Նախագահ Քոչարյանը որոշել է տարին սկսել կոռուպցիայի դեմ պայքարի
միջոցառումների խստացմամբ։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ թափանցիկ
ակնարկներ արեց սուպերմարկետների տերերի հասցեին, իսկ երկու օր առաջ
հանդիպեց Հարկային պետական ծառայության ղեկավարների հետ եւ մի շարք
ուշագրավ մտքեր հայտնեց։ Մասնավորապես, իր զարմանքը հայտնեց, որ Հարկայինը
որոշ կազմակերպություններ տարիներով չի ստուգում, իսկ որոշ
կազմակերպություններ էլ ստուգում է տարին մի քանի անգամ։ Այնուհետեւ
նախագահը քրիստոնեական հորդորով դիմեց Հարկային պետական ծառայության
աշխատակիցներին. «եթե դուք սկսեք հենց ձեզանից, ձեր ծանոթ-բարեկամներին,
ընկերներին հարկելուց, համոզված եմ, որ թույլ չեք տա ուրիշները դուրս մնան
հարկային դաշտից»։
Նման միջոցառումները (երբ նախագահը դեմքի խիստ արտահայտությամբ մատ է թափ
տալիս չինովնիկների վրա), որպես կանոն, դուր են գալիս ժողովրդին։ Դուր են
գալիս նաեւ հետեւանքները՝ երբ մեկ-երկու հոգու ձեւի համար բռնում են
(հետո, իհարկե, բաց թողնում)։ Բայց փորձենք մի կողմ դնել հարցի
պոպուլիստական կողմն ու հասկանալ, թե իրականում ի՞նչ էր ասում նախագահը։
Ուշադրություն դարձրեք ձեւակերպմանը. «եթե դուք սկսեք հենց ձեզանից, ձեր
ծանոթ-բարեկամներին, ընկերներին հարկելուց…»։ Այսինքն՝ նրանք իրենց
ծանոթ-բարեկամներին չեն հարկում, եւ նախագահ Քոչարյանը շատ լավ գիտի դա։
Արդյունքում, ինքներդ էլ հասկանում եք, պետությանը հասցվում է միլիոնավոր
դոլարների վնաս։ Դա, ի դեպ, ծանր քրեական հանցանք է։ Փաստորեն, նախագահը
Հարկայինի ղեկավարներին հորդորում է… այլեւս հանցանք չկատարել։ Նկատենք,
որ ավելի ճիշտ կլիներ, եթե դրա փոխարեն նա իրավապահ մարմիններին հորդորեր՝
բացահայտել հարկերը թաքցնողներին եւ դրան նպաստող չինովնիկներին։
Մանավանդ, որ հազիվ թե նախագահի հորդորից հետո անբարեխիղճ հարկատուներն
արցունքներն աչքերին վազեն Հարկային ու զղջումի խոսքեր մրմնջալով՝
վերադարձնեն պետությունից գողացածը։
Եվս մի հանգամանք։ Փաստորեն, նախագահը գիտի, որ Հարկայինի բարձրաստիճան
պաշտոնյաներից շատերն իրենց ծանոթ-բարեկամներին չեն հարկում։ Բայց գիտի
նաեւ, որ 2004-ին, նախորդ տարվա համեմատ, հարկային մուտքերն ավելացել են։
Այսինքն՝ 2003-ին ավելի շատ էին հարկեր թաքցնում։ Հարց է ծագում՝ ՀՊԾ
ղեկավարներից քանի՞սն են պատժվել կամ գոնե պաշտոնանկ արվել։
Ցավալին միայն սա չէ։ Շատ ավելի ցավալի է, որ Հայաստանում «օրենք»
հասկացությունը փաստորեն վերանում է։ Ի՞նչ օրենք, նախագահը կասի՝ «հարկերը
մուծեք»՝ կմուծեն, կասի՝ «դոլարի կուրսը կայունացրեք»՝ կկայունացնեն, եւ
այլն։ «Օրենք» հասկացության փոխարեն նույնիսկ նոր ձեւակերպում է հայտնվել.
«ողջամիտ բանականության սահմաններ»։ Ասենք, կարելի է հարկերը թաքցնել կամ
գերշահույթներ ստանալ, բայց՝ ողջամիտ բանականության սահմաններում։ Թե ով է
որոշում այդ սահմանները՝ հասկանալի է։
Հաճախ բանը հասնում է զավեշտի։ Հայտնի գործարար Բարսեղ ԲԵգլարյանն,
օրինակ, պատմում է, թե ինչպես է ինքը, նախագահի հետ հանդիպումից ազդված,
փորձել պարզել, թե արդյո՞ք ինքը որեւէ օրենք չի խախտում։ «Հարցրեցի, թե
որքա՞ն սոցիալական վճարումներ ենք կատարում։ Ասացին՝ մոտ 1 մլն 200 հազար
դրամ։ Ասացի, որ վճարվի այնքան, որքան պետք է։ Իմ հաշվարկներով՝ մեր
վճարումները 50 տոկոսով կավելանան»։ Հարց է ծագում՝ ի՞նչ է նշանակում՝
«որքան պետք է»։ Երկու տարբերակ կա. կամ այդ կազմակերպությունն առայսօր
օրենքով սահմանվածից 50 տոկոսով պակաս էր վճարում (ինչը քրեորեն
հետապնդելի արարք է), կամ Բարսեղ Բեգլարյանը որոշել է գիտակցաբար ավելի
շատ վճարել, քան նախատեսում է օրենքը։ Չգիտեմ, որեւէ մեկը հավատո՞ւմ է այս
երկրորդ տարբերակին։
Ամեն դեպքում, ուրախալի է, որ նախագահը պետական կառույցներին կոչ է անում
կոռուպցիայի դեմ պայքարը սկսել հենց իրենցից եւ իրենց ծանոթ-բարեկամներից։
Նկատենք միայն, որ ուրիշ ճանապարհ պարզապես գոյություն չունի։ Կոռուպցիան
հենց պետական պաշտոնյաներն են ու նրանց մերձավորները։ Այնպես որ, ումից էլ
սկսեն, ստացվելու է, որ իրենք իրենցից են սկսում։