Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, որտեղ թեեւ այլ ազգային փոքրամասնություններ եւ խառն ամուսնություններ կան, սակայն դրանք մեծ տոկոս չեն կազմում: Այս պայմաններում նրանք, ովքեր որոշում են ամուսնանալ այլ ռասաների ներկայացուցիչների հետ, պետք է պատրաստ լինեն անընդհատ պայքարի:
Սեւամորթներին, բնականաբար, ոչ ոք հայերին նմանեցնել չի կարող, նույնիսկ եթե նրանց անձնագրում գրված լինի` «ՀՀ քաղաքացի»: Եվ քանի դեռ հայերը հազվադեպ են Երեւանի փողոցներում սեւամորթների հանդիպում, հետեւաբար չեն կարող ճիշտ պատկերացում կազմել նրանց բարքերի եւ կյանքի մասին:
«Ես իմ երեխաներին քրիստոնեական ոգով եմ դաստիարակում, ասում եմ, որ բոլոր մարդիկ, անկախ իրենց մաշկի գույնից եւ դավանանքից, հավասար են»,- ասում է երիտասարդ հայուհի Աննան, ով ապրելով Հայաստանի մայրաքաղաք Երեւանում` ամեն օր պայքարում է, որպեսզի իր երկու սեւամորթ որդիները` Ջոզեֆն ու Ջեյմսը փողոցում, մանկապարտեզում եւ տրանսպորտում ընդգծված ուշադրության եւ վիրավորանքների չհանդիպեն: Երկու այս սեւամորթ տղաների կյանքում վիրավորական դեպքեր շատ են լինում: Սեւամորթներին փողոցում հանդիպելը, այն էլ՝ սպիտակ մաշկի գույն ունեցող մայրիկի հետ, հայերի համար արտառոց երեւույթ է: Անցորդները նրանց մատնացույց են անում, հաճախ էլ՝ արհամարհական բառեր են հնչում մոր հասցեին:
«Երբ իմ երեխաներին ասում են` «նեգր», ես ուղղակի կատաղությունից պայթում եմ: Ի՞նչ է նշանակում «նեգր» բառը: Դա ստրուկ է, ճորտ: Իսկ դուք ի՞նչ կպատասխանեիք, եթե ձեր երեխաներին ասեին` ճորտ, արի այստեղ»,- Աննան արդեն տասը տարի նման մարտական կեցվածք ունի: Նրա դեմքին ծայրաստիճան հոգնածություն կա:
Իսկ Աննայի ամուսինը` սեւամորթ Մայքլը, ավելի զգույշ է: Նա չի սիրում խոսել իր հոգեբանական խնդիրների մասին, պարզապես նշում է. «Երեւանում ինձ անհարմարավետ եմ զգում»: Նա ուզում է առաջին իսկ առիթն օգտագործել եւ հեռանալ Երեւանից՝ հասկանալով, որ իր երեխաներն անորոշ ապագա կունենան մի երկրում, որտեղ սեւամորթներին, այսպես ասած, կարելի է մատների վրա հաշվել։
Թեեւ Մայքլը հաջող բիզնես ունի (իր սեփական ինտերնետ-սրճարանն է բացել), այնուամենայնիվ, նա լիարժեքորեն չի կարողացել ինտեգրվել հայ հասարակության մեջ: Մայքլն առաջին սեւամորթն է, ով պաշտոնապես ամուսնացել է հայ կնոջ հետ: Դա տեղի է ունեցել դեռեւս 9 տարի առաջ: Այս տարիների ընթացքում նա միայն մի քանի հայերեն բառակապակցություն է սովորել եւ հաճախորդների հետ հիմնականում շփվում է իր օգնականների շնորհիվ։ Նա շատ ներփակված անձնավորություն է, իր վրա սեւեռված եւ ուսումնասիրող հայացքով նայող մարդկանց հաճախ ագրեսիվ պատասխաններ է տալիս կամ էլ կտրուկ ընդհատում է զրույցը:
Մայքլի հիմնական ընկերները հենց սեւամորթներն են, որոնք Երեւան են ժամանում աշխատանքի բերումով կամ սովորելու նպատակով։ Նրա ինտերնետ ակումբում միշտ կարելի է մի քանի սեւամորթների հանդիպել։
ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշում է, որ Հայաստանում էթնիկ հայերը Հայաստանի բնակչության 97.8%-ն են կազմում:
«Արտաքնապես հայերից տարբերվող մարդկանց Հայաստանում լարված հետաքրքրասիրությամբ են նայում: Մաշկի գույնով կամ արտաքին տեսքով տարբերվող մարդը փորձում է Հայաստանի սովորական քաղաքացու պես ապրել, սակայն հասարակական ակտիվ ուշադրությունը նրա կյանքը հանրային է դարձնում»,- ասում է Հրանուշ Խառատյանը:
Հ. Խառատյանը նաեւ նշում է, որ էթնիկական օտար էլեմենտները 10-րդ դարից սկսած մշտապես նվաճողի կամ զավթողի կարգավիճակով են հայտնվել Հայաստանում: Եվ հայերը՝ ձգտելով իրենց ինքնությունը պահպանել, չեն խրախուսել խառնամուսնությունները։ Նման մոտեցումը պահպանվում է նաեւ հայկական Սփյուռքում, որի գոյությունը շատերը հայկական դաստիարակությամբ եւ ազգերն իրար չխառնելու պայմանով են բացատրում։
Այդ հոգեբանական վիճակը Հրանուշ Խառատյանը որպես «չձեւակերպված տագնապ» է բնորոշում: «Հայերը շատ խաղաղ, հյուրասեր եւ բարյացակամ ժողովուրդ են, սակայն պատմականորեն ձեւավորված եւ գենետիկորեն փոխանցվող ազգի միասնության գաղափարը նրանք ազգի մաքրության հետ են կապում: Հայ ազգը կոտրելու, այլ ազգերի հետ ձուլելու փորձեր շատ են եղել, այդ պատճառով էլ հայերը վախենում են, որ մի օր իրենց երկրում բնակություն հաստատած օտարերկրացիները Հայաստանի տերը կդառնան»,- ասում է Հրանուշ Խառատյանը:
Վիճակագրական տվյալները վկայում են, որ 2005 թվականի հունվարից մինչ 2006 թվականի հունիսը Հայաստանում գրանցվել է 20.000 ամուսնություն, որից 864-ը միություններն են այլ պետությունների հպատակների հետ:
«Սեւամորթների հետ ամուսնացող կանանց ես մեր թշնամին եմ համարում, նրանք մեր ազգը փչացնում են։ Հայի արյունը չպիտի սեւերի արյան հետ խառնվի։ Եթե ամուսնանում են օտարների հետ, թող գոնե սպիտակ մաշկի գույն ունեցողի ընտրեն»,- սա միջին տարիքի, բարձրագույն կրթություն ունեցող եւ կայուն աշխատավարձ ստացող հայ տղամարդու կարծիքն է, որի հետ շատ հայեր են համաձայնում։ Երեւանի փողոցում անցկացրած մեր հարցախույզը ցույց տվեց՝ ոչ ոք սեւամորթներին, որպես իրենց ընկեր կամ հարեւան` տեսնել չի ցանկանում։
«Կարծում եմ, որ օտարերկրացիներն անպայման պրոբլեմներ կունենան Հայաստանում: Մեր պետությունը ներգաղթի ակտիվ քաղաքականություն չի վարում, չունի աշխատուժ բերելու կամ ծնելիությունը բարձրացնելու խնդիրներ: Մեզ մոտ աշխատուժի պակաս չկա, նույնիսկ աշխատուժի ավելցուկ է նկատվում»,- ասում է Հրանուշ Խառատյանը:
Սուդանցի Մուրտադան, իր ասելով, Հայաստան որպես զբոսաշրջիկ է եկել: 9 տարի առաջ ամուսնանալով հայուհի Նաիրայի հետ` որոշել է Երեւանում հաստատվել: Թե՛ Մուրտադան եւ թե՛ Մայքլը Հայաստանում մնալու գլխավոր պատճառը զգացմունքը՝ սերն են համարում։ Այժմ մասնագիտությամբ տնտեսագետ Մուրտադան որպես վարորդ է աշխատում:
«Ինձ համար մարդկանց չափազանց ուշադրությունը էական չէ, ես Մուրտադայի համար եմ մտահոգվում։ Ախր նա շատ նրբազգաց է։ Ասում է՝ ես չեմ զգում, որ այստեղ բոլորը հավասար են։ Մեր պրոբլեմը նրա մաշկի սեւությունն է»,- ասում է կինը՝ Նաիրան։
Երկար տարիներ միջէթնիկական ամուսնություններն ուսումնասիրած հոգեբան Վլադիմիր Միքայելյանը վստահ է, որ «հայերն ամենահանդուրժող, տոլերանտ ժողովուրդներից մեկն են»: «Մենք համերաշխ ապրում ենք նույնիսկ այն ազգերի հետ, որոնք դարեր շարունակ բնաջնջել են մեզ»,- ասում է նա:
Ազգությամբ կորեացի Միրան` իր հայ ամուսնու՝ Աշոտի հետ բազմազգ Մոսկվայից Երեւան տեղափոխվեց եւ զգաց, որ հայերը շատ ջերմ ու բարյացակամ ժողովուրդ են։ Լավ կրթություն ստացած եւ ճանաչված նկարիչների այս ընտանիքը ոչ մի լուրջ բախման չի հանդիպել։ «Մենք մի քանի տարի ընտանիքով Վրաստանում ենք ապրել: Այնտեղ հոգեբանորեն ավելի դժվար էր, վրացիներն ազգային կոնֆլիկտների սովոր են եւ ավելի մեծ թշնամությամբ էին ինձ վերաբերվում, հաճախ վիրավորում էին, իսկ Հայաստանում մարդիկ ավելի ջերմ ու բաց են»,- ասում է Միրան, ում որդիներից մեկը՝ Վիգենը, պատրաստվում է բարձրագույն կրթություն ստանալ եւ ապրել Հայաստանում։ Իսկ Միրայի ամուսինը՝ Աշոտը համարում է, որ Հայաստանը՝ օտարներին չընդունելով՝ մեկուսանում է. «Որքան երկիրը զարգացած է, այնքան լավ է օտարերկրացիներին վերաբերվում, իսկ թույլ զարգացած երկրներն օտարների առաջ պատնեշներ են դնում»։ Սակայն Աշոտը հասկանում է, որ իր ընտանիքի խնդիրները չեն կարող սեւամորթ անդամներ ունեցող ընտանիքների հետ համեմատվել. «Փոքր տարածքում սեւամորթները պահանջարկ ունենալ չեն կարող»։
«Մենք սեւամորթների, չինացիների եւ կորեացիների հետ համատեղ պատմական անցյալ չունենք, եւ մեր դիրքորոշումը չի կարող օբյեկտիվ լինել: Արաբների, թուրքերի, իրանցիների կենցաղն ու բարքերը լավ ենք ճանաչում: Իսկ սեւամորթների մասին պատկերացում ենք կազմում մասս-մեդիայից եւ նրանց այնպիսի հատկանիշներ ենք վերագրում, որոնք մեզ ուրիշների պատկերացումն է ներշնչել: Ժամանակ եւ համատեղ պատմություն է պետք, որպեսզի հայերը սովորեն, որ սեւամորթները նույնպես կարող են մեր կենցաղին հարմարվել, հայերեն խոսել եւ հայերի նման ապրել»,- ասում է սոցիոլոգիական հոգեբան Վ. Միքայելյանը: «Եթե Հայաստանը զարգանալ է ուզում, պետք է հասկանա, որ, այսպես թե այնպես, շատ օտարերկրացիներ են գալու: Ամբողջ աշխարհում մեծ քաղաքները` մեգապոլիսները, էթնիկապես շատ խառն են, այդ պրոցեսը կանգնեցնել չի կարելի»,- համոզված է ազգագրագետ, ազգությամբ կալմիկ Էլզա Գուչինովան, որ արդեն 8 տարի Երեւանում է ապրում եւ իր ուսումնասիրություններն է անում մոնոնացիոնալ պետություններ համարվող Հայաստանում եւ Ճապոնիայում:
Եվ նիգերացի Մայքլը, եւ սուդանցի Մուրտադան չեն պատրաստվում մինչեւ կյանքի վերջ Հայաստանում ապրել։ «Ասում են, որ բոլորը հավասար են, բայց ես դա երբեք չեմ զգացել»,- ասում է Մուրտադան: «Ամուսնուս մաշկի գույնը թաքցնել չեմ կարող»,- ցավով նշում է մեր զրուցակից Նաիրան, բայց նաեւ վստահ է, որ իր որդի Բաշիրը Մուրտադայի խնդիրները չի ունենա: Բաշիրը շատ համակրելի եւ հետաքրքրասեր տղա է, պատրաստ է բոլորի հետ զրուցել եւ պատմել, թե ինչ է արել եւ ինչ է կերել մանկապարտեզում։ Բոլոր զրուցակիցներին խնդրում է իր տուն հյուր գալ։ Նա հիանալի խոսում է հայերեն։
«Հայերը շատ երեխասեր ազգ են: Երեխան հայերի համար ազգային հատկանիշների կրող չէ, եւ եթե որեւէ ազգության երեխա հայկական ոգով դաստիարակվի, հայերեն խոսի, հասարակությունը դա շատ նորմալ կընդունի»,- ասում է Վ. Միքայելյանը: Ինտեգրացման նման մի քանի օրինակներ արդեն իսկ կան Հայաստանում: Սեւ մաշկի գույն ունեցող երիտասարդ Հրանտը, ում տարիներ առաջ մի հայ կին՝ տիկին Լարիսան էր որդեգրել, այժմ հանգիստ ապրում է Երեւանում: Նա շատ ընկերներ ունի եւ հաճախ է հեռուստատեսային հոլովակներում նկարահանվում: Այս դեպքում մաշկի արտառոց գույնը նրա առավելությունն է դարձել: Նշենք, որ այժմ Հրանտը ծառայում է Հայաստանի ազգային բանակում:
Հ. Գ. Հոդվածը պատրաստվել էր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR www.iwpr.net) համար, Կովկասյան լրատու # 352
Լուս.` Փիրուզա ԽԱԼԱՓՅԱՆԻ