«Մենք բոլորս սպասում ենք Հոգլանդի հնարավոր հրաժարականին, ու դա կլինի իրադարձությունների զարգացման ամենամեղմ ելքը»,- խոսելով Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի հետ կապված աղմուկի մասին` Սենատում պաշտոնական մի հավաքի ժամանակ ասաց հայ դիվանագետներից մեկը, որ ցանկացավ անանուն մնալ:
Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները եւ դեսպան Թաթուլ Մարգարյանն առայժմ որեւէ կերպ չեն մեկնաբանում Ռիչարդ Հոգլանդի դեսպան «քվեարկվելու» դժվարությունները: Ու սա հասկանալի դիրքորոշում է: Եթե մեկ անգամ դեսպանությունը ցույց տվեց, որ կարող է միջամտել եւ որոշակի առումով կառավարել Ամերիկայի հայկական կազմակերպությունների գործունեությունը, ապա Պետդեպում դա կհիշեն ու, հնարավոր է, էլի դիմեն, ինչը Երեւանին ամենեւին էլ պետք չէ: Այդ պատճառով պաշտոնական Երեւանը Վաշինգտոնում լռում է: Բայց կարծել, որ Հոգլանդի քվեարկության երկակի հետաձգումը պայմանավորված էր միայն ամերիկահայ կազմակերպությունների ակտիվությամբ, սխալ կլինի: Ուղղակի մեր բախտը բերեց:
Առաջիկա նոյեմբերին Կոնգրեսի ընտրություններն են: Այդ պատճառով բոլոր կոնգրեսականներն ուղղակի շահագրգռված են աշխատել իրենց ընտրողների հետ: Սա պոպուլիզմի ամենաթեժ պահն է: Ու հենց այդ ժամանակ մերժել հայկական ազդեցիկ կազմակերպությունների «փոքրիկ» խնդրանքը` ոչ ոք չի համարձակվի: Ավելին, «Հոգլանդի գործով» ներգրավված են այնպիսի ազդեցիկ կոնգրեսականներ, ինչպիսիք են Ջոն Քերին եւ Ջո Բայդենը, որոնք երկուսն էլ առաջիկայում պատրաստվելու են նախագահի ընտրարշավին: Այդ իմաստով «Հոգլանդի գործը» եւ հարմար էր, եւ պատեհ:
Իսկ ինչպիսի՞ ճակատագիր կունենա Հոգլանդը: Ահա, թե ինչ հաջողվեց պարզել Պետդեպի մեր աղբյուրներից: Նախ, քիչ է հավանականությունը, բայց չի կարելի բացառել, որ Հոգլանդին երրորդ փորձից հաջողվի Սենատում հավաքել անհրաժեշտ ձայներ ու նշանակվել դեսպան: Բայց հաշվի առնելով հայկական կազմակերպությունների եւ դեմոկրատ կոնգրեսականների ակտիվ համագործակցությունը, ամերիկացի դիվանագետի շանսերը գնալով նվազում են: Առավել եւս, որ վերջին հարց ու պատասխանի ժամանակ նա ուղղակի ասաց, որ արտահայտում է ոչ միայն Սպիտակ տան, այլեւ իր անձնական կարծիքը: Այդ իմաստով, նա իրեն դրեց էլ ավելի վատ դրության մեջ: Եթե նախկինում ամերիկահայերը դեմ էին Էվանսի հետկանչին, ապա այժմ նրանք ուղղակի դեմ են նաեւ Հոգլանդի թեկնածությանը:
Այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին Հոգլանդին նույնպես չի հաջողվի հաստատվել որպես դեսպան: Այդ դեպքում Բուշի վարչակազմը կարող է օգտվել հին կոնգրեսի եւ նոր ընտրված կոնգրեսի աշխատանքի մեկնարկի միջեւ ընկած ժամանակահատվածից եւ առանց օրենսդիր մարմնի համաձայնության Հոգլանդին ուղղակի նշանակել դեսպան: Ճիշտ է, ըստ ամերիկյան օրենսդրության, նա չի ստանա աշխատավարձ եւ պաշտոնավարման ժամկետն էլ կլինի ընդամենը երկու տարի, բայց կարող է վերջակետ դնել այս երկար ձգվող պատմությանը:
Երրորդ տարբերակն ինքնաբացարկն է: Հոգլանդը կարող է ասել, որ այսքան պատմությունից հետո չի ցանկանում այդ պաշտոնը, եւ կարող է հրաժարվել: Երրորդ տարբերակի շանսերը քիչ են, բայց բացառել նույնպես չի կարելի: Առավել եւս, որ արդեն բոլորին հայտնի է, որ Հոգլանդի «կյանքի լավագույն կեսը» տղամարդ է, ռուս: Որքանով այս փաստը կհանդուրժի հայ հասարակությունը, դժվար է կանխատեսել: Թեեւ պետք է նկատել, որ նույն Տաջիկստանում դրա վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձրել:
Մի խոսքով, Հոգլանդը դարձել է իսկական գլխացավանք Սպիտակ տան համար: Էվանսը` անցանկալի նախադեպ. եթե ամերիկյան դեսպանը մեկ անգամ արտասանել է «ցեղասպանություն» բառը, ապա սա «փորձ» է, որ ամերիկահայերը ցանկանում են պարտադիր դարձնել նրան հաջորդող բոլոր դեսպանների համար: Իսկ մինչեւ այդ, գործող ու պոտենցիալ երկու դիվանագետներն էլ հավաքել են ճամպրուկները: Ու երկուսին էլ խիստ անորոշ ճակատագիր է սպասում: Մեկին սպառնում է հրաժեշտը դիվանագետի կարիերային, մյուսին` դեսպան լինելու հեռանկարին: