանիքի անդամներին մարդիկ դեմքով կամ անուններով չճանաչեն: Մանր-մունր տհաճ բաներ են լինում: Եթե կինս որեւէ խանութ մտնի, եւ նրան ճանաչեն, նա կարող է անկանխատեսելի վիճակում հայտնվել: Մի խանութում, որտեղ ինձ սիրում են, նրան լավ կվերաբերվեն, իսկ մյուս խանութի աշխատողը կարող է նրան որեւէ տհաճ բան ասել: Հնարավորին չափ ուզում եմ, որ կնոջս ու տղայիս շատ մարդ չճանաչի: Գիտեմ, որ պրոբլեմներ եմ ունենալու, երբ տղաս դպրոց գնա, բայց կփորձեմ այնպես անել, որ ոչ ոք չիմանա, որ նա իմ որդին է: Որեւէ կերպ նրա ճակատագրի վրա ազդել չեմ ուզում: Թող բոլորի նման լինի:

– Անձամբ դուք էլ եք հազվադեպ լինում հասարակական վայրերում…

– Ես մանկուց շատ ամաչկոտ եմ եղել, հասարակական վայրերում քիչ եմ եղել: Դա կախված էր նաեւ իմ հնարավորություններից: Մանկությունս եւ պատանեկությունս ոչ այնքան ճոխ են անցել: Իսկ երբ հնարավորություն ունեցա` կորավ դրա ցանկությունը: Մանկությունը կարող է անհոգ անցնել, բայց ճոխ` ոչ բոլորի մոտ կարող է լինել: Խոսքը ֆինանսական ապահովվածության մասին է:

– Մանուկ հասակում գողություն արե՞լ եք:

– Այդպիսի մի դեպք եղել է, ես ներկի մի փոքրիկ սրվակ եմ գողացել խանութից: Մեքենաների հավաքածու ունեի, ուզում էի մեքենաս ներկել, բայց ներկը գնելու փող չունեի: Այդ դեպքը շատ ծանր ազդեց ինձ վրա, ինձ թվում էր, թե ամբողջ աշխարհն իմացել է դրա մասին: Եվ այդ ժամանակ երդվեցի, որ էլ երբեք ոչ մի բան չեմ գողանա:

– Դուք տասը տարի ելույթ եք ունենում նույն կերպարով` գունավոր շապիկներով եւ կեպիներով: Մեկընդմիշտ ընտրված իմիջին հավատարիմ մնալը ձեզ համար սկզբունքայի՞ն հարց է:

– Ես միշտ այսպիսին եմ եղել: Իհարկե, ճաղատ միշտ չեմ եղել, բայց միշտ սիրել եմ ազատ հագուստն ու վառ գույները: Իսկ մորուքս ավելացավ այն ժամանակ. երբ հոսանքը կտրում էին եւ ամեն օր սափրվելու հնարավորություն չէր լինում: Գլխարկս էլ ավելացավ այն ժամանակ, երբ սկսեցի ճաղատանալ, արեւի տակ գլուխս վառվում էր, իսկ ձմռանը` մրսում: Սկզբում պարզապես գլխարկ էր, իսկ հետո իմիջ դարձավ: Փոխվելու կարիք չեմ տեսնում, կարող եմ միայն գլխարկս փոխել եւ ուրիշ գլխարկ կրել: Ես կոստյում չունեմ: Կոստյում միայն մեկ անգամ եմ հագել` Ամերիկայում:

– Երեւանում ձեզ հարմարավե՞տ եք զգում:

– Անկեղծ ասած, Հայաստանից հեշտ եմ բաժանվում, քանի որ գիտեմ, որ միեւնույն է, վերադառնալու եմ: Երբ փոքր էի, Երեւանն ինձ շատ մեծ էր թվում, հիմա մեծացել եմ, եւ Երեւանն ինձ համար այլեւս այդքան մեծ չի: Չեմ կարող ասել, որ Երեւանն ամենահարմարավետ, մաքուր, գեղեցիկ եւ հաճելի քաղաքն է, բայց դա իմ հարազատ քաղաքն է: Ես սիրում եմ մեքենա վարել, բայց Երեւանում մեքենա վարելիս հաճույք չեմ ստանում: Կողքի ավտոմեքենայից ինչ-որ մեկը կարող է կծած պաղպաղակը դուրս գցել, եւ այդ պաղպաղակը գա իմ մեքենայի պատուհանին կպչի: Կամ՝ գեղեցիկ հագնված մի կին, որն, ի դեպ` եթե նրան հարցնես` միայն դասական երաժշտություն է լսում, կարող է այնպիսի տեղով փողոցն անցնել, որ ուղղակի զարմանում ես, թե ինչպես պատահեց, որ մեքենայի տակ չընկավ: Բայց դա նրա մեղքը չի, այդպես է ընդունված: Երեւանը հիմա էքստրեմալ քաղաք է դարձել, գուցեեւ այստեղ ավելի հետաքրքիր է, բայց ես բնավորությամբ հանգիստ մարդ եմ եւ ավելի շատ եմ գնահատում օրենքը:

– Դուք առաջին երգիչներից եք, ով սկսեց պրոդյուսերի հետ աշխատել: Այդ փաստն օգնե՞ց ձեզ ձայնագրությունների, դահլիճների վարձակալման խնդիրները լուծել:

– Իհարկե, շատ օգնեց: «Պրոդյուսեր» հասկացողությունը հիմա եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում մի տեսակ տարօրինակ է ընկալվում: Շատերը համարում են, որ պրոդյուսերը երգել չկարողացող մարդկանց կարող է երգիչ դարձնել: Բայց այդպես չէ: Տաշած քարը երբեք գետնի վրա չի մնա: Եվ պրոդյուսերն այն մարդն է, ով այդ տաշած քարը կարողանում է ճիշտ ներկայացնել: Երգիչը չի կարող եւ երգել, եւ ինչ-որ կազմակերպչական հարցերով զբաղվել: Առանց պրոդյուսերի դա անելը դժվար է: Երբ ես եւ իմ պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը դիմեցինք «Շարմ» ընկերություն, շատերը ծիծաղում էին մեզ վրա եւ կարծում, որ «թիթիզություն» ենք անում: Բայց ոչ ոք չէր մտածում, որ ինձ համար մարդկանց հետ շփվելն ու ֆինանսական հարցեր լուծելը շատ դժվար է: Ես ուզում էի մասնագետի հետ աշխատել:

– Երբեւիցե որեւէ հարցով Մշակույթի նախարարություն դիմե՞լ եք կամ զգացե՞լ եք նախարարության դերը:

– Ինձ թվում է՝ այնտեղ մարդիկ դատարկ բաներով են զբաղված: Ի՞նչ կարիք կա օրհներգը փոխել: Ինչպես փողոցներն են փորում, ասֆալտապատում եւ տասն օրից հետո նորից քանդում, այնպես էլ բոլոր նախարարություններն են աշխատում: Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, Աստված վկա, ես դրանից շատ հեռու եմ: Մշակույթի նախարարությունը ոչ օգնել է ինձ, ոչ էլ խոչընդոտել: Այնպիսի տպավորություն է, որ նախարարությունը նույնիսկ չի էլ ուզում ճանաչել ինձ: Ես կամ եւ միաժամանակ չկամ նրա համար: Ոչ մեկին չի հետաքրքրում՝ ի՞նչ գումարով եմ ձայնագրություններ անում, ի՞նչ միջոցներով եմ համերգներ կազմակերպում: Երբ աշխարհի տարբեր բեմերում համերգներ եմ ունենում, ոչ մի պաշտոնյա չի գալիս ու ասում` ապրես, որ Հայաստանից եկել ես, ես էլ Հայաստանի ներկայացուցիչն եմ: Ես չկամ… Ինչպես բոլոր «ռաբիսները», այդպես էլ ես: