Տժժում է Սեւանը …

21/08/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Իշխանությունները հավատացնում են, թե շատ շուտով Սեւանա լիճը կդառնա միջազգային զբոսաշրջության կենտրոն` աշխարհի տարբեր ծայրերից դեպի իրեն ձգելով հարյուր-հազարավոր զբոսաշրջիկների։ Սիրով հավատում ենք. էքստրեմալ տուրիզմը տարեցտարի ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում։ Բայց սովորական (ոչ էքստրեմալ) միջազգային հանգստյան գոտի Սեւանը հազիվ թե դառնա: Դրա համար անհրաժեշտ կլիներ էվակուացնել լճի առափնյա գյուղերի ողջ ազգաբնակչությանը, իսկ դա, ինքներդ էլ հասկանում եք, անթույլատրելի է։

Արեւածագ։ Լողափ։ Արեւածագին Սեւանն իսկապես գեղեցիկ է։ Մանավանդ, որ հայեցի կրթություն ստացած յուրաքանչյուր ոք դասագրքերից հիշում է, որ «Գեղամա լեռների գրկում ծփում է կապուտաչյա Սեւանը»։ Արեւը կամաց-կամաց բարձրանում է, եւ քիչ անց լողափում արդեն ասեղ գցելու տեղ չկա։ Այ, հիմա կպառկենք ավազի վրա ու կարեւահարվենք… Բայց որտեղից որտեղ հայտնվում է մոտակա գյուղի տատիկներից մեկը` դույլը ձեռքին. «տաք-տաք կուգուռուզը… հենց նոր խաշեր եմ – բերեր եմ»։ Գոռում է ու սպառնալից քայլերով մոտենում անզգուշորեն ծնողներից մի քանի քայլ հեռացած մի երեխայի։ Իսկ դույլն ակնհայտորեն միայն ցերեկներն է օգտագործվում կոմերցիոն նպատակներով։ Անկասկած, վաղ առավոտները դրանով գոմաղբ են տեղափոխում։ Երեխան վախեցած ետ-ետ է փախչում։ «Էրգյու խարիր դրամ ա»,- հաղթականորեն արձանագրում է տատիկը ու առաջ շարժվում` հընթացս գովազդելով նաեւ հենց նոր բոված «շեմուշկան»։ Խուսափելու հնարավորություն չկա. լողափի հակառակ ծայրից նրան ընդառաջ է գալիս ցեխոտ սապոգներով եւ ճիշտ նույնպիսի ձեռքերով մի տղամարդ` աղաղակելով` «մառո՛ժնի, մառո՛ժնի…»։ «Մառոժնին», իհարկե, ժամկետանց է, բայց վաճառվում է այնպիսի գնով, որ ակամայից մտածում ես` եթե այսպես շարունակվի, մեկ-երկու շաբաթ հետո «Աշտարակ-կաթի» դրամաշրջանառությունը ոչնչով չի զիջի «Բրիթիշ Պետրոլիումի» դրամաշրջանառությանը։ Բայց վաճառողը (որը, պարզվում է, այդ ընթացքում կանգնել էր հանգստացողներից մեկի ակնոցների վրա) շատ արագ մեկնաբանում է իր մշակած գնային քաղաքականությունը. «Ուօխպեր ջան, տարվա մեջ մե ամիս ենք փուէղ աշխըդըմ»։ Սա, ի դեպ, ունիվերսալ բացատրություն է։ Քիչ անց նույնպիսի մեկնաբանությամբ հանդես է գալիս նաեւ որտեղից որտեղ լողափ ներխուժած մի սուբյեկտ` վայրենի աղաղակներով պահանջելով, որ հանգստացողներն իսկույն իրենից ընդամենը 3 հազար դրամով գնեն մեկ կիլոգրամ

«S կլասի» պնդուկ կամ մալինա։ Դիմադրելն անիմաստ է։ Նահանջի ճանապարհը փակել են մոտակա գյուղի ջահելները` ձիերով։ Սրանք առաջարկում են ձիերի վրա նստած նկարվել` նույն մեկնաբանությամբ. «Ուօխպեր ջան, տարվա մեջ…»։ Լճի վրայով փախչել նույնպես չի ստացվի։ Այնտեղ նույնպես տեղացիներն են` իրենց վճարովի մոտորանավակներով եւ «Ուօխպեր ջան…» մեկնաբանություններով։ Լսելով այդ նավակով զբոսնելու գինը` սփյուռքահայ մի ընտանիք երկար ժամանակ փորձում է հասկացնել, որ իրենք մտադիր չեն գնել նավակը, բայց ոչինչ չի ստացվում։ Մի կերպ գլուխն ազատում է եւ հայտնվում ծառերի տակ դրված նստարանին։ Բայց անմիջապես պարզվում է, որ այդ նստարանն «օբյեկտ» է։ Որտեղից որտեղ հայտնվում է մոտակա գյուղացի մի ջահել, արտասանում իր հանրահայտ «Ուօխպեր ջանը», ի վերջո տեղեկացնում, որ մի ժամ այդ նստարանին նստելն արժե հինգ հազար դրամ եւ ավելացնում. «Բայց լավ ձկան խորոված ենք տալըմ»։

Կեսօրից հետո լճափին մեքենաների թիվն ավելանում է։ Որպես կանոն, հայ ընտանիքի տղամարդը մեքենան մոտեցնում է անմիջապես լճին, մագնիտոֆոնի ձայնը մինչեւ վերջ բարձրացնում եւ մեքենայից հանում հայկական հանգստի կարեւորագույն ատրիբուտը… ձմերուկի մասին է խոսքը։ Քիչ անց էգին կորցրած որձ գետաձիու ահավոր գոռոց է լսվում։ Լողափին պառկածները վախեցած վեր են ցատկում… Չէ, սարսափելի ոչինչ չկա։ Ընտանիքի տղամարդը ջուրն է մտել։ Տեսնելով լողափին հայտնված նոր մարդկանց` միաժամանակ հարձակման են անցնում եւ՛ «տաք-տաք կուգուռուզը», եւ՛ «մառոժնին», եւ՛ «S կլասի պնդուկը», եւ՛ հեծյալ ջիգիթները… Բայց ընտանիքն արդեն տեղավորվել է ավազի վրա։ Հինգ րոպե անց չորսբոլորն աղբ է. ցելոֆանի տոպրակներ, ձմերուկի կեղեւ, դատարկ շշեր եւ այլն։ Վերջ, ընտանիքն արդեն իր հարազատ միջավայրում է. մնում է պառկել ավազին եւ վայելել Գեղամա լեռների գրկում ծփացող կապուտաչյա Սեւանը։

Հ.Գ. Եվ այնուամենայնիվ, վստահ ենք, որ Սեւանը վաղ թե ուշ կդառնա միջազգային զբոսաշրջության կենտրոն։ Չէ՞ որ Սեւանն աշխարհի ամենագեղեցիկ լիճն է, իսկ մենք երկու հազար տարի առաջ թատրոն ունեինք։