Օդերեւութաբանական դիտարկումների 100-ամյա պատմության ընթացքում, օգոստոսի 9-ին Երեւան քաղաքում գրանցվեց օդի ջերմաստիճանի առավելագույն միավորը` 41,8 աստիճան տաքություն: «Շտապբուժօգնություն» ընկերության հավաստիացումների համաձայն, բարեբախտաբար, եղանակի պատճառով ազգաբնակչության շրջանում մահեր չեն գրանցվել: Ըստ «Հայպետհիդրոմետ»-ի փոխտնօրեն Ա. Թորոսյանի, 40 աստիճանից բարձր օդի ջերմությունը համարվում է օդերեւութաբանական առավել վտանգավոր եւ անբարենպաստ երեւույթներից:
Մեր այն հարցին, թե նման իրավիճակներում արդյո՞ք օդային տագնապ չի հայտարարվում, ինչպես դա ընդունված է արեւմտյան երկրներում, որի ընթացքում նաեւ հրահանգվում է կրճատել ցերեկային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, Արտակարգ իրավիճակների վարչությունում պատասխանեցին, թե որեւէ օրենք կամ նորմատիվ ակտ տվյալ իրավիճակի համար նախատեսված չէ: Քանի դեռ շոգից մեր իրականությունում մահեր չեն արձանագրվել, պետք է ապավինել քաղաքացիական բարձր ինքնագիտակցությանը, զգոնությանը եւ ազգային նախանձելի դիմացկունությանը: Հայաստանի հանրապետությունում քաղաքացիների առողջության եւ կյանքի անվտանգության համար գործող միակ օրենքն աշխատանքային օրենսգիրքի 153 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերն են, որոնց համաձայն` նման արտակարգ իրավիճակներում գործատուի կողմից աշխատողներին հատկացվում է հատուկ եւ լրացուցիչ ընդմիջում, որը կարգավորվում է ներքին աշխատանքային կանոններով: Աշխատանքի պետական տեսչությունում հայտնեցին, որ օրենքի խախտման վերաբերյալ իրենք դիմում-բողոքներ չեն ստացել: Միայն բողոքների դեպքում պատկան մարմինը կարող է իրականացնել իր վերահսկողական գործառույթը:
Ի դեպ, ՀՀ տարածքում օդի ամենաբարձր` 43,2 ջերմաստիճանը գրանցվել է Մեղրի քաղաքում, 2005 թվականի հուլիսի 17-ին: