Այսօր բանակցություններ չեն տարվում

21/08/2006 Զրուցեց Արման ԳԱԼՈՅԱՆԸ

– 2006թ. միջազգային հանրության կողմից բազմիցս հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման տարի: Իսկ «Մեծ ութնյակի» գագաթաժողովից հետո ընդունված ամփոփիչ արձանագրության մեջ ընդգծվեց «2006թ. ընթացքում հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների շուրջ արագ համաձայնության գալու անհրաժեշտությունը»: Մինչեւ տարեվերջ խնդրի կարգավորումը որքանո՞վ եք իրական համարում:

– Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Նախորդ տարի էլ շատ էր խոսվում մինչեւ տարեվերջ ԼՂ հիմնախնդրի կարգավորումն ինչ-որ վերջնակետի հանգեցնելու մասին: Սակայն դա տեղի չունեցավ: Կարծում եմ, նույնը կլինի նաեւ այս տարի:

Այս տարվա ընթացքում ԼՂ խնդրի շուրջ որոշակի զարգացումներ տեղի ունեցան: Սակայն դրանք կարգավորման չհանգեցրին: Նախագահների միջեւ ընթացող բանակցային գործընթացը դեռ չի բերել մի այնպիսի կետի, որը մենք կարողանանք գնահատել որպես կարգավորման իրական սկիզբ: Դա թերեւս կարելի է բացատրել նրանով, որ նախագահների տված առաջարկներն իդեալական չեն, դրանք թերի են, եւ այդ թերություններն են, որ խոչընդոտում են կարգավորման գործընթացը: Կան մի շարք հարցեր, որոնք կամ միտումնավոր շրջանցված են, կամ էլ ուղղակի հաշվի չեն առնվել, ինչն էլ արգելակում է խնդրի լուծումը:

– Եվ որո՞նք են այդ հարցերը, որ համանախագահների առաջարկներում տեղ չեն գտել:

– Դա հայ փախստականների խնդիրն է: 500.000 հայ փախստականներ այսօր վտարված են իրենց նախկին քաղաքացիության երկրից: Եվ այդ մարդկանց ճակատագրի, նրանց կորսված ինչքի, նրանց հասցված բարոյական վնասների մասին չի խոսվում: Համանախագահներն այդ հարցերը շրջանցում են, իսկ ադրբեջանական կողմը չի ուզում այդ հարցին ընդհանրապես անդրադառնալ: Եվ այս պայմաններում անհավասարակշիռ մոտեցում է Ղարաբաղյան հակամարտության արդյունքում առավելագույնս տուժած մարդկանց մեծ զանգվածի նկատմամբ: Բացի այդ, ԼՂՀ-ն անմիջականորեն չի մասնակցում բանակցային գործընթացներին, մինչդեռ երկկողմ շրջանակների ձեւակերպումը պետք է տեղի ունենա հենց Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարությամբ տարվող բանակցային գործընթացը նախատեսում էր եռակողմ մասնակցություն: Բայց քանի որ ԼՂՀ-ն բանակցություններին անմիջականորեն ներկայացված չէ, կարող եմ ասել, որ այսօր բանակցություններ չեն ընթանում: Իսկ երկու երկրների նախագահների միջեւ հանդիպումները գնահատում ենք որպես հիմնական բանակցություններին նախորդող կոնսուլտատիվ շրջան:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ իրենց երեւակայությունը սպառվել է, եւ փոխզիջումների համար ավելի հարմար տարբերակ չկա: Եթե նրանց առաջարկած տարբերակը ձեզ համար անընդունելի է, ապա լրացուցիչ ի՞նչ եք առաջարկում ներառել բանակցային սկզբունքների մեջ:

– Կարծում եմ, որ երեւակայության լրացուցիչ տեղ դեռ կա: Նրանց ասվել է, թե ինչ թերի բաներ կան, որոնց վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Ես համոզված եմ, որ եթե համանախագահները հայ փախստականների խնդիրը մեջտեղ բերեն եւ փորձեն լուրջ քննարկել, ապա այդ փաստը կարող է լրջորեն աշխատել հօգուտ իրական կարգավորման: Եթե ասում են, որ սպառվել է երեւակայությունը, ապա պետք է բոլորս ջանանք, որ այդ երեւակայությունը վերակենդանանա: Ես կողմ եմ, որպեսզի խաղաղություն տիրի, եւ այն լինի երկարաժամկետ: Սակայն դրա համար պետք է հիմքեր ստեղծվեն, որպեսզի այդ խաղաղությունը կայուն եւ երկարաժամկետ լինի: Այս իրավիճակում, այն պայմաններում, որոնք առաջարկվում են, ես երկարաժամկետ ու կայուն խաղաղության նախադրյալներ չեմ տեսնում:

– Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները տարբերվում են միմյանցից:

ՀՀ-ն ու ԼՂՀ-ն պնդում են, որ խնդիրը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքով, իսկ Ադրբեջանը` տարածքային ամբողջականության: Ձեր կարծիքով, հնարավո՞ր է այդ երկու սկզբունքների համադրում:

– Դա թվացյալ ծուղակ է, թվացյալ փակուղի է: Իրականում ձգտում կա հակամարտող կողմերին հավասար նժարի վրա դնել եւ երկուսի վրա հավասար մեղք բարդել:

Մենք մեր որոշումը ժամանակին կայացրել ենք: Եվ հիմա պետք է մեր որոշմանը տեր կանգնենք: Շատ ծանր պատերազմում հաղթանակել ենք: Պետք է այդ հաղթանակին տեր կանգնենք: Իսկ հակառակ կողմի դիրքորոշումը մեղմելու համար ժամանակ է հարկավոր, որպեսզի մեր հարեւան երկրի հասարակությունը հասունանա դրա համար: Այն կարգերը, որ այնտեղ են տիրում, խնդրի լուծման հեռանկարը մշուշոտ է դարձնում: Թույլ զարգացած հասարակություն է` կառավարման միապետական ձեւով: Իրենք պետք է ներքին պոտենցիալ գտնեն ու փոխվեն, ինչի համար, կրկնում եմ, ժամանակ է հարկավոր:

– Դուք ասում եք` ժամանակ է հարկավոր, մինչդեռ ժամանակը կարծես աշխատել է ի վնաս Հայաստանի: Եվ եթե ժամանակին Հ. Ալիեւը հայտարարում էր, թե իրենք պետք է համակերպվեն ԼՂ-ն այլեւս Ադրբեջանի կազմում չտեսնելու հեռանկարի հետ, ապա Իլհամ Ալիեւն այս հարցում բավական կոշտ դիրքորոշում ունի` պնդելով, որ երբեք թույլ չի տա Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս լինի:

– Այն, ինչ արտահայտվում է բանավոր, միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը: Իմ շփումները ցույց են տալիս, որ Ադրբեջանում շատ-շատերը ոչ միայն համակերպվել են, այլեւ համաձայն են, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում չլինի: Եվ անիմաստ են համարում անտեղի, անիրավ արյունահեղությունը: Բայց ինչ-որ օգտակար է ժողովրդին, միշտ չէ, որ օգտակար է իշխանություններին: Ես դրա համար էլ ասում եմ, որ հասարակությունների մակարդակի առումով անհամապատասխանություն կա: Այդ մակարդակները, հուսով եմ, ժամանակի ընթացքում կփոխվեն, կբարձրանան:

– Ժամանակի ընթացքում Ադրբեջանը միջազգային հանրության մոտ կամաց-կամաց ագրեսորից վերածվում է զոհի:

– Դա մեր մեղքն է: Մենք թույլ ենք տվել, որ Ադրբեջանն իրեն որպես զոհ ներկայացնի միջազգային հանրության մոտ: 10-12 տարի առաջ բոլորովին այլ էր վիճակը: Բոլորն էլ շատ լավ գիտեին, թե ով է ագրեսորը: Այն ժամանակվա ԼՂԻՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը քաղաքական խնդիր էր: Սակայն Ադրբեջանը քաղաքական խնդիրը փոխանակ լուծի քաղաքական ճանապարհով, դիմեց բռնությունների, ագրեսիայի: Պատերազմ էլ կա, պատերազմ էլ: Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ուղղված էր խաղաղ բնակչության դեմ: Բայց պատերազմի այդ մեթոդները ժամանակին չդատապարտվեցին, եւ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: