ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) սույն թվականի օգոստոսի 7-ին հրապարակեց մի հաղորդագրություն, որը վերաբերում էր մարդատար մեքենաների, էլեկտրական լամպերի շուկաների եւ երկաթուղու ծառայությունների ոլորտի ուսումնասիրություններին։
Մեծ արձագանք ստացան հատկապես մարդատար մեքենաների մասին ուսումնասիրության արդյունքները։ Բանն այն է, որ համադրելով ՀՀ Մաքսային պետական ծառայության եւ տնտեսվարող սուբյեկտների տրամադրած տվյալները, ՏՄՊՊՀ-ն կասկածելի էր համարել այն փաստը, որ 2005թ. Հայաստան է ներկրվել ընդամենը 552 հատ արտասահմանյան նոր ավտոմեքենա։
Հանձնաժողովը ենթադրել էր, որ տնտեսվարող սուբյեկտները ավտոմեքենաները Հայաստան են ներկրում ոչ թե իրենց, այլ ֆիզիկական անձանց անունով, իսկ վերջիններիս վրա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության դրույթները չեն տարածվում։ Արձագանքները տարբեր էին։ Մամուլում անգամ հրապարակում եղավ, որ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունները կասկածվում են խարդախություն կատարելու մեջ։ Հիմնավորումն այն է, որ իր ներկրած եւ վաճառած յուրաքանչյուր ավտոմեքենայի համար տնտեսվարող սուբյեկտը պետք է վճարի հարկեր, այդ թվում եւ` շահութահարկ։ Սակայն ֆիզիկական անձանց պարագայում շահութահարկը վերանում է։ Սակայն կարելի՞ է արդյոք սա համարել խարդախություն։ Տնտեսվարող սուբյեկտներն, ըստ էության, օրենքի ոչ մի դրույթ չեն խախտել։ Ինչպես «168 Ժամի» հետ զրույցում նշեց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը, խարդախության մասին մամուլի հաղորդագրության մեջ խոսք չկա, այլապես հիմա այդ հարցով զբաղվելիս կլիներ դատախազությունը։ Իսկ հանձնաժողովը պարզապես արձանագրել է, որ արտասահմանյան նոր ավտոմեքենաների ներկրման ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը չի արտացոլում շուկայի իրական պատկերը, եւ տվյալ շուկան պետք է ուսումնասիրվի լրացուցիչ։
Հանձնաժողովը նաեւ պարզել է, որ ռուսական նոր ավտոմեքենաների շուկայում «Արմենիա-Լադա» եւ «Կարկոմավտո» ընկերությունները հանդիսանում են որպես անձանց խումբ՝ մեկ տնտեսվարող սուբյեկտ, եւ զբաղեցնում են այս շուկայի 95%-ը։ Սակայն այստեղ եւս օրենքի խախտում չկա. խախտում կլիներ, եթե ընկերությունը չարաշահեր իր գերիշխող դիրքը, սակայն այդպիսի փաստեր չկան։ ՏՄՊՊՀ-ն նշում է նաեւ, որ արտասահմանյան նոր ավտոմեքենաների շուկայում գործող «Մուրան», «Մեգնա», «Կարկոմավտո», «Ֆորա» եւ «Արմենիա-Լադա» ընկերությունները հանդես են գալիս որպես անձանց խումբ։
Թեեւ պետք է նշել, որ հանձնաժողովի գնահատականը նորություն չէր։ «Սփյուռ» տեղեկատուի մեջ այս ընկերություններից յուրաքանչյուրի ղեկավար նշվում է միեւնույն անձնավորության՝ Աշոտ Շահմուրադյանի անունը։ Այսինքն, ընկերություններն իրենք էլ չեն թաքցնում, որ հանդես են գալիս որպես անձանց խումբ, եւ այդտեղ ոչ մի անօրինական բան չկա։
Սակայն այն, որ արտասահմանյան նոր մեքենաներով զբաղվող բոլոր 43 ընկերությունները միասին 2005թ. Հայաստան են ներմուծել 552 հատ մեքենա, իրոք ծիծաղելի է։ Այս հարցին մենք անդրադարձել ենք նաեւ նախկինում՝ նշելով, որ պաշտոնական տվյալներով` անցյալ տարի Հայաստան են ներմուծվել 40 հազար դոլարից բարձր արժեք ունեցող ընդամենը 161 ավտոմեքենա։ Իսկ կոնկրետ այս դեպքում, եթե չենք հավատում այս թվին, ապա առաջին հերթին պետք է կասկածել Մաքսայինին, որովհետեւ այս կառույցն է որոշում ներկրվող մեքենաների մաքսային արժեքը։
Ի դեպ, վիճակագրությունն ինքնին արդեն հետաքրքիր է։ Թեեւ ռուսական մեքենաներն ավելի էժան են եւ ազատված են 10% մաքսատուրքից, ավտոսիրողների ճաշակը գնալով կողմնորոշվում է դեպի արտասահմանյան մեքենաները։ Անցյալ տարի Հայաստան է ներկրվել մոտ 16.500 մարդատար ավտոմեքենա, որից 10.500-ը եղել են արտասահմանյան արտադրության։
Այս տարի կենացներն ավելի են քաղցրացել։ 2006թ. առաջին կիսամյակում ՀՀ ներկրվել են 11 հազար 230 մեքենաներ, որից 7190-ը՝ արտասահմանյան արտադրության։ Մինչեւ տարեվերջ ներկրված մեքենաների քանակը զգալիորեն կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը։ Տոկոսային տեսքով ներկայացնելու դեպքում, աճը կարտահայտվի երկնիշ թվով (տնտեսական աճի ոգուն համաշունչ)։
Զարմանալի է միայն այն, որ մեքենաների ներկրման ծավալների մեծացմանը եւ դոլարի արժեզրկմանը զուգահեռ` մեքենաների գներն աճում են։ Տրամաբանությունը հուշում է, որ դրանք պետք է իջնեին, սակայն մեքենաների վաճառքով զբաղվողները հավաստիացնում են, որ արտասահմանյան օգտագործված մեքենաների գները նախորդ տարվա համեմատ աճել են միջինը 5-10%-ով։
Նշենք, որ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունները առաջադիմել են խոշոր հարկատուների ցուցակում։ Այսպես, «Արմենիա-Լադան» 2005թ. խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում էր 18-րդ տեղը, այս տարվա առաջին 6 ամիսների համար հրապարակված ցանկում՝ 14-րդն է։ Ցուցակում վեր են բարձրացել ՏՄՊՊՀ-ի կողմից նշված, շուկայում խոշոր ծավալներ ունեցող բոլոր ընկերությունները. «Կարկոմավտո»՝ 32-րդ տեղից` 16-րդ, «Մուրան»՝ 78-րդից` 60-րդ, «Մեգնա»՝ 262-րդից` 209-րդ, «Եվրովագեն»՝ 108-րդից` 85, «Եվրոմոթորս»՝
172-րդից` 139-րդ եւ «Ավանգարդ Հոլդինգ»՝ 175-րդից` 112։ Հետաքրքրվողների համար նշենք, որ վերը նշված 7 ընկերությունները՝ գումարած «Ֆորդի» վաճառքով զբաղվող «Ֆոռան», միասին 2006 թ. առաջին կիսամյակի ընթացքում պետբյուջե են վճարել 3.317մլրդ դրամ (մոտ 8 մլն դոլար) հարկ։ Այդ գումարի առյուծի բաժինը՝ 6.5մլն դոլարը բաժին է ընկնում վերը նշված անձանց խմբին՝ «Արմենիա-Լադա», «Կարկոմավտո», «Մուրան»,«Մեգնա» եւ «Ֆոռա» ընկերություններին։
Եվս մի հետաքրքիր փաստ։ Մոտ 2 ամիս առաջ Հարկային պետական ծառայությունը հրապարակել էր այն ընկերությունների ցանկը, որոնք 2005թ. ֆինանսական տարում վճարել էին 50մլն դրամ եւ ավելի շահութահարկ։ Ցուցակը երկար չէր, ընդամենը 62 անուն։ Ավտոմեքենա ներկրող ընկերություններից այստեղ տեղ էին գտել միայն «Կարկոմավտոն» (31-րդ տեղ, 83մլն 600 հազար դրամ) եւ «Արմենիա-Լադան» (34-րդ տեղ, 83մլն 236 հազար դրամ)։
Ինչպես արդեն նշվեց, այս երկու ընկերությունները միասին զբաղեցնում են ռուսական նոր ավտոմեքենաների շուկայի 95%-ը։ Կարելի է շատ կոպիտ մի հաշվարկ կատարել։ Ըստ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, 2005թ. ընթացքում շուկայում իրացվել է 4378 ռուսական նոր ավտոմեքենա։ Դրանց 95%-ը՝ 4160 մեքենա, բաժին է ընկնում «Արմենիա-Լադային» եւ «Կարկոմավտոյին»։ Այս երկու ընկերությունները միասին անցյալ տարի պետբյուջե են վճարել 169.8 մլն դրամ շահութահարկ։ Ըստ Վիճակագրության ծառայության, 2005թ. դոլարի միջին փոխարժեքը կազմել է 457.69։ Ստացվում է 371 հազար դոլար։ Հաշվի առնելով, որ շահութահարկի դրույքը 20% է, կարելի է հաշվել, որ այս երկու ընկերությունների ընդհանուր շահույթը կազմել է 1 մլն 855 հազար դոլար (371 հազար x 5)։ Իսկ 1 մեքենայի հաշվով այդ թիվը կազմում է մոտ 450 դոլար։
Ավտոմեքենաների շուկային մոտ կանգնած մարդիկ այս թիվը համարում են «խելքին մոտ»։ Թեեւ պետք է նշել, որ այս ընկերությունները, բացի ռուսական նոր մեքենաների վաճառքից, զբաղվում են նաեւ «ինոմարկաների» վաճառքով եւ այլ գործառնություններով՝ ավտոմեքենաների վերանորոգում, սպասարկում, թյունինգ եւ այլն։ Այնպես որ, մեկ մեքենայի հաշվին ընկնող շահույթը 450-ից էլ ցածր է ստացվում։ Կրկնում ենք, այս հաշվարկը շատ մոտավոր է։
Կարող ենք նաեւ այլ հաշվարկ կատարել։ Եթե ռուսական արտադրության նոր մեքենայի մաքսային արժեքը վերցնենք 7000 դոլար, ստացվում է, որ 2 ընկերությունները միասին 2005թ. պետք է բյուջե վճարած լինեին մոտ 5.8մլն դոլար (ամեն մեքենայի համար` 20% ԱԱՀ (1400դոլար)՝ բազմապատկած 4160 մեքենայով)։ Ըստ 2005թ. հարկատուների ցուցակի, այս երկու ընկերությունները միասին բյուջե են վճարել 2.7 միլիարդ դրամ անուղղակի հարկեր, որը կազմում է 5.9մլն դոլար։ Այսպիսով, գոնե պաշտոնական տվյալներով ամեն ինչ համընկնում է։ Այնպես որ, ՏՄՊՊՀ-ի հրապարակումը չպետք է համարել սենսացիոն բացահայտում եւ ընկերություններին միանգամից մեղադրել խարդախությունների մեջ։ Միամտություն կլինի պնդելը, որ բոլորն աշխատում են ազնիվ եւ մուծում բոլոր հարկերը։ Սակայն մյուս կողմից դրա համար չի կարելի մեղադրել առանձին սուբյեկտներին. ողջ համակարգն է այդպիսին, եւ ազնիվ աշխատելու դեպքում կարճ ժամանակ անց ընկերությունը կսնանկանա։ Ազնվությունը Հայաստանում, ցավոք, վնասաբեր է։
Հ.Գ. Ի դեպ, երեւի ճիշտ կլիներ ուշադրություն դարձնել նաեւ «Հայկական երկաթուղու» գերիշխող դիրքի մասին հրապարակմանը, մանավանդ՝ գնացքով Բաթումի եւ Քաբուլետի մեկնողների տեսանկյունից։