«Foreign Service Journal»-ին տված հարցազրույցում այս հարցին պատասխանելիս 1989-1991թթ. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Մորթոն Աբրամովիչը վերջերս ասել է, թե Թուրքիայում իր դեսպանության առաջին տարին հագեցած էր մեկ թեմայով՝ 1990 թվականի ապրիլին սենատոր Ռոբերտ Դոուլի կողմից ԱՄՆ Սենատին ներկայացված հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւով: Մ. Աբրամովիչը նշել է, որ Թուրքիայի կառավարությունն ու ժողովուրդը շատ կատաղի են արձագանքել ներկայացված բանաձեւին: «Ես վերադարձա Վաշինգտոն եւ անձամբ զանգեցի մոտ 60 սենատորների՝ նրանց համոզելով չհաստատել բանաձեւը՝ թվարկելով այն բոլոր վնասները, որ դա կարող էր հասցնել Անկարայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին»,- խոստովանել է Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպանը: Ավելին, նրա մեկնաբանությամբ, նա այդ քայլին դիմել է նաեւ իմանալով, որ մոտ ապագայում Իրաքի հետ պատերազմական հարաբերություններում ԱՄՆ-ը Թուրքիայի աջակցության կարիքը կարող է ունենալ: Նախկին դեսպանն ասում է նաեւ. «Ես պետք է խոստովանեմ, որ այդ քայլն անելիս իմ մեջ խղճի եւ բարոյական խնդիր առաջացավ՝ իմանալով հայերի այդ ժամանակվա մասսայական սպանությունների մասին»: Որքան էլ, որ նույն հարցազրույցում Մորթոն Աբրամովիչը փորձում է մեղմել իր եւ ԱՄՆ նախագահ ավագ Բուշի ադմինիստրացիայի ունեցած դերն այդ բանաձեւի տապալման գործընթացում, այնուամենայնիվ, այսօր արդեն փաստ է, որ այդ բանաձեւը տապալվել է:
Բանաձեւի տապալումից արդեն տարիներ անց, 2006թ. հունիսի 22-ին Մորթոն Աբրամովիչն արժանացել է Ամերիկյան արտաքին ծառայության միության (American Foreign Service Association-ի ) կյանքի ողջ ընթացքում ամերիկյան դիվանագիտությանը նվիրվածության մրցանակին: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսից 2005թ. հետ վերցրեցին նույն կազմակերպության կողմից սահմանված մեկ այլ՝ «Քրիստիան Հերթերի» «Կառուցողական այլախոհության» մրցանակը, որով նա պարգեւատրվել էր այն պատճառով, որ 2005թ. փետրվարին ԱՄՆ-ում, խոսելով հայերի ցեղասպանության մասին, ի տարբերություն ԱՄՆ-ի ղեկավարության, հայերի նկատմամբ 1915թ. կատարվածը որակել էր որպես ցեղասպանություն: Սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտը, իբրեւ դեսպանի վերոնշյալ քայլին պատժամիջոց, այդ կազմակերպությանը ստիպեց հետ վերցնել մրցանակը:
Այս դեպքերից շատ չանցած, 2006թ. նույն այս մրցանակը տրվեց 2001-2004թթ. Ռումինիայում ԱՄՆ դեսպան Մայքլ Գեստին, որի ծառայության ողջ ընթացքում իր կյանքի ընկերը միշտ եղել է իր կողքին: Այսպես է գրել նրա մասին «Foreign Service Journal»-ը: Սակայն այս ամբողջ պատմության մեջ առավել հետաքրքիր է այն, թե ինչո՞ւ է դեսպան Գեստն արժանացել վերոնշյալ մրցանակին: Պարզվում է, որ դեսպան Մայքլ Գեստը գտնում էր, որ Պետդեպարտամենտի ներկա կանոնները հատկապես անարդար էին միասեռական աշխատողների հանդեպ, որոնց ԱՄՆ օրենքներով չի թույլատրվում ամուսնանալ, եւ այդ պատճառով իրենց զուգընկերները չեն կարողանում օգտվել այն նույն արտոնություններից, որոնք տրվում են օրինական ամուսիններին: «Foreign Service Journal»-ը նաեւ գրում է, թե գիտակցելով, որ ԱՄՆ Արտաքին ծառայություների «լավագույն եւ փայլուն աշխատակիցները երբեմն միասեռականներ են», դեսպան Գեստը պայքար է տարել, որպեսզի վերացնի նման խտրականությունները: Ըստ «Foreign Service Journal»-ի, դեսպան Մ. Գեստի ջանքերն ուղղված են եղել ոչ թե «միասեռականների իրավունքները» հաստատելուն, այլեւ նա փորձել է ստեղծել արդար ու հավասար իրավունքներ Պետդեպարտամենտի բոլոր աշխատողների համար: Եվ հենց սրա համար էլ Մայքլ Գեստն արժանացել է «Քրիստիան Հերթերի» մրցանակին:
Ինչեւէ, հարկ է նշել, որ ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի հաստատման հարցով ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արդեն երկու անգամ հետաձգված լսումները կկայանան սեպտեմբերի 7-ին: Մեր տեղեկություններով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հայրենիք կմեկնի արդեն սեպտեմբերի 10-ին: