Օրերս Ադրբեջանի Արտգործնախարարության մամուլի խոսնակ Մեթին Միրզան հայտարարեց, թե Ադրբեջանն առաջարկում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահներին մեկական տարով հերթով նախագահել ԵԱՀԿ Մինսկի խմբում: Միրզայի խոսքերով՝ այս գաղափարը քննարկվել է Բաքվում անցկացվող` արտասահմանում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների նիստի ընթացքում: Մ. Միրզան ասել է նաեւ, թե ադրբեջանցի դիվանագետների կարծիքով՝ այս քայլը թույլ կտա նախագահող երկրին` ստանձնել ղարաբաղյան կարգավորման խաղաղ բանակցությունների ընթացքի պատասխանատվությունը: Ի դեպ, արտասահմանում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների այդ նիստի ընթացքում ունեցած իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահեցրել է, թե վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում եւ աշխարհում նշանակալիորեն ամրացել են: Որպես ասվածի ապացույց՝ Ալիեւը նշել է նաեւ այն, թե վերջին երկուսուկես տարիների ընթացքում ինքը պաշտոնական այցով եղել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ հինգ երկրներում: Ադրբեջանի ղեկավարը դարձյալ հիշեցրել է այն մասին, որ իր երկրի ռազմական բյուջեն արդեն մոտ 700 միլիոն ԱՄՆ դոլար է, եւ ներկաներին վստահեցրել է, թե այն շարունակելու է աճել: Ի. Ալիեւը հայտարարել է նաեւ, թե Բաքուն թույլ չի տա «իր տարածքում երկրորդ հայկական պետության ստեղծումը»: «Մենք գիտենք, որ շատ երկրներում կան ազգային փոքրամասնություններ, ինքնավարություններ: Սակայն լինել ազգային փոքրամասնություն` չի նշանակում սեպարատիզմի միջոցով անջատել որեւէ պետության տարածք եւ ստեղծել ինչ-որ նոր պետություն,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ հավելելով,- Ասում են, թե Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը պետք է ինքնորոշվեն: Այդ դեպքում, ուրիշ երկրներում եւս նրանք կարող են օգտվել ինքնորոշման իրավունքից»: Հատկանշական է, որ օրերս Մեծ Բրիտանիայում բնակվող ադրբեջանցիները ստեղծել են հատուկ ինտերնետային կայք՝ ww.karabakh.co.uk, որտեղ ներկայացված է ԼՂ հակամարտության պատմությունը՝ բնականաբար ադրբեջանական տարբերակով: Հարկ է նշել, որ այս օրերին հատկապես Ադրբեջանում ակտիվանում են պատերազմի վերսկսման հավանականության մասին խոսակցությունները: Ու այս ամենի ֆոնին է՛լ ավելի ուշագրավ է դառնում հետեւյալ փաստը. պարզվում է, որ օգոստոսի 4-ին Ադրբեջանի իշխանությունները նոր փաստաթուղթ են ուղարկել ՄԱԿ: Փաստաթուղթը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, գրավյալ տարածքների հարցերին: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ ՄԱԿ-ին ներկայացված վերոնշյալ փաստաթղթի առաջին կետով Ադրբեջանը կոչ է անում ՄԱԿ-ին՝ վերահաստատել երկրի տարածքային անձեռնմխելիությունը, երրորդ կետում ԼՂՀ-ն ներկայացնում է իբրեւ Ադրբեջանի տարածք, եւ, բացի այդ, փաստաթղթում ներառված է մի կետ Ղարաբաղը շրջապատող տարածքներում հրդեհների մասին: Այդ կետով միջազգային հանրությանը կոչ է արվում նման իրավիճակները բացառելու համար միջոցներ ձեռնարկել: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, հայաստանյան կողմը այս բանաձեւի առնչությամբ արդեն տվել է իր մեկնաբանությունները, եւ հիմա էլ աշխատում է ՄԱԿ-ի անդամ երկրների հետ: Հարկ է նշել, որ դեռ նախորդ նստաշրջանում հստակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չպետք է քննարկվի ՄԱԿ-ում, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է բանակցությունները: «Եթե Ադրբեջանը փորձի շարունակել բանաձեւի նախագծի քննարկումները, եւ հետո այն դրվի քվեարկության, ապա այս դեպքում Հայաստանը, ինչպես մենք իրենց հայտնել ենք, իրավունք ունի դուրս գալ բանակցային գործընթացից»,- ասել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե Ադրբեջանն ինչ ռազմավարություն կընտրի: «Եթե Ադրբեջանն առաջ տանի փաստաթուղթը ՄԱԿ-ում, նշանակում է՝ իրենք վերապահումներ ունեն բանակցային գործընթացի նկատմամբ: Սա է մեկնաբանությունը»,- եզրափակել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը բազմիցս դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից: Իսկ Ադրբեջանը կփորձի՞ ՄԱԿ-ում շարունակել բանաձեւի նախագծի քննարկումները, ինչի դեպքում հայկական կողմը սպառնում է դուրս գալ բանակցային գործընթացից: Դատելով օրերս Ադրբեջանի նախագահի արած հայտարարություններից՝ այո: «Իր տարածքային ամբողջականության հարցում Ադրբեջանը երբեք զիջումների չի գնա եւ իր տարածքում թույլ չի տա երկրորդ հայկական պետության ստեղծումը»,- արտասահմանում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների վերոնշյալ նիստի ընթացքում ունեցած իր ելույթում հայտարարել է Իլհամ Ալիեւը: Հայաստանի նախագահի կամ Արտգործնախարարության արձագանքն Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ին ներկայացված վերոնշյալ բանաձեւի վերաբերյալ երեկ մեզ պարզել չհաջողվեց: Նախագահի մամուլի խոսնակը նրա հետ Սոչի մեկնած պատվիրակության կազմում է, իսկ Արտգործնախարարությունում իրավասու անձինք դեռեւս արձակուրդում են: