Ամռան սկզբին, երբ հայտարարեցին, որ այս տարի սկսել է աշխատել Երեւան-Բաթում գնացքը, հայերից շատ-շատերն ուրախացան, որ մարդավարի, առանց «իրար շալակ բարձրանալու» կարող են գնալ ու հանգստանալ «անկազմակերպ Վրաստանի» սեւծովյան հանգստավայրերում: Բայց այդ ուրախությունը երկար չտեւեց:
Նախ պարզվեց, որ գնացքով սահմանն անցնելու համար պարտադիր անհրաժեշտ է ունենալ երեխաների անձնագրեր, իսկ միկրոավտոբուսներով` ոչ: Եթե գտնվի մեկը, ով կկարողանա բացատրել այս աբսուրդը, երբ նույն մարդուն, նույն սահմանը մի փոխադրամիջոցով կարելի է անցնել ծննդականով, իսկ մյուս փոխադրամիջոցով` միայն անձնագրով, ապա այդ մարդուն կարելի է Նոբելյան մրցանակ տալ: Չնայած «գծի տերերը» եւ ՕՎԻՐ-ի աշխատակիցներն այդ «բազառի» վրա այնքան «քյաշ փող» աշխատեցին, որ Նոբելյան մրցանակը «ղալաթ ա արել»: Բայց սովորական մահկանացու հայերի համար ՕՎԻՐ-ի միջանցքները բարդ խաղի ընդամենը առաջին «լեւելն էր»: Ինչպեսեւ համակարգչային բոլոր խաղերում, գնալով ամեն ինչ բարդանում էր:
Երկրորդ քայլը գնացքի տոմս ձեռք բերելն էր: Այս ամառ երկաթգծի ղեկավար Արարատ Խրիմյանը («Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն) դարձել էր Ռոբերտ Քոչարյանից էլ կարեւոր մարդ, որի մոտ ծանոթ գտնելը դարձել էր ինչպես համակարգչային խաղերում՝ «կյանք շահելու» կամ «սունկ ուտելու» նման մի բան: Խաղի այս հատվածը հաջողությամբ հաղթահարողներին, որոնք փորձում էին հետադարձ տոմս գնել, երկաթգծի աշխատակիցներն այնպիսի ապուշացած հայացքով էին նայում, կարծես իրենց առջեւ Թոլքիենի ֆանտաստիկ վեպերի հոբբիտներն էին կանգնած եւ իրենցից կախարդական մատանիներ էին պահանջում: Նախ ուզում եմ մեր տրանսպորտի բնագավառի չինովնիկներին հիշեցնել, որ մենք 21-րդ դարում ենք ապրում, եւ հետադարձ տոմս գնելը նորմալ երեւույթ է: Համենայնդեպս, մարդկության ցիվիլ հատվածը, արդեն հիսուն տարի է, այդպես է մտածում: Ինչեւէ, բայց սա արդեն խաղի երրորդ «լեւելն է»:
Ինչպես միշտ, վրացիները, այս հարցում եւս, հայերից ավելի «հնարամիտ են»: Եթե հայաստանյան տոմսարկղերում 15-20 օր առաջ ասում էին, որ տոմս արդեն չկա, ապա վրացիները 6-7 օր առաջ ասում էին, որ տոմս դեռ չկա եւ այն կլինի միայն մեկնելուց 5 օր առաջ: Բայց շատ-շատերը մեկնելուց 5 օր առաջ, առավոտյան ժամը 10-ին ներկայանալով տոմսարկղ, պարզում էին, որ տոմսերն արդեն վերջացել են: Ամեն ինչ՝ լենինյան «այսօր շուտ է, վաղն ուշ կլինի» սկզբունքով: Ստիպված մարդիկ գիշերը ժամը
2-ից հերթ էին կանգնում (բոլշեւիկների առաջնորդի օրինակով), որպեսզի հայրենիք վերադառնալու հնարավորությունը չկորցնեն առավոտյան ժամը 9-ից մինչեւ 10-ն ընկած ժամանակահատվածում: Համաձայնեք, որ այս ամենը կարելի է անվանել արհեստական դեֆիցիտի ստեղծման լենինյան գաղափարներով համեմված, նորագույն «տուտուց-ամերիկյան» միքսված տարբերակ: Այսքանով կարելի էր վերջացնել խաղը, եւ համարել, որ «դռակոնին» հաղթել ենք, եթե չլիներ օգոստոսի 12-ի պատմությունը: Բայց պարզվեց, որ իսկական «դռակոնը» դեռ առջեւում է: Նախ ամենազարմանալին այն էր, որ գնացք նստելուց անմիջապես հետո պարզվեց, որ բոլոր վագոններն առնվազն 20-30%-ով դատարկ են: Եվ սա` այն պարագայում, երբ մարդիկ փորձում էին տոմս ձեռք բերել «Ձմեռային պալատի» գրոհի սկզբունքով: Բաթումից վերադառնալուց արդեն մեկ ժամ հետո գնացքի ուղեկցորդը մեզ հայտնեց, որ Սադախլո-Այրում հատվածում բեռնատար վագոն է շուռ եկել, եւ ուղեւորներին, ամենայն հավանականությամբ, Թբիլիսիում գնացքից կիջեցնեն եւ ավտոբուսներով կտեղափոխեն Հայաստան: Մարդիկ հավաքեցին իրենց ճամպրուկները եւ պատրաստվում էին Թբիլիսիում իջնել: Սակայն Թբիլիսիում գնացքը, սովորականի պես, մեկ ժամ կանգառից հետո շարունակեց ճանապարհը: Եվ հենց այդտեղից սկսվեց իսկական դժոխքը: Քառասուն աստիճան շոգի պայմաններում անջատեցին գնացքի բոլոր օդափոխիչները: Երկու ժամ հետո գնացքը կանգնեց Սադախլոյի կայարանում եւ հենց այդտեղ բոլորը հասկացան (որովհետեւ նրանց այդպես էլ ոչ ոք ոչինչ չասաց), որ իջնելու ժամանակն է: Այդ պահից սկսվեց «եղունգ ունես՝ գլուխդ քորի» տարբերակը. մի կողմում` ուշացած ավտոբուսների «հայկական գրոհն» էր, մյուս կողմում՝ թուրքական բեռնատար ավտոմեքենաների հետ սահմանի եւ մաքսատան համախառն անցումը եւ այլն: Եվ եթե հաշվի առնեք, որ գնացքի ուղեւորների կեսը փոքրիկ երեխաներ էին, ապա պատկերը ավելի պարզ կդառնա: Այս պատմությունն այդքան «աբիդնի» չէր լինի, եթե Երեւան վերադառնալուց հետո (ի դեպ, սահմանն անցնելուց հետո ճանապարհորդությունը շարունակվել է «մարդ ա իրա համար» սկզբունքով) ինձ չասեին, որ երկաթգծի ներկայացուցիչները լրատվամիջոցներով հայտարարել են, որ ամեն ինչ կազմակերպված է բարձր մակարդակով, եւ ժողովուրդը ոչ մի պրոբլեմ չի ունեցել: Ես հասկանում եմ, որ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը ոչ մի պրոբլեմ չունի, որովհետեւ ինքը, ի տարբերություն ժողովրդի, հայկական կամ վրացական գնացքներով չի երթեւեկում: Ոչ էլ «սթից» Բաթումում է իր հանգիստը վայելում: Բացի այդ, ի՞նչ կարիք կա զբաղվել ժողովրդի պրոբլեմներով, ավելի կարեւոր գործեր կան. օրինակ, գիշերը «Վիվա Սելլ» ենք ծախում, ցերեկը` «ԱրմենՏել»: Էդ «շուխուռում, գնացքի տանջված ժողովուրդն ի՜նչ մեղքս ա»:
Բայց ես լավատես եմ եւ գիտեմ մի բան. «զատո» մի տաս օր Սեւ ծովի ափին չշփվեցինք հայրենի չինովնիկների հետ ու չլսեցինք հայկական «լուրեր» այն մասին, թե ինչքան լավ ենք մենք ապրում: