Կոռոզիան կքայքայի՞ խողովակները

21/08/2006

Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, «Փլեթֆորմ» միջազգային բնապահպանական կազմակերպությունը հայտարարել է, որ Բաքու-Ջեյհան նավթատարին սպառնում է խողովակների կոռոզիա, ինչը կարող է էկոլոգիական աղետ առաջացնել Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում: Նավթատարի կառուցման կոնսորցիումը ղեկավարող «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունն օրերս ստիպված էր դադարեցնել նավթի արտահանումն Ալյասկայում, ինչի պատճառը նույնպես նավթատարի կոռոզիան էր: «Փլեթֆորմ»-ի փորձագետ Միկա Մինյո Պալուելոն հայտարարել է, թե Կովկասում նավթատարի կառուցման ժամանակ «Բրիթիշ փեթրոլիում»-ն ավելի քիչ էր անհանգստացած բնության պահպանմամբ, արդյունքում՝ Ամերիկայի դեպքերը կարող են կրկնվել Վրաստանի տարածքում: «Բրիթիշ փեթրոլիում-Ադրբեջան» ընկերության ներկայացուցիչ Թամամ Բայաթլին հերքել է միջազգային բնապահպանական կազմակերպության հայտարարությունը: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի կառուցման ժամանակ օգտագործված մեխանիզմները, տեխնոլոգիաներն ու գործընթացները թույլ են տալիս համոզված ասել, որ նավթատարն անվտանգ եւ արդյունավետ կշահագործվի 40 տարի»,- ասել է Թամամ Բայաթլին: