Կկառուցվի երրորդ գիծը

21/08/2006

2008թ. նախատեսվում է կառուցել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գիծը` 90 մլն դոլար արժեքով: Այդ մասին «ԱրմԻնֆո»-ին հայտնել է «Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր» պետական ՓԲԸ գլխավոր տնօրեն Սահակ Աբրահամյանը: Նրա խոսքերով՝ սպասվում է, որ շինարարական աշխատանքները կսկսվեն 2006թ. եւ կավարտվեն 3 տարվա ընթացքում: Ներկայումս մասնագետներն աշխատում են նոր երկշղթա ԷՀԳ նախագծի վրա, որի երկարությունը ՀՀ տարածքում կկազմի 300 կմ, իսկ Իրանի տարածքում` 100 կմ: Գլխավոր տնօրենը նշել է, որ այդ գծի կառուցման նախագծում հայկական կողմի համաֆինանսավորումը 15 տոկոս է: Հայաստանն իրանական ներդրումների դիմաց կվճարի էլեկտրաէներգիայով: Ներկայումս Իրանն ու Հայաստանը կապված են երկու ԷՀԳ-ով` յուրաքանչյուրը 200 ՄՎտ հզորությամբ: Երրորդ գծի կառուցումից հետո 2 երկրների միջեւ թողունակությունը կավելանա մինչեւ 800 ՄՎտ: