Պարզվում է, որ Արեգակնային համակարգի մոլորակները կամ ութն են` կամ տասը, բայց ոչ ինը, ինչպես հայտնի էր մինչ օրս: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ օրերս Պրահայում գումարվել է Աստղագիտական միջազգային միության խորհրդաժողովը, որի աշխատանքներին մասնակցում է մոտ 3 հազար աստղագետ: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագիտության պրոֆեսոր Ռիչարդ Բինզելը նշել է, որ Աստղագիտական միջազգային միությունն, արդեն երկու տարի է, ինչ փորձում է լուծել այս խնդիրը: Դրա համար անգամ հատուկ մոլորակների սահմանման հանձնաժողով էր գումարվել: «Այդ հանձնաժողովում էլ միաձայն համաձայնության եկանք մոլորակ անվան սահմանման չափանիշների շուրջ: Այդ սահմանումը կամ պետք է որոշակիորեն ներառի իր մեջ Պլուտոնն իբրեւ մոլորակ, կամ պետք է որոշակիորեն բացառի դրա մոլորակ լինելը»,- ասել է նա: Այժմ Պրահայի խորհրդաժողովին ներկա գիտնականները պետք է վավերացնեն այդ սահմանումը: Եթե Պլուտոնը հայտարարվի մոլորակ, ապա մոլորակ կհամարվի նաեւ Արեգակից ավելի հեռու գտնվող մեկ այլ երկնային մարմին՝ Քզինան (XENA), որը նույն որակներն ունի, ինչ Պլուտոնը: Աստղագետների խորհրդաժողովը կավարտվի օգոստոսի 25-ի: