Կիրակի օրը` օգոստոսի 13-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում տեղի ունեցած
գյուղապետի ընտրություններն, Արմավիրի թիվ 21/2 տեղամասային հանձնաժողովի նախագահ Ալբերտ Զաքարյանի նկարագրմամբ, գոնե իր համար անցել են ահաբեկումների, վախի մթնոլորտում: Մութն ընկնելուն պես այն արդեն կոնկրետ դրսեւորումներ է ունեցել:
Գյուղապետի թեկնածուները երկուսն էին` անկուսակցական Անդրանիկ Հազրոյանը, որին սատարում էր ՀՀԿ-ն, եւ գործող գյուղապետ, նախկին հանրապետական ու երկու օր առաջ ԲՀԿ-ական դարձած Ռոլանդ Մկրտչյանը, որն էլ վայելում էր «Բարգավաճ Հայաստանի» աջակցությունը:
Ընտրությունների ընթացքում, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Ալբերտ Զաքարյանը, Ռոլանդ Մկրտչյանի թիմակիցներն անընդհատ փորձել են լարված մթնոլորտ ստեղծել ընտրատարածքում, սակայն ինքը փորձել է դրանց տեղի չտալ: «Ընթացքը նորմալ էր: Բայց Ռոլանդ Մկրտչյանի վստահված անձանցից մարդիկ կային, ովքեր անընդհատ փորձում էին լարված պահեր մտցնել: Ես էլ նրանց հետ խոսում էի, փորձում էի լեզու գտնել: Անընդհատ փորձում էին դրսից ինչ-որ պահեր ստեղծել, որ ես պատուհանից իրենց հետ խոսեմ, ասեմ, որ լավ բան չեն անում: Հենց սկսում էի խոսել, հետները «Կենտրոն» հեռուստաընկերությունից մարդիկ էին բերել, էդ պահերին ասում էին` նկարեք, ցույց տվեք, որ հանձնաժողովի նախագահը գոռում ա պատուհանից: Ինձ ահաբեկում էին, որ ես վախենայի, բայց ես ոչ մեկից էլ չէի վախենում ու չեմ էլ վախենա: Բայց ինչ-որ պահեր էին ստեղծում ու հենց էդ պահերին կամերայով սկսում էին նկարել: Այն դեպքում, երբ իրենց մարդիկ էին ինձ դրսից ահաբեկում: Այ, տենց բաներ էին փորձում սարքել: Վերջում էլ` հարձակվեցին վրաս»,- պատմում է Ա. Զաքարյանը: Այս ամենը հաստատեց նաեւ Ռոլանդ Մկրտչյանի մրցակից Անդրանիկ Հազրոյանը` ասելով. «Դրսից ԲՀԿ-ականները վիճել են Ալբերտի հետ, մենք ընդհանրապես մոտ չենք գնացել»:
Մեր տեղեկություններով ընտրությունների ընթացքում այնտեղ հօգուտ «ԲՀԿ»-ի բավական ակտիվ է եղել նաեւ Ջանֆիդա գյուղից նախկին երկրապահ Ռուստամը, որն ինչպես ասում են` «կռված տղա» է, ու բոլորին փորձում է իր անցյալով վախեցնել: Ա. Զաքարյանը հայտնի Ռուստամի մասին մեր հարցին այսպես պատասխանեց. «Ռուստամը հարեւան գյուղից ա, Ռուստամն իրա ու մի քանի հոգու համար ա Ռուստամ, Ռուստամն իմ համար չի կարա Ռուստամ լինի: Ինքն ինձ չի կարա վախացնի: Ռուստամին ես կարող է հարգեմ միայն իր անցած ճանապարհով, բայց ընդհանրապես ես իր հետ ոչ շփվել եմ, ոչ ընկերություն եմ արել, ոչ էլ իրանից վախենում եմ»,- ասաց տեղամասային հանձնաժողովի նախագահը, որին ընտրություններից հետո Ռոլանդի ներկա կուսակից ընկերները, որոնք նույնպես Նալբանդյան գյուղից չեն եղել, փորձել են «փետով-մետով» ծեծել:
Թիվ 21/2 ընտրատեղամասը տեղավորված է եղել Նալբանդյան գյուղի հին մշակույթի տանը, որտեղ զուգարան չկա: Հանձնաժողովի նախագահ Ալբերտ Զաքարյանը քվեաթերթիկները հաշվելուց հետո` այլեւս չկարողանալով զսպել իր «բնական պահանջները», որոշել է դուրս գալ մոտակա ծառի մոտ: Իսկ ծառեր, թարսի պես, շատ են եղել, ու ծառերի հետեւում թաքնված մարդիկ անմիջապես հարձակվել են Ա. Զաքարյանի վրա: «Ես վախկոտ մարդ չեմ, բայց ո՞նց կարող ա մարդ էդ պահին վախի ապրումներ չունենա: Պատահական ծառների տակից մի խումբ մարդիկ, որոնց նույնիսկ չես էլ կարողանում ճանաչել, փետով-բանով հարձակվում են վրադ, ո՞նց չվախենաս: Մենակ աննորմալ մարդը կարող ա էդ պահին չվախենա»,- պատմում էր Ա. Զաքարյանը: Հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ են լուրերը, որ իմանալով, որ ՀՀԿ թեկնածուն այլեւս հաղթելու շանսեր չունի, ինքը փախուստի է դիմել, ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարդիկ իմանալով այդ մասին, ընկել են հետեւից: «Ա՛յ ցավդ տանեմ, ինչի՞ց փախնեմ, երբ հանձնաժողովը ներսում նստած է, ամեն ինչը` կնիքից, բյուլետեններից բռնած ներսում էին: Երեք ժամից ավելի ես ներսում բյուլետենները հաշվել եմ, բայց մարդ եմ` բնական պահանջ եմ ունեցել, դուրս եմ եկել տեղամասից, որովհետեւ մեր տարածքում չկար համապատասխան վայր: Դուրս եկա, որ ծառի տակ մութ տեղ մտնեմ, հարձակվեցին վրաս, ես ի՞նչ անեմ: Տունս էլ մոտ էր, այդ պահին հարմար էր տուն մտնել, քան հանձնաժողով: Դրանից հետո հարձակվեցին տան վրա, ես էլ փախչում էի, ուրիշ ի՞նչ կարայի անեի: Հետո արդեն տանս դարպասն էին քացիներով խփում, ջարդում,- ասաց Ա. Զաքարյանը` ավելացնելով, որ իր վրա հարձակվել են 7-10 հոգի,- Բիրիքով գալիս էին վրաս: Լավ էլ` փետով-մետով գալիս էին: Մեկի ձեռքին ինչ-որ երկար բան նկատեցի` երկա՞թ էր, փա՞յտ էր` չեմ կարող ասել»:
Ա. Զաքարյանը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ ինքը որեւէ մեկի դեմ չի բողոքելու, որովհետեւ ինքը «բողոքող տղա չի»: «Ի՞նչ բողոքեմ, ես բողոքող տղա՞ եմ: Ոչինչ, ի՞նչ է եղել, կյանք ա: Գյուղի մարդ ենք, մեր գյուղը լավ գյուղ ա, ժողովուրդն էլ լավ ժողովուրդ ա, անծանոթ մարդիկ էին դրանք: Ոչինչ, էլի, մարդիկ են եղել, որ որոշ մարդկանց ուզեցել են ցույց տան, որ մեր գյուղը կարան իրանց նվեր տան, երեւի տենց բաներ են մտածել, բայց մեկ ա, մեր ժողովուրդը լավն ա: Մեր գյուղի մարդիկ չէին, անծանոթներ էին»,- ասում է նա:
Պարզվում է` վախեցել են նաեւ Ա. Զաքարյանի երեխաները, ովքեր արագ տնից փախել էին հարեւանի տուն: «Կարգին ընտրություն է եղել, նորմալ էր, թե ինչի՞ տենց եղավ` չգիտեմ, չեմ էլ կարողանում պատճառը հասկանալ: Երեւի ուզում էին, որ ես հաշվառմանը չլինեմ»,- ենթադրում էր Ա. Զաքարյանը:
Ընտրությունների արդյունքներն ու գործընթացը չի բողոքարկել նաեւ թեկնածու Անդրանիկ Հազրոյանը. «Ես չեմ բողոքելու, թող իրանք` ընտրատարածքային հանձնաժողովն ու ԿԸՀ-ն մտածեն, որ սենց բաներ են լինում, մարդկանց հետեւից են ընկնում ու ահաբեկում: Ես ինչի՞ բողոքեմ: Ընտրություն տանողն իրենք են: Եթե ինձ բան չեն ասել, իմ հետեւից չեն ընկել` ինչի՞ց բողոքեմ»,- ասաց նա:
Հարցին, թե վստա՞հ եք, որ ձեր ձայներն այդ ընթացքում չեն կեղծել, Ա. Հազրոյանն ասաց. «Ինքը` Ա. Զաքարյանը, հաշվելու ժամանակ դրսում է եղել եւ, իմ կարծիքով, ԿԸՀ-ն պետք է դրա մասին մտածի: Խի տենց բան լինում ա՞, առանց հանձնաժողովի նախագահի ներկայության ո՞նց են հաշվել, իսկականից չեմ հասկանում: Թող հանձնաժողովի նախագահը բողոքի»: «Բա ասում եք` վախեցած է` ո՞նց բողոքի»` մեր դիտարկմանն ի պատասխան, պարտված թեկնածու Ա. Հազրոյանն ասաց. «Ինքը դեռ շոկի մեջ է, չի խոսում, թե ինչ է եղել, ոնց է եղել: Ես իր հետ խոսել եմ առաջին օրը: Հենց լսեցի` հետեւից են ընկել, զանգեցի, ասեց` «Ես ասելու բան չունեմ, իմ էրեխեքը տնից փախել են, չգիտեմ ուր են, խփում են վարոտներին»: Երեւի շոկից դուրս գա, մի բան անի: Նա բնական պահանջ է ունեցել, դուրս է եկել, հետեւից մարդիկ են ընկել, ինքը վազելով մտել է իրենց տուն, դարպասը փակել է, ու հետեւից ընկածները սկսել են քացիներով խփել դարպասին… Խառը բաներ չեմ մտածում, չեմ էլ հետաքրքրվել` ի՞նչ ու ո՞նց է եղել: Մենակ էդ օրը զանգեցի Ալբերտին, ասեց` ընկել են հետեւից, ինքն էլ փախել տուն ա մտել: Չեմ ուզում դրանց հետ կռիվ տալ: Ալբերտի էրեխեքն էլ են վախից տնից փախել»:
Հ. Գ. Ալբերտ Զաքարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իր հետ հանդիպելու փորձեր է անում Ռ. Մկրտչյանը: «Ինձ ասել են, որ մարդիկ կան, ուզում են հանդիպել: Ես էլ ասացի, որ ես ոչ մեկին չեմ ուզում տեսնել»,- ասում է Ա. Զաքարյանը` ենթադրելով, որ փորձում են իր հետ բանակցել` «ծառի տակից մինչեւ տուն» ճանապարհն «անցած համարելու» մասին: