«Կոնֆլիկտի հետ կապված բոլոր էլեմենտներն այսօր սեղանի վրա են, եւ բոլորի
շուրջ քննարկումներ գնում են: Վերջում այդ բոլորը ինչպե՞ս կփաթեթավորվեն,
ինչպե՞ս իրար հետ կհարաբերակցվեն, կերեւա: Բայց այս պահի դրությամբ մենք
չենք սկսել այդ հարաբերակցության պրոցեսը»,- այս տարվա իր առաջին
ասուլիսում երեկ հայտարարեց արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը՝
անդրադառնալով նախօրեին Պրագայում կայացած իր եւ Ադրբեջանի արտգործնախարար
Էլմար Մամեդյարովի թվով հինգերորդ հանդիպմանը: Իսկ Օսկանյանին ուղղված
հարցն այն մասին էր, թե ի վերջո բանակցությունների այս փուլում կողմերը
փաթեթայի՞ն, թե՞ փուլային, կամ, ինչպես վերջերս են ասում, փուլափաթեթային
տարբերակ են քննարկում: Վերջերս ադրբեջանական տարբեր պաշտոնյաներ բազմիցս
հայտարարել են այդ մասին, իսկ վերջին նման հայտարարությունը պատկանում էր
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Յուրի Մերզլյակովին, որն ասել
էր, թե հայկական կողմը համաձայնել է ղարաբաղյան հակամարտության
կարգավորման փուլային տարբերակին: Վարդան Օսկանյանի երեկվա ասուլիսում,
սակայն, այդ մասին որեւէ հստակ բան չասվեց: Սակայն Օսկանյանի՝ մի քանի
անգամ կրկնած այն արտահայտություններից, թե բանակցությունների ընթացքում
քննարկվում են բոլոր տարրերը, տպավորություն էր ստեղծվում, որ նրա նպատակը
բանակցությունների փաթեթային լինելն ընդգծելն էր: Ինչ վերաբերում է
Ադրբեջանի արտգործնախարարի հետ հունվարի 11-ին կայացած հանդիպմանը, ապա,
ըստ Վարդան Օսկանյանի, «հանդիպման ընդհանուր գնահատականը նորմալ է,
բավական լավ մթնոլորտում անցավ հանդիպումը»: Սակայն երեկ Պրագայի
բանակցությունների մասին Վարդան Օսկանյանը չէր խոսում այնպիսի
լավատեսությամբ, ինչպես նախկինում: Ըստ նրա, նախորդ հանդիպումների ժամանակ
ձեւավորվել է հարցերի ընդհանուր շրջանակ, որոնց շուրջ էլ վերջին հանդիպման
ժամանակ շարունակվել է քննարկումը: «Այո, այդ շրջանակը կա, բայց այդ
շրջանակում ներգրավված տարբեր հարցերի շուրջ դեռեւս վերջնական
համաձայնություն չկա»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը: Այսինքն՝ որքան
ընդհանուր հարցերից անցում է կատարվում մանրամասների, այնքան բանակցային
գործընթացը դանդաղում է: «Ինչպես պրագյան հանդիպումը ցույց տվեց, դեռեւս
հարցերի առավել կոնսոլիդացման կարիք է զգացվում, եւ այս հանդիպման նպատակը
եղավ հենց դա»: Իսկ ի՞նչ է նշանակում՝ հարցերի կոնսոլիդացիա: Այս հարցին
Վարդան Օսկանյանի տված պատասխանը թերեւս նույնպես կոնսոլիդացման կարիք
ունի: «Որոշ հարցերի մասին երբ խոսում ես, զգում ես, որ ընդհանուր եզրեր
կան: Բայց երբեք այնպես չի լինում, որ՝ լա՛վ, այս հարցը 100 տոկոս
պայմանավորվել ենք, եկեք մի կողմ դնենք»,- այսպես է բացատրում Վարդան
Օսկանյանը ընդհանուր հարցերի կոնսոլիդացիան՝ դրանով պայմանավորելով նաեւ
իր այն գնահատականը, թե պրագյան բանակցությունների երկրորդ փուլն ավելի
բարդ է լինելու: Իսկ թե երբ է տեղի ունենալու Օսկանյան-Մամեդյարով հաջորդ
հանդիպումը, Վարդան Օսկանյանը կոնկրետ ժամկետներ չնշեց, ասելով միայն, որ
այդ ձեւաչափով բանակցությունները շարունակվելու են: Դեռեւս հայտնի չեն
նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի
կոնկրետ ժամկետները, սակայն, ըստ Վարդան Օսկանյանի, դա ամենայն
հավանականությամբ տեղի կունենա հունվարի վերջին: Ի դեպ, անցած տարեվերջին
Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե այնքան էլ վստահ չէ, որ բանակցային
գործընթացին ոչինչ չի սպառնում, ինչպես, օրինակ, ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեայում ազատագրված տարածքների հարցի քննարկումը: Արդյոք Մամեդյարովի
հանդիպումից հետո Օսկանյանի վստահությունը վերականգնվե՞լ է: «Եթե գնացել
եմ պրագյան երկրորդ փուլին, ուրեմն վստահ եմ, որ այդ խոչընդոտը հանված
է»,- այդ հարցին ի պատասխան՝ ասաց Վարդան Օսկանյանը՝ այդպես էլ ուղիղ
չպատասխանելով, արդյոք այլեւս ՄԱԿ-ում նման հարց կբարձրացվի՞, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է այս տարվան, ապա ըստ Վարդան Օսկանյանի՝ 2005 թվականը
ինտենսիվ է լինելու հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման
առումով, «որովհետեւ մտնում ենք պրագյան երկրորդ փուլ, որը որակապես
տարբերվելու է նախորդ փուլերից, այստեղ պետք է լուրջ քաղաքական կամք
դրսեւորվի եւ հետեւողականություն»: