Ոսկերչությունն արհեստ է, բիզնես, բայց «Արույ» ընկերության տնօրեն, ոսկերիչ Յուրի Հովհաննիսյանի համար այն առաջին հերթին արվեստ է: Նա ամեն զարդ չի պատրաստում, նախընտրում է գեղեցիկ գործեր ստեղծել, քանզի նրա կարծիքով, յուրաքանչյուր ոսկերիչ իր ճաշակն իր գործերի միջոցով է առաջարկում հաճախորդին:
Կարեւորելով ոսկերչությունը` որպես փող վաստակելու միջոց` Յուրին, այնուամենայնիվ, գտնում է, որ պետք չէ փողի ետեւից ընկնել ու «ծուռումուռ» զարդեր պատրաստել: «Ես էլ սուրբ չեմ, սովորական մարդ եմ, մտածում եմ յուրաքանչյուր գործ թանկ վաճառելու եւ շահույթ ստանալու մասին: Բայց այն վարպետները, որոնց հետ ես աշխատել եմ, որոնցից սովորել եմ այս արվեստը, ասում էին, որ ես պետք է դառնամ իմ գործի լավ մասնագետ, այդ դեպքում փողը կգա, ինձ կկպնի: Կյանքը ցույց տվեց, որ դա է իրականությունը»,- ասում է ոսկերիչը:
1978թ. ավարտելով Գեղագիտական ուսումնարանի ոսկերիչ-փորագրողների բաժինը` Յուրին ընդունվել է Երեւանի ոսկերչական գործարան: Այդ տարիներից էլ սկսել է ինքնուրույն գործեր պատրաստել: Երկար ժամանակ աշխատել է ընկերոջ հետ, այնուհետեւ` «Իմպերիալ» ոսկերչական արտադրամասում: Իսկ վերջինիս փակվելուց հետո Յուրին, գնահատելով գործընկերների փորձն ու գիտելիքները, որոշում է նրանց հետ միասին ստեղծել սեփական արհեստանոցը: Այժմ «Արույ» ընկերությունում յուրաքանչյուրն իր գործն է անում. մեկը թանկարժեք քարերն է տեղադրում, մյուսը զարդերն է փայլեցնում եւ այլն: «Ես ամեն ինչի տիրապետում եմ: Սակայն միայնակ չեմ կարող հասնել կատարելության»,- ասում է Յուրին: Այսօր նրա մոտ աշխատում է այն մարդը, ում մոտ նա աշակերտել է, երբ առաջին անգամ ոտք է դրել ոսկերչական գործարանի փայլեցման արտադրամաս:
Իր վարպետների մասին Յուրին ակնածանքով է խոսում` անընդհատ օգտագործելով «այն ժամանակ» արտահայտությունը: Հիշում է պարսկահայ Մաղաքյան եղբայրներին, ովքեր իրեն սովորեցրել են ոսկերչական շատ գաղտնիքներ, վարպետներ Ալեքին, Ժիրիկին, Բորիսին, Տիգրանին… «Նրանք մոդելյոր վարպետներ էին, այսինքն` իրենք ձեռքով սարքում էին զարդի բուն մոդելը: Հիմա տեխնիկան զարգացել է, եւ համակարգիչները տարբեր նորամուծություններ են մտցրել ոսկերչության մեջ: Այժմ հատուկ ծրագիր կա, որով տրվում է մոդելի նկարը, եւ մեքենան ինքն է զարդի մոմը փորում ու պատրաստի վիճակում տալիս քեզ: Ճիշտ է, դա ավելի ճշգրիտ է, բայց ինձ համար որպես ոսկերչական գործ նախընտրելի է մարդու ստեղծածը: Իմ կարծիքով, ոչ մի մեքենա չի կարող այնպիսի սլացիկ միտք ունենալ, ինչպիսին մարդունն է. այն անսահմանափակ հնարավորություններ ունի: Մեր արհեստն ինձ համար ավելի շատ արվեստի է նման, քանի որ դու նկարելու, ստեղծելու անսահմանափակ հնարավորություններ ունես: Եվ որքան կարողանում ես լավը ստեղծել, այնքան դու դրանով արժեքավորվում ես»,- վստահեցնում է ոսկերիչը:
Նա ցավով է նշում, որ «այն տարիների» լավագույն վարպետները կամ մահացել են, կամ անցումային ծանր տարիներին, ապրուստի միջոց գտնելու նպատակով մեկնել են արտասահման: Ի դեպ, շատ հայ ոսկերիչներ աշխատում են Ռուսաստանում, մասնավորապես` հանրահայտ «Սիրին» ընկերությունում: «Մենք խոստումնալից երիտասարդներ ունենք, ովքեր մեծ վարպետներ կդառնան: Բայց այսօրվա ապրելակերպը շատերին շեղում է ճանապարհից: Շատ շնորհալի երիտասարդներ փչանում են, ընկնում են դրամ վաստակելու հետեւից, պատրաստում են ինչ-որ թուրքական մոդելների զարդեր: Քիչ երիտասարդներ կան, ովքեր նախընտրում են ձեռքի աշխատանքը»,- ասում է ոսկերիչը: Միեւնույն ժամանակ նա նշում է, որ պահանջարկն է ձեւավորում շուկան: Այսօր ստեղծում են այնպիսի գործեր, որոնք արագ կվաճառվեն: Ոչ ոք չի մտածում փորագրությամբ զբաղվելու մասին: «Ուսումնարանում շատ լավ վարպետ ունեինք` Պատրիկյան Համիկը, որը հիմա ԱՄՆ-ում է: Շատ լավ փորագրիչ էր: Նա «Սասունցի Դավիթ» էպոսի գրքի նկարը ձեռքով փորել է պղնձի վրա: Այսօր մեկին ասա` այդպիսի բան արա: Կան մեկ-երկուսը, որոնց ես չգիտեմ: Այստեղ ոսկերչությունը դառնում է ստանդարտացված, փչանում է: Ոսկերչական տաղանդը վերածվում է ինչ-որ ուրիշ բանի: Մեր ժամանակ երիտասարդը պետք է անպայման մի «բախչալու» մատանի ձեռքով սարքեր, որ համարվեր ոչ թե աշակերտ, այլ ինքնուրույն ոսկերիչ: Իսկ հիմա այդպիսի բան չկա, քանի որ զարդերը հիմնականում ձուլում են»,- ափսոսում է Յուրին:
Խոսելով հայաստանյան շուկաներում վաճառվող թանկարժեք զարդերի մասին` ոսկերիչը նշում է, որ դրանց մեջ լավ գործեր կան, բայց շատ քիչ տոկոս են կազմում: «Հիմնականում անճաշակ, ոչ ճիշտ ոսկերչական լուծումներով զարդեր են: Ընդամենը «աչքակապուկ» գործեր են` նախատեսված վաճառքի համար»,- ասում է Յուրին: Ինչ վերաբերում է ներմուծվող զարդերին, ապա, ոսկերչի խոսքերով, դրանց գեղագիտական տեսքը լավն է, բայց պրակտիկ չեն, քանզի պատրաստված են նուրբ ու թեթեւ ձեւով եւ ցանկացած անզգույշ շարժման դեպքում այդ զարդերը կարող են անվերադարձ վնասվել, եւ ոչ մի լավ վարպետ չի կարողանա դրանք վերականգնել: Յուրին գտնում է, որ արտասահմանում ոսկերչությունն ավելի հարգի է ու լավ է զարգանում, քան Հայաստանում, քանի որ այնտեղ մրցակցությունը մեծ է, բոլոր ոսկերիչների համար պայմանները գրեթե հավասար են: «Բացի այդ, արտասահմանում մտածում են ոչ թե ինչ-որ հովանավորներ գտնելու, այլ ավելի լավ ու գեղեցիկ գործեր ստեղծելու մասին»,- ասում է ոսկերիչը:
Յուրին աշխատում է պատվերներով: Իր պատվիրատուներին նա լավ է ճանաչում, գիտի յուրաքանչյուրի ճաշակն ու հոգեբանությունը, իսկ նրանք էլ վստահում են իրենց վարպետին: «Գործեր կան, որոնք հաճախորդներն ընտրում են արտասահմանյան կատալոգներից: Ես, իհարկե, նրանց բացատրում եմ, որ դրանք հիմնականում գովազդային ապրանքներ են: Հնարավոր է, որ այդ զարդը սարքելուց հետո այն տեսքը չունենա, ինչ նկարում է: Աշխատում ենք ամեն ձեւով գոհացնել մեր պատվիրատուներին»,- ասում է ոսկերիչը: Նրա խոսքերով, իր հաճախորդների մոտ 90%-ը նախընտրում է ոչ թե պարզապես ոսկի կամ թանկարժեք քար, այլ գեղեցիկ զարդ գնել, որով հնարավոր է միշտ հիանալ:
Յուրիի հիմնական պատվիրատուն միջին խավն է, մեծահարուստները նրա հետ չեն աշխատում: Հաճախ հաճախորդները խնդրում են որեւէ գումարի սահմաններում զարդ պատրաստել, իսկ երբեմն էլ իրենց հին ոսկեղենն են տալիս` դրանցից նորը պատրաստելու համար: Ոսկերիչը հիմնականում աշխատում է այն ոսկով, ինչ իրեն տալիս են: Զտում է այդ ոսկին, ստանում է մաքրաձույլ ոսկի, հետո իջեցնում է պատվիրատուի ցանկացած «պրոբին»: «Գնային քաղաքականությունը կախված է գործի դժվարությունից: Եթե նոր գործ է, մոդելը պատրաստելու համար երկար ժամանակ է պահանջվում, դա մի քիչ ավելի թանկ արժե, քան մեզ ծանոթ մոդելները»,- հավաստիացնում է Յուրին:
Նա արտասահմանից էլ է պատվերներ ստանում, սակայն այս դեպքում ոսկու գնի տատանումները խոչընդոտող հանգամանք են: «Եթե ոսկին միանգամից թանկանա ու մի գնի վրա մնա, լավ կլինի, բայց գնի տատանումները խնդիրներ են ստեղծում: Օրինակ, արտասահմանում` Բելգիայում, Դուբայում, Սաուդյան Արաբիայում, զարդի գինը ձեւավորվում է այսպես` ոսկու գին, անվերադարձ կորուստ եւ «ձեռավարձ»: Այդպես հնարավոր է աշխատել, քանի որ քո աշխատանքը կապ չունի ոսկու գնի տատանումների հետ»,- ասում է Յուրին:
Հետաքրքրությամբ նկատեցինք, որ Յուրի Հովհաննիսյանը ոսկյա զարդեր չի կրում: Պարզվում է, «իր վրա ոսկի չի մնում»: Մի քանի անգամ իր համար զարդեր է պատրաստել, իսկ ծանոթներն ու ընկերները` կարծելով, որ դրանք ամենալավն են, այդ զարդերը խնդրել են Յուրիից: «Բացի այդ, ամռանը շոգ է, նեղվում եմ ոսկեղենից, հանում եմ եւ մի տեղ մոռանում»,- ասում է ոսկերիչը: